Քերին ու Լավրովը կրկին քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Քերին ու Լավրովը կրկին քննարկել են ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոոսազրույցում քննարկել են ուկրաինական ճգնաժամն ու հետագա ողբերգությունների կանխարգելումը: Սա Ժնեում տեղի ունեցած’ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ գագաթնաժողովից հետո երկու գերտերությունների արտաքին գործերի նախարարների առաջին զրույցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է անհապաղ իրականացնեն Ժնեւում կատարված հայտարարության դրույթները: Լավրովը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վերջ դնի բռնությունների գործադրմանն ու խաղաղ երկխոսության ճանապարհով սկիզբ դնի նոր Սահմանադրության ընդունմանը, որին պետք է մասնակցեն երկրի բոլոր հատվածների հիմնական քաղաքական ուժերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն ու կապ պահպանել՝ նպատակ ունենալով իրենց գ ործողություններով կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ապրիլի 17-ին, Ժնեում, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունվել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթուղթը պահանջում է, որ կողմերը պետք է հրաժարվեն բռնության գործադրումից կամ սադրիչ գործողություններից: Միաժամանակ, չորս պետությունների ներկայացուցիչները քննադատել են երկրում ռասիզմի, կրոնական անհանդուրժողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում