Աշոտյանն առաջարկեց «ֆեյքերի» մասին նախագծի քննարկումներին հրավիրել նաև Օբամային և Հռոմի պապին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ սիրով պատրաստ է մասնակցել մարտի 31-ին Ազգային ժողովում կայանալիք խորհրդարանական լսումներին «ֆեյքերի» մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակ ցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շեղվեց թեմայից և Արմեն Աշոտյանին առաջարկեց մասնակցել մարտի 31-ին ֆեյքերի մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանում կազմակերպվող լսումներին: «Դուք որպես սոցիալական կայքերում ակտիվ քաղաքական գործիչ և ֆեյքերի հարցերով մասնագետ, կարող եք գալ և մասնակցել այդ լսումներին, քանի որ Ձեր փորձը կարող է օգտակար լինել այդ քննարկումների ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:Աշոտյանն էլ իր հերթին նշեց, որ սիրով պատրաստ է մասնակցել այդ քննարկումներին: «Եթե հրավեր ստանամ, անպայման կմասնակցեմ, ակտիվորեն կմասնակցեմ քննարկումներին և կփորձեմ օգտակար լինել»,- ասաց Աշոտյանը:

Նախարարը նաև ընդգծեց, որ կարող է այլ հայտնի մարդկանց մասին հիշեցնել, ովքեր շատ ակտիվ են սոցիալական ցանցերում: «Օրինակ սոցիալական կայքերում շատ ակտիվ է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, Հռոմի Պապը: Կարող եք նրանց էլ հրավիրել, կարծում եմ իրենց փորձով նրանք ևս կկարողանան օգտակար լինել»,- ասաց Աշոտյանը:

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիական օրենասգրքում փոփոծխություններ և լրացումներ կաստարելու մասին օրենքի նախագիծը, որով լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ: Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:

Նախագիծը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բազմաթիվ քննարկումների առիթ տվեց: Մարտի 31-ին Ազգային ժողովում նախագծի վերաբերյալ կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում