Բուտաֆորիկ արձագանքներ ԲՀԿ-ից

Պարզվում է, որ ազարտային խաղերի ոլորտում առկա մենաշնորհի խնդրին ֆինանսների նախարարի անդրադարձը հունից հանել է ԲՀԿ պատգամավորներին: Մասնավորապես, Ստեփան Մարգարյանը հորդորում է նախարարին «չափերի մեջ մնալ և չխառնվել մեծերի գործերին», իսկ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ստանալով «մտքի փայլատակման» հերթական հնարավորությունը, շեշտում է, թե «կենտրոնական բանկում տարիներ առաջ կարիերիստական մկրտություն ստացած այժմյան ֆինանսների նախարարը ևս չի խուսափի պատասխանատվությունից»: Ուրիխանյանը չի մոռամանում նաև մոտրոսվյան ոգով լծվելու ծառուկյանական մենաշնորհների պաշտպանության գործին՝ նախարարի անդրադարձը որակելով որպես «կազինոների մասին անհեթեթ խոսակցություն», ինչը նպատակ ունի «բացարձակապես այլ ոլորտում օրինական դաշտում մի մարդու սեփական երկրում կատարած ահռելի ներդրման» երևույթի շահարկաման միջոցով շեղել հանրության ուշադրությունը այլ խնդիրներից:

Որոշ նկատառումներ.

1. Ի՞նչ է նշանակում «չափերի մեջ մնալ» և «չխառնվել մեծերի գործերին»: Ի՞նչ ի նկատի ունի ԲՀԿ-ական Ստեփանյանը: Պատգամավորն է որոշու՞մ նախարարի «չափերի մեջ մնալու» հարցը, թե՞ սա յուր կուսակցության ուժերի գերագնահատման հերթական դրսևորումն է: Չմոռանանք, որ առավոտից իրիկուն «կես միլիոն իրական» ձայների մասին «զահլա տանողները» վախեցան անգամ մասնակցել մեր երկրի գլխավոր քաղաքական ստուգատեսին՝ նախագահական ընտրությանը: Չմոռանանք նաև հոխորտացող, այլոց չափերի մասին խոսացող պատգամավորի կուսակցության առաջնորդի «ինձանից ի՞նչ ընդդիմություն» հայտնի ձևակերպումն ու ընդդիմություն եզրույթից բառի բուն իմաստով փախչելը: Իսկ որո՞նք են «մեծերի գործերը», և ինչու՞ չպետք է դրանց խառնվել: Մենաշնորհնե՞րն են, թե՞ «նախագահ ջան» բառակապակցությունը շուտասելուկի վերածած խնդրանքների արդյունքում ստացված բիզնես հնարավորությունները: Իհարկե, ոմանց պատկերացրած Հայաստանում ամեն բանից չէ, որ կարելի է բարձրաձայն խոսել, բայց փառք Աստծո, որ այդ ոմանքն այսօր իշխանություն չեն և չեն որոշում խաղի կանոնները, հակառակ դեպքում՝ վերադառնալու էինք թիկնապահների բռունցքներով բերանփակոցու ժամանակներին:

2. Չի կարելի չհամաձայնվել ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հետ: Այո, պատասխան տալու ժամանակը գալու է: Այստեղ կա երկաթյա տրամաբանություն: Եթե ոչ դատարանի, ապա պատմության դատաստանից դեռ ոչ մեկը չի խուսափել: Խնդիրն այն է, թե ո՞վ և ինչի՞ համար պետք է պատասխան տա. ֆինանսների նախարարը՞, թե՞ սպեկուլյանտներից բիզնեսմեն, այնուհետև՝ օլիգարխ դարձածները, որ մեր օրերում խեղճացած մարդ են փնտրում՝ մի քանի կոպեկի լավություն անելու և անդ ֆոնին հեռուստացույցով երևալու, էժան վարկանիշ ձեռք բերելու համար: Ի դեպ, ֆինանսների նախարարը մասնագիտությամբ տնտեսագետ է: Բուհն ավարտելուց հետո մինչ օրս զբաղվում է մասնագիտական գործունեությամբ, իսկ կարիերիզմն ընտրած մասնագիտության մեջ չկայացվածությունն ու հանուն հանապազօրյա հացի կուսակցությունից կուսակցություն թռնելու ճանապարհով ինչ-ինչ դիրքերի հասնելու երևույթն է:

3. Իսկ ինչ վերաբերվում է կազինոների ոլորտում «ահռելի ներդրմանը», ապա դա ոչ մեկի աչքը մտցնելու կարիք չկա: «Ահռելի ներդրումներ» պետք է արվեն ավելի բարոյական ոլորտներում, որ հետո նոր մեծ-մեծ խոսելու իրավունք ստանան: Ի վերջո, մի մենաշնորհ էլ կարելի է կազմակերպել «գիշերային ակումբների» համար՝ բուրգեր կառուցել Երևանի շրջակայքում, Ուկրաինայից պարուհնիներ հրավիրել (Ուկրաինայում տնտեսական վիճակը օր-օրի վատանում է, էժան կստացվի), արգելել մայրաքաղաքում «գիշերային ակումբների» բիզնեսն ու ողջ արատավոր հասույթն ուղղել ինչ-որ օլիգարխի գրպանը: Կարելի է նաև օրինականացնել որոշ թմրանյութերի վաճառքը, սակայն մի պարտադիր պայմանով՝ մորֆլոտի բոլոր ներկայացուցիչներն ու ուռչիկները պետք է օրինական դաշտում գործեն, իրենց հաճույքների համար փող ծախսեն միայն մեկ վայրում՝ ասենք կանեփի տերևի դիզայնով կառուցված գրանդիոզ համալիրում: Ի՞նչ կա որ, համ նոր մենաշնորհ կլինի՝ հսկայական եկամտով, համ էլ հնարավոր կլինի դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել «օրինական դաշտում մի մարդու սեփական երկրում կատարած ահռելի ներդրման» մասին…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ 
Facebook
 սոցիալական ցանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում