Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրը` թվերով և փաստերով

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրն ամփոփում ենք թվերով և փաստերով:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ, Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ առաջին հորիզոնական` շրջանացելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին (71 գոլ): Մեսսին խփել է դեռևս 74 գոլ, նրան շրջանցելու իրական հնարավորություն ունի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով «Բազելի» դեմ խաղում խփեց այս մրցաշարում իր 71-րդ գոլը:

Մեսսիի` ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում ձևակերպած հեթ-տրիկը նրա համար 5-րդն էր այս մրցաշարում: Նման ցուցանիշի հաջողվել է հասնել դեռևս միայն Լիոնելին: 3-ական անգամ հեթ-տրիկի հեղինակ են դարձել Լուիս Ադրիանոն, Մարիո Գոմեսը, Ֆիլիպո Ինձագին:

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսն անցկացրեց Չեմպիոնների լիգայում իր 145-րդ հանդիպումը, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Երեկ Չավիին կարող էր հավասարվել «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, սակայն «Բազելի» դեմ խաղին Կասիլյասի փոխարեն մասնակցեց Կեյլոր Նավասը:

Շվեյցարիայում հաղթելով «Բազելին»` «Ռեալը» Չեմպիոնների լիգայում տոնեց իր 8-րդ անընդմեջ հաղթանակը: Այս ցուցանիշով ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիան» է` 10 անընդմեջ հաղթանակ, սակայն Կարլո Աչելոտիի թիմն նման տեմպով շարունակելու դեպքում կարող է գերազանցել մյունխենցիների ցուցանիշը:

5-րդ տուրում «Ռեալի», «Բարսելոնայի», «Ատլետիկոյի» և «Ատլետիկի» տոնած հաղթանակներից հետո իսպանական ակումբների` Չեմպիոնների լիգայում վիճակագրությունն առաջընթաց գրանցեց. այս մրցաշարում իսպանական թիմերը հաղթել են 692 խաղերից 348-ում` կեսից ավելին:

«Բավարիայի» և «Բորուսսիայի» պարտություններից հետո «Ռեալը» դարձավ մրցաշարի ընթացիկ խաղարկության միակ թիմը, որը միայն հաղթանակներ է տոնել: Եթե 6-րդ տուրում մադրիդցիները հաղթեն «Լուդոգորեցին», կդառնան մրցաշարի պատմության ընդամենը 6-րդ թիմը, որին հաջողվել է խմբային փուլն ավարտվել 100% ցուցանիշով և առաջին թիմը, որին դա կհաջողվի երկրորդ անգամ (առաջին անգամ` 2011-12թթ. մրցաշրջանում):

0:3 հաշվով «Պորտուին» պարտվելուց հետո ԲԱՏԷ-ն կրկնեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հակառեկորդը: ԲԱՏԷ-ն միացավ Զագրեբի «Դինամոյին» և «Նորդշելլանդին». այս թիմերը խմբային փուլում 22 գոլ են բաց թողել: Ընդ որում` 6-րդ տուրում ԲԱՏԷ-ն, հնարավոր է, «գերազանցի» հակառեկորդը:

ԲԱՏԷ-ի նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ «Պորտուն» դարձավ մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի ամենաարդյունավետ թիմը` 15 գոլ: Սակայն մրցաշարի ռեկորդը կրկնելու համար «դևերը» 6-րդ տուրում պետք է 5 գնդակ ուղարկեն «Շախտյորի» դարպասը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում 20-ական գոլ են խփել «Մանչեսթեր Յունայթեդը» (1998-99թթ. մրցաշրջան), «Բարսելոնան» (2011-12թթ.) և «Ռեալը» (2013-14թթ.):

«Օլիմպիակոսի» դեմ խաղում «Ատլետիկոյի» հարձակվող Մարիո Մանջուկիչը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Մանջուկիչը մադրիդյան թիմի դեռևս միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է այս մրցաշարի 1 խաղում 3 գոլ խփել:

«Շալկե 04»-ի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ` «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին խփեց իր 10-րդ գոլը Չեմպիոնների լիգայում: Մրցաշարին մասնակցած պաշտպաններից ամենաարդյունավետը եղել է Ռոբերտո Կարլոսը` 16 գոլ: Ուշագրավ է, որ բացի Կարլոսից միայն երկու պաշտպանի է հաջողվել 10-ից ավելի գոլ խփել Չեմպիոնների լիգայում. Իվան Էլգերան խփել է 15 գոլ, իսկ Կրիստիան Պանուչչին` 11:

Երեքշաբթի օրը Լիոնել Մեսսին 3 գոլ խփեց ԱՊՕԷԼ-ի դարպասը, իսկ Սերխիո Ագուերոն` «Բավարիայի»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղային օրվա ընթացքում մեկ ազգային հավաքականից երկու ֆուտբոլիստ հեթ-տրիկ է ձևակեպում:

Ֆրանչեսկո Տոտտին գոլի հեղինակ դարձավ ԲԿՄԱ-ի դեմ խաղում և գերազանցեց սեփական ռեկորդը: Տոտտին մրցաշարում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է` 38 տարեկան, 59 օրական:

«Արսենալի» ֆուտբոլիստ Մաթյե Ֆլամինիի և «Ռեալի» պաշտպան Մարսելոյի համար մրցաշարի այս տուրը հոբելյանական էր. նրանք անցկացրեցին Չեմպիոնների լիգայում իրենց 50 խաղերը:

 

 

Տվյալների աղբյուր` ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում