Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի լավագույնները

«Չելսին» արտագնա խաղում 5 գոլ խփեց, Մեսսին հերթական ռեկորդը սահմանեց, Վասիլի Բերեզուցկին օգնության հասավ ճիշտ պահին… Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույններին:

Լավագույն թիմը` «Չելսի»: «Չելսին» դարձավ այն 5 թիմերից մեկը, որն այս շաբաթ ապահովեց իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում: Լոնդոնցիները դրան հասան հիանալի ձևով` «Շալկե 04»-ի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակ տոնելով: Վառ խաղը, որն «ազնվականները» ցուցադրում են նաև Անգլիայի առաջնությունում, թիմին ապահովեց G խմբի առաջին հորիզոնականը:

Լավագույն ֆուտբոլիստ` Սերխիո Ագուերո: Հնարավոր է` «Մանչեսթեր Սիթին» հաջորդ փուլի ուղեգիր այդպես էլ չնվաճի, սակայն հնարավորություններ կան և կան Ագուերոյի շնորհիվ: Նախքան այս տուրը E խմբում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ չէր տոնել, իսկ 5-րդ տուրի` «Բավարիայի» դեմ խաղի ավարտից 5 րոպե առաջ Մանուել Պելեգրինիի սաները պարտվում էին 1:2 հաշվով: Եթե հանդիպումն այդպես էլ ավարտվեր, ապա եվրագավաթներին մասնակցելու համար «քաղաքայինները» վերջին տուրում պետք է առնվազն 3:0 հաշվով հաղթեին «Ռոմային», սակայն Ագուերոն հեշտացրեց իր թիմի գործերը: 

Նախ Ագուերոն օգտվեց մյունխենցիների` դաշտի կենտրոնում գնդակը կորցնելուց, իսկ ավելացրած ժամանակում խփեց հաղթական գնդակը: Այժմ «Սիթին» կարող է շարունակել պայքարը, եթե վերջին տուրում արդյունավետ ոչ-ոքի խաղա «Ռոմայի» հետ, իսկ ԲԿՄԱ-ն պարտվի «Բավարիային»: «Ես միշտ ասել եմ, որ Ագուերոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-խաղից հետո ընդգծեց Մանուել Պելեգրինին:

Լավագույն պահը`  «Ռոմայի» հետ խաղում ԲԿՄԱ-ն հավասարեցրեց հաշիվը: «Մանչեսթեր Սիթիի» գործը զգալիորեն թեթևացրեց Վասիլի Բերեզուցկին: Թվում էր` Ֆրանչեսկո Տոտտիի գոլը հաղթական է լինելու այս խաղում, սակայն խաղավարտին Բերեզուցկին խառնեց բոլոր խաղաքարտերը: «Մենք գոլ բաց թողեցինք վերջին 15 վայրկյանում: Այդ 15 վայրկյանը փոխեցին խաղից ունեցած տպավորությունները»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան:

Լավագույն խաղը` «Լուդոգորեց»-«Լիվերպուլ»` 2:2: Երկու ամիս առաջ «Էնֆիլդում» կայացած հանդիպման վերջում «Լիվերպուլին» հաջողվեց գոլ խփել և «կանաչներին» զրկել միավորից: «Լուդոգորեցը» վրեժխնդիր եղավ. Սոֆիայում կայացած խաղի 88-դր րոպեին Գեորգի Տերզիևը գրավեց «Լիվերպուլի» դարպասը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը և «Լուդոգորեցի» համար պահպանելով արդեն Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորությունը: «Երբեք չեմ մոռանա «Լիվերպուլի» դարպասը խփած գոլս»,-հայտարարեց Տերզիևը:

Լավագույն խոսք` «Եթե անկեղծ` ես հետևում եմ «Բայերի» բոլոր խաղերին»: Երեքշաբթի օրը Դիմիտար Բերբատովը խոստովանեց, որ մեծ սեր է տածում նախկին ակումբի նկատմամբ, իսկ չորեքշաբթի սկսեց «Մոնակոյի» գոլային գրոհը և օգնեց ներկայիս թիմին նվազագույն հաշվով հաղթել «Բայերին»:

Թիվը` 3: 5-րդ տուրում 3 ֆուտբոլիստ` Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և Մարիո Մանջուկիչը հեթ-տրիկ ձևակերպեցին համապատասխանաբար` ԱՊՕԷԼ-ի, «Բավարիայի» և «Օլիմպիակոսի» հետ խաղերում: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ մեկ տուրում 3 ֆուտբոլիստ հեթ-տրիկի հեղինակ է դառնում: 

Լավագույն լուսանկարը` «Բորուսսիայում»` Լոնդոնում: Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին», սակայն գերմանական թիմի ֆուտբոլիստները «Ռիջենտս Պարկում» գեղեցիկ մարզում անցկացնելու հնարավորության ունեցան:

Anschwitzen im Regent’s Park / Pre-warm up earlier today in Regent’s Park #afcbvb #UCL #feiertag pic.twitter.com/sGSyZBIyqJ

— Borussia Dortmund (@BVB) 26 ноября 2014

“>

 

Պարզապես Լիոնել Մեսսի: Արգենտինացի ֆուտբոլիստը, հեթ-տրիկ ձևակերպելով ԱՊՕԷԼ-ի հետ խաղում, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն` գերազանցելով Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը: Մեսսին այս մրցաշարում խփել է արդեն 74 գոլ, Ռաուլն աչքի է ընկել 71 անգամ: Մեսսին շրջանցելու հնարավորություն ունի Կրիշտիանու Ռոնալդուն, ով ևս 71 գոլ է խփել: 

Լավագույն գոլի ընտրությունը կարող եք կատարել ինքներդ` մասնակցելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ընթացող քվեարկությանն այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում