Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշար. Հայտնի են առաջին օրվա հաղթողները

Այսօր «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի պատմության երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին:
Մրցումների առաջին օրը ռինգ դուրս եկան 49 կգ , 60 կգ ,75 կգ, 81 կգ, 91 կգ, և +91 կգ քաշային կարգերի մարզիկները: 49 կգ քաշային կարգում գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Գևորգ Թովմասյանի նկատմամբ: Նոկաուտ գրանցվեց նաև 60 կգ քաշային կարգում. Արամ Ավագյան- Ժորա Համազարյան մենամարտում գյումրեցի Ժորա Համազարյանի հարվածը մի պահ ցնցեց Ավագյանին, և մրցավարները վտանգի տակ չդնելով Ավագյանի առողջությունը կանգնեցրին մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Ժորա Համազարյանին:
60 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին Հայաստանի չեմպիոն Արթուր Վարդանյանը, ինչպես նաև Սամվել Բարսեղյանն ու Արթուր Ներսիսյանը:
75 կգ քաշային կարգում իր բարձր կարգը հաստատեց Հայաստանի չեմպիոն գյումրեցի Արման Հովհիկյանը: Վանաձորը ներկայացնող Արայիկ Հարությունյանն ընդամենը մեկ ռաունդ դիմակայեց Հովհիկյանին: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեց նաև մեկ այլ գյումրեցի Գագիկ Բոյանը, ով առավելության հասավ Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ: Իր հերթին վանաձորցի Արթուր Սարգսյանը հաղթեց Գոռ Ջևելիկյանին, իսկ 75 կգ քաշային կարգի վերջին մենամարտում «Հայաստան» մարզական միության սան Արեստակ Ալոյանը պարտության մատնեց Խաչատուր Նազարյանին։
81 կգ քաշային կարգում դժվարին հաղթանակ տոնեց Հայաստանի հավաքականի անդամ Նիկոլ Արությունովը, ով համառ պայքարում առավելության հասավ Աղասի Էլիզբարյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հետաքրքիր մենամարտ ստացվեց Վազգեն Շահվերդյան – Գոռ Հակոբյան դիմակայությունում: Ի վերջո, համառ պայքարում հաղթեց Լոռին ներկայացնող Վազգեն Շահվերդյանը:
81 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց նաև Արարատի մարզադպրոցի սան Արարատ Ջավադյանը: 91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը հաղթեց Կարեն Հակոբյանին : Գերծանր քաշային կարգում ուժեղ գտնվեց Նարեկ Մելքոնյանը:
Հավելենք՝ վաղը ՝ մրցումային երկրորդ օրը, ,ռինգ դուրս կգան 52 կգ, 56 կգ , 64 կգ, և 69 կգ քաշային կարգի մարզիկները: Մրցումների սկիզբը ՝14:00-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում