Ծանրամարտի, սինխրոն լողի և ուշուի ֆեդերացիաները ներկայացրել են հաշվետվությունները

Ծանրամարտի, սինխրոն լողի և ուշուի ֆեդերացիաները ներկայացրել են հաշվետվությունները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում իրենց տարեվերջյան հաշվետվություններն են ներկայացրել ծանրամարտի, սինխրոն լողի և ուշուի ֆեդերացիաները:

Նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետվությունում ներկայացված էր ծանրամարտի հավաքական թիմերի, բարձրակարգ մարզիկների պատրաստման, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին հավաքական թիմերի նախապատրաստման և մասնակցության ուղղությամբ տարված աշխատանքները: 2014 թվականին մեր ծանրամարտիկները մասնակցելով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և Պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերին նվաճել են 5 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է 2015 թվականին աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և հատկապես 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին մեր մարզիկների հաջող նախապատրաստման և մասնակցության գործընթացը:

ՀՀ սինխրոն լողի ֆեդերացիայի հաշվետվության մեջ նշված էր տեղեկություններ՝ 2014 թվականին Ծաղկաձորում իրականացրած երեք ուսումնամարզական հավաքի, ՀՀ առաջնության և Լյուքսեմբուրգում ու Բրատիսլավայում սինխրոն լողի պատանեկան միջազգային մրցաշարերի մասնակցության մասին: 2015 թվականին նախատեսվում է պատանի մարզուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարերի և աշխարհի առաջնության, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների անցկացումը:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան 2014 թվականին կազմակերպել և անցկացրել է ուսումնամարզական հավաքներ, մասնակցել է Ուշուի աշխարհի 5-րդ առաջնությանը, ՀՀ և ԻԻՀ թիմային միջազգային մրցաշարին, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին: Հայ ուշուիստները մասնակցել են նաև հանրապետական մրցաշարերի, մասնավորապես՝ ՀՀ մանկապատանեկան առաջնությանը, Տավուշի մարզի և Երևան քաղաքի բաց առաջնությանը, Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված մեծահասակների ՀՀ առաջնությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում