ՕԵԿ-ը չի շտապում մեկնաբանել կոալիցիայից դուրս գալու մասին լուրերը

ՕԵԿ-ը չի շտապում մեկնաբանել կոալիցիայից դուրս գալու մասին լուրերը

«Օրինաց երկիր» կուսակցությունը չի շտապում մեկնաբանել շրջանառվող լուրերն այն մասին, որ կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը չցանկացավ մեկնաբանել կոալիցիան լքելու մասին լուրերը՝ ընդգծելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: «Մինչև քաղաքական խորհրդի նիստը ես զերծ կմնամ որևէ այլ մեկնաբանություն անելուց: Կլինի նիստ, կքննարկվեն խնդիրները, որից հետո անպայման կարվի համապատասխան հայտարարություն»,-ասաց Միսակյանը:

Նա նշեց, որ երկրում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, որը պետք է քննարկումների առարկա դառնա, ինչպես նաև պետք է քննարկվի կուսակցության քաղաքական դիրքորոշումը ստեղծված իրավիճակում:

ՕԵԿ Քաղխորհրդի նիստը փակ է լինելու լրատվամիջոցների համար, իսկ ժամի վերաբերյալ հստակ տեղեկատվություն այս պահին չկա: Մամուլում արդեն սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ՕԵԿ-ը պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից:

«Օրինաց երկիր»-ը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ 2013թ. կոալիցիոն կառավարություն է ձեւավորել’ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: 2014թ. ապրիլի 3-ին, սակայն, Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, իսկ ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով Ազգային ժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Իշխող կուսակցությունը չի բացառել կոալիցիոն նոր կառավարության ձեւավորումը նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներգրավմամբ: Սահմանադրության համաձայն’ կառավարությունը կձեւավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում