Վիսենտե դել Բոսկեն զգուշացնում է Կոստային և Ֆաբրեգասին

Վիսենտե դել Բոսկեն զգուշացնում է Կոստային և Ֆաբրեգասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառում, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան և կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կկորցնեն իրենց տեղն ազգային ընտրանու կազմում:

Այս ֆուտբոլիստները հրաժարվել են ընդգրկվել Իսպանիայի հավաքականի` Բելառուսի հետ ընտրական և Գերմանիայի հետ ընկերական խաղերի հայտացուցակում` պատճառաբանելով, որ վնասվածքներ ունեն, սակայն իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Կոստան և Ֆաբրեգասը պարզապես չեն ցանկանում հավելյալ ծանրաբեռնվածության ենթարկվել:

«Հնարավոր է` երբ Ֆաբրեգասը և Կոստան վերադառնան հավաքական, նրանց դիրքերում արդեն այլ ֆուտբոլիստներ լինեն: Ես չեմ սպառնում, սա իրականությունն է: Իմ աշխատանքը և պատասխանատվությունը պարտավորում են միշտ գտնել իսպանական ֆուտբոլի համար լավագույն լուծումները»,-դել Բոսկեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Բելառուսի հետ խաղում Իսպանիան 3:0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Գերմանիայի հետ ընկերական հանդիպումը կայանալու է նոյեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում