«Ռեալը» պատասխանել է Պլատինիի հայտարարությանը

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի վերջին հայտարարության վերաբերյալ: Պլատինին վերջերս հայտարարել էր, որ 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` «Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկը:

«Առաջին հերթին մենք զարմացած ենք Պլատինիի` «Ոսկե գնդակ» մրցանակին արժանի ֆուտբոլիստի վերաբերյալ անձնական վերաբերմունքով պայմանավորված հայտարարությունից` հատկապես հաշվի առնելով այն, որ այս մարդը եվրոպական ֆուտբոլում պետք է հնարավորինս չեզոք վերաբերմունք արտահայտի:

Երկրորդ` «Ոսկե գնդակն» անհատական մրցանակ է, ոչ թե թիմային, և ամեն տարի այն շնորհում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Մենք հույս ունենք, որ մրցանակի հեղինակությամբ պայմանավորված` քվեարկողներն ընտրություն կատարելիս հաշվի կառնեն բացառապես անհատական նվաճումները:

Եվ վերջապես, մենք կարծում ենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի պրոֆեսիոնալ կարիերայում այս տարին լավագույնն էր: Բացի այդ, նա հաղթեց Չեմպիոնների լիգայում, նվաճեց «Ոսկե խաղակոշիկը», Չեմպիոնների լիգայում արդյունավետության ռեկորդ սահմանեց, Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Իսպանիայի առաջնությունում դարձավ լավագույն ռմբարկու: Նոր մրցաշրջանում Ռոնալդուն հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղում` երկու գոլ խփելով, Պրիմերիայի ընթացիկ առաջնության 12 տուրում նա 20 գոլ է խփել: Սա փաստում է այն, որ Ռոնալդուն լավագույն մարզավիճակում է և ավելի քան երբևէ արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին»,-ասվում է «Ռեալի» տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում: «Ոսկե գնդակ 2014»-ի թեկնածուների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում