Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3,3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 3,3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-մարտին 3,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանու մ շինարարության ոլորտում արձանագրված անկումից հետո առաջին անգամ նախորդ երկու ամիսներին արձանագրված աճը պահպանվել է’ կազմելով 100,7 տոկոս (39 միլիարդ 813, 1 միլիոն): Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները, որոնք հունվար-փետրվարին նվազել էին, կրկին աճել են: Էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերական արտադրության բնագավառներում անկումը պահպանվել է:

2013թ. հունվար-մարտի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 3,5 տոկոսով և կազմել 234 միլիարդ 481,5 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5,2 տոկոսով’ կազմելով 68 միլիարդ 498 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 4,5 տոկոսով և կազմել 449 մլրդ 848,1 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը’ 274 միլիարդ 356,1 միլիոն դրամ, 2,8 տոկոսով զիջել է 2013թ. հունվար-մարտի ցուցանիշը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 տոկոսով (2 միլիարդ 095,4 մլն կՎտ.ժ), միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով (157 հազար 345 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-մարտի համեմատ աճել է 0,6 տոկոսով (1 միլիարդ 322,5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում’ արտահանումն աճել է 1,8 տոկոսով (348 մլն դոլար), իսկ ներմուծումը’ 0,2 տոկոսով (947,5 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտին եղել է 411,04: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում