ԲՀԿ-ն դրական է գնահատում կուտակայինի հարցով ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկումը

ԲՀԿ-ն դրական է գնահատում կուտակայինի հարցով ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկումը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դրական է գնահատում ՀՀ նորանշանակ վարչապետի հետ ավարտված հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: «Հանդիպման հիմնական առանցքը պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժերի կիրառման կասեցումն էր: Ես կարծում եմ, որ առաջիկայում համապատասխան նախագիծը կհաստատվի կառավարության նիստում և կընդգրկվի Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում ԲՀԿ-ն ներկայացրել է օրենքի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ես և Նաիրա Զոհրաբյանը նշել ենք, որ մեր մոտեցումներն անփոփոխ են, այսինքն՝ պարտադիր բաղադրիչը միանշանակ պետք է կասեցվի և հանվի: Մենք դեմ չենք կենսաթոշակային բարեփոխումներին, սակայն պարտադիր բաղադրիչին մենք դեմ ենք»,- ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ սպասելու են օրենքի վերաբերյալ կառավարության առաջարկներին: Նրա խոսքով՝ հարկավոր է տեսնել, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում կենսաթոշակային բարեփոխումների մոդելը, որը պետք է համապատասխանի և Սահմանադրաիկան դատարանի որոշմանը, ինչպես նաև հաշվի առնի «Դեմ եմ» շարժման և քաղաքական ուժերի հարցադրումները: «Այս պահին մենք չէինք կարող հստակ պատասխան ակնկալել կառավարությունից: Կառավարությունն էլ ժամանակ խնդրեց, որպեսզի իրավիճակը վերագնահատի և չանի քայլեր, որոնք հետո էլի վերանայման կարիք ունենան»,- ասաց ? ?ա՝ ընդգծելով, որ ապագայի վերաբերյալ հարցեր պետք է ճշտել նաև ֆոնդերի կառավարիչների հետ, որոնց հետ կառավարությունը պայմանագրեր ունի:

ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն’ Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

Իսկ ապրիլի 18-ին ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլ ի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում