Եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուները

Իսպանիայի ընթացիկ առաջնության «Սևիլյայի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով` «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դարձավ Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն (253) գոլ: «Երբ 2005 թվականին խփեցի առաջին գոլս «Ալբասետեի» դարպասը, պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող եմ ինչ-որ ռեկորդ սահմանել, առավել ևս գերազանցել Սարայի ռեկորդը: Ցանկանում եմ ռեկորդս նվիրել նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Ես ձեզ երբեք չեմ մոռանա: Շնորհակալ եմ աջակցության համար»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել էր Մեսսին:

Արգենտինացի ֆուտբոլիստի հերթական ռեկորդն առիթ է ներկայացնելու եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուներին:

Գերմանիա: Գերդ Մյուլլեր (1965-79) – 365 գոլ

Գերդ Մյուլլերը Բունդեսլիգայում հանդես եկող հարձակվողների համար չափազանց բարձր սահման է գծել` 427 խաղում խփելով 365 գոլ: Այժմ Մյուլլերի ցուցանիշին առավել մոտ է Կլաուդիո Պիսարոն, ով 176 գոլի հեղինակ է դարձել: Մյուլլերը, ով 1974 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմում խփեց վճռորոշ գոլը, մեծ դերակատարություն է ունեցել «Բավարիայի»` սուպերակումբ դառնալու գործում: Ֆրանց Բեկենբաուերը սիրում է կրկնել` «Առանց Գերդ Մյուլլերի գոլերի` մենք գուցե մինչ օրս աշխատեինք գյուղական համայնքում»:

Անգլիա: Ջիմմի Գրիվզ (1957-1971) – 357 գոլ

«Երբ ես դուրս էի գալիս «Ուայտ Հարտ Լեյն», «Ուեմբլի» կամ այլ մարզադաշտ, դառնում է ամբողջովին այլ մարդ»,-ասում էր Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Գրիվզը հասել է 357 գոլ ցուցանիշին «Չելսիի», «Տոտենհեմի» և «Վեսթ Հեմի» կազմում ցուցադրած արդյունավետ խաղի շորհիվ: Համեմատության համար նշենք, որ Անգլիայի առաջնության գործող ռմբարկուներից Ուեյն Ռունին 12-ամյա կարիերայի ընթացքում 177 գոլ է խփել:

Բելգիա: Ալբերտ Դե Քլեյն (1932-55) – 377 գոլ

Իր ամբողջ կարիերան Դե Քլեյնն անցկացրել է «Մալինուայում», որն այժմ կոչվում է «Մեհելեն»: Ալբերդ Դե Քլեյնը կարող էր ավելի շատ գոլեր խփել, եթե Երկրորդ համաշխարային պատերազմի պատճառով Բելգիայի առաջնությունում 3-ամյա դադար չլիներ:

Ֆրանսիա: Դելիո Օննիս (1971-1986) – 299 գոլ

Օննիսը ծնվել է Իտալիայում, մեծացել է Արգենտինայում, չի խաղացել որևէ հավաքականում, սակայն «Ռեյմսի», «Մոնակոյի», «Տուրի» և «Տուլոնի» կազմում անցկացրած խաղերում խփել է ընդհանուր առմամբ 299 գոլ: Շատ հեռու է այն օրը, երբ կգերազանցվի Օննիսի ռեկորդը, քանի որ այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ջիբրիլ Սիսսեն Ֆրանսիայի առաջնությունում խփել է ընդամենը 99 գոլ: «Մեր օրերում ընդունված չէ 10 տարի միևնույն թիմում հանդես գալ»,-ասել է Դելիո Օննիսը` ակնարկելով, թե ինչու է դեռևս անգերազանցելի իր սահմանած ցուցանիշը:

Պորտուգալիա: Ֆերնանդու Պեյրոտեու (1937-49) – 332 գոլ

«Պեյրոտեուն անհավանական ուժեղ է, արագ, հիանալի հարվածներ է կատարում: Իր դեբյուտի օրը նա որևէ ճնշում չէր զգում և երկու գոլ խփեց»,-այսպես 1937 թվականին «Stadium» պարբերականը բնութագրել է «Սպորտինգի» 19-ամյա ֆուտբոլիստի նորամուտը «Բենֆիկայի» հետ խաղում: Ֆերնանդուն 332 գոլ խփել է` մասնակցելով Պորտուգալիայի առաջնության 197 խաղի:
Ֆերնանդու Պեյրոտեուն կարիերան ավարտեց 31 տարեկանում` հայտարարելով «Ես զինվոր եմ, իսկ զինվորն իր պարտականություններից չի փախչում: Բայց ես ինձ ծեր զինվոր եմ զգում, ով արդեն չի կարող օգնել իր թիմին այնպես, ինչպես հարկն է»:

Հոլանդիա: Վիլի վան դեր Քեյլեն (1964-82) – 311 գոլ

Միստեր ՊՍՎ մականունով հայտնի հարձակվողը 308 գոլ խփել է էյնդհովենցիների կազմում, ևս 3 գոլ` որպես «Մաաստրիխտի» ֆուտբոլիստ: ՊՍՎ-ի կազմում Վիլի վան դեր Քեյլենը նվաճել է 3 չեմպիոնական տիտղոս և 1977-78թթ. մրցաշրջանում հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

Իտալիա: Սիլվիո Պիոլա (1929-54) – 274 գոլ

«Մինչ օրս չեմ հասկանում` ո՞ր ոտքով է նա ավելի լավ խփում»,-ասել է մարզիչ Վիտտորիո Պոցցոն Պիոլայի մասին, ով օգնեց Իտալիայի հավաքականին հաղթել Աշխարհի 1938 թվականի առաջնությունում: Պիոալան 274 գոլ է խփել` հանդես գալով «Պրո Վերչելլիում», «Լացիոյում», «Տորինոյում», «Յուվենտուսում», «Նովարիում»: Ուշագրավ է, որ Սիլվիո Պիոլան ոչ մի անգամ չի նվաճել Սկուդետտոն: Պիոլայի ցուցանիշին մոտ է «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ում Իտալիայի առաջնությունում հաջողվել է խփել դեռևս 237 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում