Չեմպիոնների լիգա. Խմբային փուլում գրանցված ռեկորդները

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլում գրանցված ռեկորդները

Եթե Լիոնել Մեսսիի համար ռեկորդներ սահմանելն աստիճանաբար սովորական դառնում է, ապա Լուիս Ադրիանոն կամ Չավի Էրնանդեսն այս տեսանկյունից չեն փայլում, իսկ ԲԱՏԷ-ն հաճախ չէ, որ հակառեկորդներ է գրանցում: Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի` 2014-15թթ. խաղարկության խմբային փուլի ընթացքում գրանցված ռեկորդները:

  • F խմբի 6 խաղում Լիոնել Մեսսին խփեց 8 գոլ և դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն` 75 գոլ: Այս ցուցանիշով Մեսսին գերազանցեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոյին, ով այս մրցաշարում խփել է 71 գոլ: Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

  • «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրինաոն խմբային փուլում խփեց 9 գոլ և կրկնեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի` նախորդ մրցաշրջանում սահմանած ռեկորդը: Մրցաշարի պատմության ընթացքում ոչ ոք բացի Ռոնալդուից և Ադրիանոյից խմբային փուլում 9 գոլ չի խփել: Բացի այդ, 1 խաղում խփելով 5 գոլ` Ադրիանոն կրկնեց Լիոնել Մեսսիի ռեկորդային ցուցանիշը:
  • «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստն է` 146:
  • Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որին հաջողվել է երկու անգամ հաղթահարել խմբային փուլի արգելքը` 6 խաղում տոնելով 6 հաղթանակ: Առաջին անգամ մադրիդցիները նման հաջողության հասել էին 2011-12թթ. մրցաշրջանում:

 

  • «Ատլետիկի» հետ խաղում ԲԱՏԷ-ն բաց թողեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի իր 23-րդ և 24-րդ գոլերը ու սահմանեց մրցաշարի հակառեկորդ: 2011-12թթ. մրցաշրջանում խմբային փուլում 22 գոլ բաց էր թողել Զագրեբի «Դինամոն», իսկ 2012-13թթ. մրցաշրջանում` «Նորդշելլանդը»:
  • Համեմատության համար` «Մոնակոն» դարձավ 9-րդ թիմը, որը մրցաշարի խմբային փուլի 6 խաղում միայն մեկ գոլ է բաց թողել: Երկու անգամ խմբային փուլերում մեկական գոլ է բաց թողել «Յուվենտուսը»` 1996-97թթ. և 2004-05թթ. մրցաշրջաններում:
  • «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում գոլ խփեց` դառնալով մրցաշարի պատմության ընթացքում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Իսկ 5-րդ տուրի` ԲԿՄԱ-ի հետ խաղում 38 տարեկան 59 օրական (այդ պահին) Տոտտին գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը:

 

  • Խմբային փուլի երրորդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում ջախջախիչ` 7:1 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ և դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որին հաջողվել է 2 անգամ 1 խաղում 7 գոլ խփել: Առաջին անգամ մյունխենցիները նման արդյունքի հասել են 2009 թվականին` «Սպորտինգի» հետ խաղում:
  • «Շախտյորը», երրորդ տուրում 7:0 հաշվով ջախջախելով ԲԱՏԷ-ին, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որին հաջողվել է առաջին խաղակեսում 6 գոլ խփել:
  • Երրորդ տուրի խաղային առաջին օրը (հոկտեմբերի 21-ին) գրանցվել է 40 գոլ: Սա ռեկորդային ցուցանիշ է 8 հանդիպումից բաղկացած խաղային օրվա համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում