ՉԼ. 1/8 եզրափակիչ փուլի ծանոթները և անծանոթները

ՉԼ. 1/8 եզրափակիչ փուլի ծանոթները և անծանոթները

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունից «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հավանաբար, շատ է ուրախացել: «Շալկե 04»-ի ֆուտբոլիստները հայտարարում են` պատրաստ են արժանի պայքար մղել «Ռեալի» դեմ, որից նախորդ մրցաշրջանում ջախջախիչ պարտություններ կրեցին: «Յուվենտուսում» գոհ են, քանի որ «Բորուսսիայից» ավելի ուժեղ մրցակից էին ակնկալում…

Sport Times.am-ը առանձնացրել է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի զույգերի վերաբերյալ առավել ուշագրավ փաստերը:

«Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի»

Նախորդ մրցաշրջանում «Չելսին» պայքարից դուրս թողեց «Պարի Սեն Ժերմենին»: «Պարկ դե Պրենսում» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները «Սթեմֆորդ Բրիջում» 2 անպատասխան գնդակ խփեցին և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացան:

2004-05թթ. մրցաշրջանում այս թիմերը մրցել են խմբային փուլում: Դիդյե Դրոգբայի դուբլը և Ջոն Թերրի գոլն օգնեցին «ազնվականներին» Փարիզում 3:0 հաշվով հաղթանակ տոնել, իսկ Լոնդոնում կայացած խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

«Պարի Սեն Ժերմենի» համար անգլիական թիմերի հետ խաղերում դա միակ տնային պարտությունն էր: Ընդհանուր առմամբ, անգլիական թիմերի հետ խաղերում փարիզցիները սեփական հարկի տակ 3 անգամ հաղթել են, 1 անգամ ոչ-ոքի են խաղացել և 1 պարտություն են կրել:

2004 թվականի սեպտեմբերի Փարիզում կայացած «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի համար եվրագավաթներում «Չելսիի» հետ առաջին խաղն էր: Ֆրանսիայում լոնդոնցիները վատ են հանդես գալիս. բացի վերոնշյալ հաղթանակից, նրանք 2 պարտություն են կրել և 2 անգամ ոչ-ոքի խաղացել:

Դավիդ Լուիսը, ով անցյալ մրցաշրջանում Փարիզում կայացած խաղում դարձավ ինքնագոլի հեղինակ, այս խաղարկությունում պայքարելու է հենց «Պարի Սեն Ժերմենի» հաղթանակի համար: Այս առիթով Twitter-ում գրառում է կատարել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը.  «Դավիդ Լուիսը վերադառնում է «Սթեմֆորդ Բրիջ»… Ինչպես ես կանխատեսել էի վիճակահանությունից առաջ»:

«Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա»

Նախորդ խաղարկությունում «Բարսելոնան» Մանչեսթերում հաղթեց 2:0 հաշվով, «Կամպ Նոուում»` 2:0. արդյունքում` «Մանչեսթեր Սիթին» զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: Լիոնել Մեսսին և Դանի Ալվես աչքի ընկան երկու խաղում էլ, իսկ «քաղաքաբնակների» միակ գոլը խփեց Վենսան Կոմպանին:

Իսպանական թիմերի հետ 11 խաղերից «Սիթին» հաղթել է միայն 3 անգամ, 5 անգամ պարտվել է, մյուս դեպքերում ոչ-ոքի խաղացել: 2011-12թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 2 անգամ խմբային փուլում հաղթել է «Վիլյառեալին»:

Չեմպիոնների լիգայի 3 եզրափակիչներում «Բարսելոնան» հաղթել է անգլիական թիմերի. 2006 թվականին` «Արսենալին», իսկ 2009-ին և 2011-ին` «Մանչեսթեր Յունայթեդին»

Նախքան անցյալ մրցաշրջանում արտագնա խաղում տոնած հաղթանակը, «Բարսելոնան» անգլիական թիմերի հետ արտագնա խաղերում 5 անգամ չէր կարողանում առավելության հասնել: Կատալոնական թիմն անգլիական թիմերի հետ անցակցրած արտագնա 29 խաղերից միայն 7-ում է հաղթել, 14 անգամ պարտվել է, իսկ տնային 28 հանդիպումներից 15-ի դեպքում է հաղթել` պարտվելով 2 անգամ:

«Բայեր»-«Ատլետիկո»

Այս թիմերն ավելի վաղ հանդիպել են 2010-11թթ. մրցաշրջանում` Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Երկու խաղն էլ ավարտվել է 1:1 հաշվով: B խմբում «Բայերը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ մադրիդյան թիմը խմբային փուլը եզրափակեց երրորդ տեղում:

Նախորդ մրցաշրջանում ՉԼ-ի խմբային փուլում «Բայերը» հաղթել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին»` 2:1 և 1:0 հաշիվներով, իսկ 2011-12թթ. խաղաշրջանի 1/8 եզրափակչում մրցելով կրկին իսպանական թիմի` «Բարսելոնայի» հետ` Լևերկուզենի թիմը կրեց եվրոպական մրցասպարեզում իր ամենախոշոր հաշվով պարտությունը` 1:7:

Գերմանիայում կայացած վերջին 5 այցելություններից 3-ը «Ատլետիկոյի» համար հաղթանակով են ավարտվել: Վերջին անգամ մադրիդցիները Գերմանիայում հաղթել են 2011-12թթ. Եվրոպայի լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում` 2:1 հաշվով առավելության հասնելով «Հանովերի» նկատմամբ: Այդ մրցաշրջանում իսպանացիները շարունակեցին պայքարը և արդյունքում դարձան տիտղոսակիր:

«Յուվենտուս»-«Բորուսսիա Դորտմունդ»

1997 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բորուսսիան» 3:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Առաջին խաղակեսում Կարլ-Հայնց Ռիդլեն 2 գոլ խփեց: Ընդմիջումից հետո Ալեսսանդրո դել Պիեռոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Լարս Ռիկենը վերջ դրեց թուրինցիների բոլոր հույսերին:

1993 թվականին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիում «Յուվենտուսը» ջախջախեց «Բորուսսիային»: Դորտմունդում 3:1 հաշվով հաղթելուց հետո «Յուվեն» սեփական հարկի տակ առավելության հասավ 3:0 հաշվով: Այդ 2 խաղում Դինե Բաջոն խփեց 3 գոլ, իսկ Ռոբերտո Բաջոն` 2:

«Յուվենտուս Ստեդիում» մարզադաշտում կայացած եվրագավաթային խաղերում միակ պարտությունը «Յուվեն» կրել է գերմանական թիմից` 2012-13թթ. մրցաշրջանում 0:2 հաշվով պարտվելով «Բավարիային»:

«Շալկե 04»-«Ռեալ Մադրիդ»

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալը» Գելզենկիրխենում կայացած խաղում «Շալկե 04»-ին ջախջախեց 6:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ առավելության հասավ 3:1 հաշվով: Այս խաղերում փայլեցին Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման:

Գերմանական թիմերի հետ Գերմանիայում անցկացրած 27 խաղերից «Ռեալը» հաղթել է միայն 3 դեպքում: Երկու հաղթանակ մադրիդցիները տոնել են նախորդ խաղարկությունում` «Շալկե 04»-ի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում «Բավարիայի»` 4:0 հաշվով: Կրկին նախորդ խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» 0:2 հաշվով Դորտմունդում զիջեց «Բորուսսիային. դա մադրիդցիների համար գերմանական հողի վրա կրած 18-րդ պարտությունն էր:

Իսպանական թիմերի հետ անցկացրած 11 տնային խաղերից «Շալկե 04»-ը հաղթել է միայն 5 անգամ: Գելզենկիրխենցիները պարտվել են 4 անգամ: Ընդհանուր առմամբ, իսպանական թիմերի հետ անցկացրած 25 խաղում «Շալկե 04»-ը տոնել է 7 հաղթանակ:

«Շախտյոր»-«Բավարիա»

«Շախտյորը» և «Բավարիան» դեռևս որևէ պաշտոնական հանդիպում չեն անցկացրել: Ուկրաինական թիմերից «Բավարիայի» միակ մրցակիցը եղել է Կիևի «Դինամոն», որի հետ մյունխենցիները 10 խաղն են անցկացրել:

1975 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տանը «Դինամոյից» նվազագույն հաշվով կրած պարտությունը «Բավարիայի» համար սեփական խաղադաշտում դեռևս միակ պարտությունն է Ուկրաինան ներկայացնող թիմի հետ խաղում:

Չեմպիոնների լիգայի վերջին 2 խաղարկություններում «Շախտյորը» Գերմանիայում պարտություններ է կրում. 2013-14թթ. մրցաշրջանում դոնեցկյան թիմը 0:4 հաշվով պարտվեց «Բայերին», իսկ դրանից մեկ տարի առաջ «Բորուսսիային»` 0:3 հաշվով:

Ուկրաինական թիմը իր առաջին եվրագավաթային տիտղոսը նվաճել է գերմանական թիմի հետ խաղում` 2008-09թթ. խաղաշրջանում ՈւԵՖԱ-ի Գավաթի խաղարկության եզրափակչում 2:1 հաշվով հաղթելով «Վերդերին»:

«Բազել»-«Պորտու»

«Բազելը» և «Պորտուն» իրար համար անծանոթ մրցակիցներ են: Եվրոպայի լիգայի 2012-13թթ. խաղաշրջանում «Բազելը» մրցել է պորտուգալական «Սպորտինգի» հետ և հաղթանակ տոնել: Դրանից մեկ մրցաշրջան առաջ շվեյցարական թիմն անհաջող խաղաց պորտուգալական մեկ այլ թիմի` «Բենֆիկայի» հետ` Չեմպիոնների լիգայում տանը պարտվելով 0:2 հաշվով, իսկ Լիսաբոնում խաղալով ոչ-ոքի` 1:1:

Պորտուգալական թիմերի հետ 10 հանդիպումներից «Բազելը» հաղթել է միայն 2 անգամ, պարտվել է 5 անգամ: 2 հաղթանակն էլ շվեյցարացիները տոնել են սեփական խաղադաշտում, որտեղ կրել են 3 պարտություն:

Շվեյցարական թիմերի հետ 6 խաղերից «Պորտուն» հաղթել է միայն 1 դեպքում` 1980-81թթ. մրցաշրջանում սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Գրասսհոպերսի» նկատմամբ:

«Արսենալ»-«Մոնակո»

Այս թիմերը ևս պաշտոնական հանդիպում չեն անցկացրել, փոխարենն` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 1987-1994թթ. գլխավորել է «Մոնակոն»: «Մոնակոյի» հետ Վենգերը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում (1988), Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում (1991), իսկ 1992 թվականին թիմին դուրս է բերել Գավաթների գավաթ խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել է «Վերդերին:

Օգոստոսի 3-ին «Արսենալը» և «Մոնակոն» Լոնդոնում մրցեցին ընկերական խաղի շրջանակում. Ռադամել Ֆալկաոյի միակ գոլի շնոհիվ «Մոնակոն» հաղթանակ տոնեց:

Անգլիական թիմերի հետ 6 խաղերում «Մոնակոն» կրել է 1 պարտություն, հաղթել է 2 անգամ:  Ֆրանսիական թիմերի հետ արտագնա խաղերում «Արսենալը» երբեք չի պարտվել` 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի: Վերջին անգամ «զինագործները» Ֆրանսիայում խաղացել են նախորդ մրցաշրջանում` Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 2:1 հաշվով հաղթելով «Օլիմպիկին»

 

Տվյալները` ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Հետևեք մեզ նաև Telegram-ում