Կոենտրաու. Խայտառակություն կլինի, եթե «Ոսկե գնդակը» չստանա Ռոնալդուն

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն իր մեկնաբանությունն է տվել «Ոսկե գնդակ 2014» մրցանակաբաշխության վերաբերյալ ծավալվող քննարկումների վերաբերյալ: Կոենտրաուն համոզված է, որ մրցանակը պետք է կրկին ստանա Կրիշտիանու Ռոնալդուն, թեպետ շատերը կոչ են անում քվեարկել աշխարհի չեմպիոն դարձած Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների օգտին:

«Նշանակություն չունի այն, որ կոչ են անում քվեարկել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների օգտին: Երբեք այսքան մեծ տարբերություն չի եղել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի և մյուսների միջև: Այն, ինչ տեսել է ամբողջ աշխարհը, չես կարող փոխել: Ինչպես վերջերս մեր մարզիչն ասաց` եկեք քննարկենք, թե հաջորդ տարի ով կստանա «Ոսկե գնդակը», քանի որ այս անգամ այն կարող է ստանալ միայն Կրիշտիանու Ռոնալդուն:

Երբ բարձր պաշտոններ զբաղեցնող և մեծ պատասխանատվություն կրող անձինք քարոզչությամբ են զբաղվում, դա տվյալ մարդկանց վատ դրության մեջ է գցում: «Ոսկե գնդակն» անհատական մրցանակ է, ոչ թե թիմային: Խայտառակություն կլինի, եթե Կրիշտիանուն չստանա այն: Այնպիսի տպավորություն է, կարծես, որոշ մարդիկ ցանկանում են «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը վերածել քաղաքական իրադարձության, և դա ահավոր է»,-պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում: «Ոսկե գնդակ 2014»-ի թեկնածուների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում