Դաղստանում սպանված հրոսակախմբի ղեկավարը Ադրբեջանի քաղաքացի է

Դաղստանում անցկացված հատուկ գործողության ընթացքում սպանված «Խասավյուրտի հրոսակախմբի» 26-ամյա ղեկավար Թուրալ Աթաեւը Ադրբեջանի քաղաքացի է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա ծնվել է Ադրբեջանի Բելոքանի շրջանի Մահամալար գյուղում: Մի քանի տարի առաջ միացել է արմատական կրոնական խմբավորմանը եւ հեռացել Ադրբեջանից: Զինված խմբավորման անդամների մեջ նա հայտնի էր «Յախյա» մականունով:

Դաղստանի ՆԳՆ եւ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Խասավյուրտի շրջանի Պերվոմայսկ գյուղի տներից մեկում հայտնաբերել են զինված խմբավորման անդամներին: Բնակիչներին տարհանելուց հետո իրավապահները զինյալներին առաջարկել են վայր դնել զենքը եւ հանձնվել: Ի պատասխան’ նրանք ավտոմատներից կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Հատուկ գործողության ընթացքւմ 5 մարտիկ չեզոքացվել են: Նրանց ինքնությունը պարզվել է: Խմբի ղեկավար, Ադրբեջանի քաղաքացի Թուրալ Աթաեւը անցյալ դեկտեմբերին Պյատիգորսկում իրականացված եւ բազմաթիվ մարդկանց կյանք խլած ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում