Եվրակոմիսար Ֆյուլեն կայցելի Կիեւ՝ քննարկելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրագործումը

Ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն մարտի 25-ին երկօրյա այցով կժամանի Կիեւ՝ «քննարկելու Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի իրագործումը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են եվրակոմիսարի մամուլի ծառայությունում: Համաձայնագրի քաղաքական բլոկը, որը մարտի 21-ին Բրյուսելում ստորագրել են ԵՄ-ի երկրների ղեկավարները եւ Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակված Արսենի Յացենյուկը, 21 Էջ Է ներառում1378-ից (առանց հավելվածների ու արձանագրությունների): Դա կազմում Է փաստաթղթի տեքստի ընդհանուր ծավալի ընդամենը 2 տոկոսը:

Եվրոպական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի մնացած ջաժինները, որոնք պլանավորվում Է ստորագրել մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, նվիրված են Եվրոպայի առեւտրական օրենսդրությունը պահպանելու Ուկրաինայի պարտավորություններին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները եւ Եվրամիության նախագահը Հաագայում մեկնարկող միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի շրջանակներում մարտի 24-ին կքննարկեն միասնական դիրքորոշումը Ուկրաինայի եւ Ղրիմի իրադրության նկատմամբ:

«Յոթնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա) արտահերթ հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Նա գործընկերներին առաջարկել է Ուկրաինայի իրադրությունը քննարկել «Յոթի խմբի» ձեւաչափով, որը պարբերաբար այդ կազմով հանդիպումներ է անցկացնում, չնայած այն բանին, որ 1998 թվականից նրանց միացել է Ռուսաստանը՝ ձեւավորելով G8-ը:

Արեւմտյան ԶԼՄ-ներն սպասում են, որ «յոթնյակի» ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի դեմ համատեղ պատժամիջոցները: Ավելի վաղ G7-ի երկրները հայտարարել են Սոչիում G8-ի հունիսյան գագաթնաժողովի անցկացման նախապատրաստումը կասեցնելու մասին: Այժմ, ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, «Ութի խմբից» Ռուսաստանը բացառելու հարց է դրված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում