Աստղը Սերբիայից` Նովակ Ջոկովիչ

Նովակ Ջոկովիչը 2014 թվականի արդյունքներով համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջին թենիսիստն է: Լոնդոնում կայացած ATP ամփոփիչ մրցաշարի եզրափակիչը չկայացավ Ռոջեր Ֆեդերերի վնասվածքի պատճառով, սակայն նախքան եզրափակիչն էլ Նովակը հիանալի թենիս էր ցուցադրում և Ֆեդերերին հաղթելու իրական հնարավորություններ ուներ: Նովակ Ջոկովիչի վերջին հաջողություններն առիթ են հայացք նետելու նրա անցած ճանապարհին:

Ջոկովիչն այն թենիսիստներից է, ովքեր ազատ շարժվում են կորտում, կարողանում են ագրեսիվ խաղալ ուսով ու տիրապետում են ելակետային, խորը, սուր հարվածների: Այս ամենին, սակայն, մեկ օրում կամ մեկ մարզումով չես հասնի…

Մեր օրերի համար առաջին թենիսիստը ծնվել է Բելգրադում, 1987 թվականի մայիսի 22-ին: Ծնողները` Սրջանն ու Դիանան բացի Նովակից ևս երկու որդի ունեն` Մարկոն և Ջորջեն, ովքեր ևս պրոֆեսիոնալ թենիսով են զբաղվում:

Ջոկովիչը սկսել է թենիս խաղալ 4 տարեկանից: 1993-ին, երբ Նովակն ընդամենը 6 տարեկան էր, նրան նկատեց հարավսլավացի լեգենդ Ելենա Գենչիկը: Զույգը համագործակցեց 6 տարի, որից հետո պարզ դարձավ` ապագա աստղը կարիերան շարունակելու համար պետք է արտասահման: 1999-ին 12-ամյա Ջոկովիչը տեղափոխվեց Գերմանիա: Օբերշլայսհայմեում Նովակն անցկացրեց 4 տարի: 14 տարեկանում սերբ դեռահասն առաջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն մենապայքարում, զուգախաղում և թիմային պայքարում:

2003 թվականը շրջադարձային էր Նովակ Ջոկովիչի կարիերայում. նա սկսեց հանդես գալ ATP-ի «ITF Futures» մրցաշարերում: 2004-ին նա արդեն 2 հաղթանակ ուներ այդ մրցաշարերում: 2005-ին Նովակի կարիերայում նոր առաջընթաց է նկատվեց: Նա առաջին անգամ մասնակցեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի. դեբյուտը կայացավ Ավստրալիայի Բաց առաջնությունում, իսկ հետո` Ֆրանսիայի Բաց առաջնությունում նա հասավ մինչև երկրորդ տուր: Նույն տարում «Ուիմբլդոնի» մրցաշարի երրորդ տուրում հայտնվելը Ջոկովիչին թույլ տվեց մտնել վարկանիշային աղյուսակի լավագույն հարյուրյակ: ԱՄՆ-ի Բաց առաջնությունում նա կարողացավ հասնել կրկին մինչև երրորդ տուր: Միայն 2006-ի փետրվարին սերբ թենիսիստը կոտրեց սառույցն ու հայտնվեց ATP մրցաշարերի կիսաեզրափակչում: Դա տեղի ունեցավ Զագրեբի մրցաշարում: 2006 թվականը Նովակը եզրափակեց համաշխարհային վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականում:
Սրանք Նովակի առաջին պորֆեսիոնալ քայլերն էին, որոնց հաջորդեց փառքի ճանապարհը:

«Մեծ սաղավարտում» Նովակի առաջին մեծ ձեռքբերումը 2007 թվականի ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ փուլն էր, որտեղ 6-7(4), 6-7(2), 4-6 հաշվով նա պարտվեց Ռոջեր Ֆեդերերին: Այդ տարի Նովակը 3-րդն էր համաշխարհային վարկանիշային աղյուսակում:
2008-ի կարևոր հաղթանակներից էին «Indian Wells Masters»-ը, Հռոմի մրցաշարը, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: 2009-ին Ջոկովիչի հաղթարշավը շարունակվեց. Պեկինի մրցաշարի եզրափակչում նա 6-2, 7-6(4) հաշվով հաղթեց Մարին Չիլիչին: Դրանից հետո փայլեց Փարիզի մասթերսում` եզրափակչում պարտության է մատնելով Գաել Մոնֆիսին: 2009 թվականի ընթացքում Ջոկովիչը 5 տիտղոս նվաճեց ու տարին 3-րդ հորիզոնականում եզրափակեց:

2010 թվականը ևս հաջող դասավորվեց Նովակի համար: Այդ տարին նա եզրափակեց ATP վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Նույն տարում Նովակը Սերբիայի Օլիմպիական կոմիտեի կողմից պարգևատրվեց «Սերբիայի տարվա մարզիկ» տիտղոսով:
2011 թվականը Ջոկովիչի համար սկսվեց Ավստրալիայի Բաց առաջնությունում տոնած հաղթանակով: Նույն տարում Նովակն առաջին անգամ դուրս է եկավ «Ուիմբլդոնի» եզրափակիչ, իսկ հուլիսի 4-ին դարձավ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատարը:

Օգոստոսի 30-ին Ջոկովիչը սկսեց մասնակցել «US Open-2011»-ին, իսկ սեպտեմբերի 12-ին կայացած եզրափակչում 6-2, 6-4, 63−7, 6-1 հաշվով հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին և կարիերայում առաջին անգամ վայելեց «US Open»-ի մրցանակակիր լինելու բերկրանքը: Հաջողակ տարին Նովակն ամփոփեց Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարի հաղթանակով: Վերջինս նրան 250.000 ամերիկյան դոլար եկամուտ բերեց:
2012-ի հունվարի 28-ին Նովակը կրկին հաղթեց Ռաֆայել Նադալին` նվաճելով Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ տիտղոսը, իսկ «Ռոլան Գարրոսում» հակառակ պատկերը ստացվեց. Նադալը եզրափակչում ձեռնունայն թողեց Նովակին: Նույն տարվա նոյեմբերի 12-ին Նովակը հաղթեց ATP «World Tour Finals»-ում:
2013-ին Ջոկովիչի հաղթանակների շարքը համալրեց Մոնտե-Կարլոյի մրցաշարի տիտղոսը, սակայն տարին հաջողված համարել հնարավոր չէր: Ջոկովիչը հասնում էր մրցաշարերի եզրափակիչ փուլ և զիջում մրցակիցներին, ինչի արդյունքում նա տարին եզափակեց վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:

Իսկ այս տարին առավել քան հաջողված է Նովակ Ջոկովիչի համար. նա վերադարձավ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական, և, ինչպես երևում է, հեշտությամբ դիրքերը զիջել չի պատրաստվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում