Ավագ Հինգշաբթի. օրվա խորհուրդն ու ժամակարգը

Ավագ Հինգշաբթի. օրվա խորհուրդն ու ժամակարգը

Ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, որ Ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների թվով ձու ներկել և ուտել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Ավագ Հինգշաբթի՝ ապրիլի 17-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է բաց Ս.Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի, որի ժամանակ Հիսուս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը՝ գինին որպես Հիսուսի Արյուն և հացը որպես Հիսուսի Մարմին: Այս Պատարագից հետո հավատացյալները կարող են Ս. Հաղորդություն ստանալ:

ժ 16.30-ին կատարվում է Ոտնլվայի կարգ, որի ժամանակ եկեղեցու ավագ հոգևորականը լվանում է հավատացյալների ոտքերը՝ ի հիշատակ Հիսուսի՝ աշակերտների ոտքերի լվացման: Այն խոնարհության կոչ է, որ ինչպես Աստվածորդին խոնարհվեց ու լվաց իր աշակերտների ոտքերը, այնպես էլ յուրաքանչյուրս համբերատարությամբ ու սիրով լցվենք մեզ շրջապատող մարդկանց ու մերձավորների հանեպ: Այսօր օրհնվում և բաժանվում է նաև յուղը:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ժ. 19.00-ին, երբ ըստ եկեղեցական օրացույցի օրը փոխվում է, սկսվում է Խավարման գիշերը՝ ի հիշատակ Հիսուսի՝ Գեթսեմանի այգում արած աղոթքի, Հուդայի կողմից համբույրով կատարված մատնության, բանտարկության դատավարության ու չարչարանքների:
Արարողության ժամանակ խորանի վրա վառվում է 12 փոքր և մեկ մեծ մոմ, որը դրվում է կենտրոնում: Ավետարանական ընթերցումներին զուգահեռ աստիճանաբար հանգցնում են մոմերը: Վերջում մնում է միայն կենտրոնի վառված մեծ մոմը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում