Հայաստանը և Իրանը կհամագործակցեն սպորտի ոլորտում

Հայաստանը և Իրանը կհամագործակցեն սպորտի ոլորտում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը 2014 թվականի դեկտեմբերի 15-16-ը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, այդ թվում՝ սպորտի ոլորտի: Կողմերը համաձայնել են համագործակցել մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, մարզական տարբեր պատվիրակությունների, մրցավարների և մարզիչների փոխադարձ այցելությունների կազմակերպման ուղղությամբ: Նախատեսվել է նաև իրականացնել սպորտային բժիշկների, մարզիչ-մանկավարժների վերապատրաստման, մասնագիտացման և փորձի փոխանակման ծրագրեր, կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաքներ, մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող միջազգային մրցաշարերին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում համաձայնեցվել է օգտագործել համապատասխան դիվանագիտական խողովակները` սպորտի ոլորտում երկու երկրների Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ Հուշագրի վերջնական տարբերակը լրամշակելու և ստորագրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում