Նախկին աստղեր. հպարտություն կամ սուլոցներ

Նախկին աստղեր. հպարտություն կամ սուլոցներ

Ջերմ ընդունելություն, հույսեր, հպարտություն, հրաժեշտ և կրկին ջերմ ընդունելություն կամ…

Երկրպագուները նոր ֆուտբոլիստներին գրեթե միշտ մեծ խանդավառությամբ են դիմավորում, նրանց հետ հույսեր են կապում, նրանցով հպարտանում, սակայն հաճախ հրաժեշտի, իսկ հետո այլ թիմի կազմում հարազատ դարձած մարզադաշտ վերադարձի պահն անխուսափելի է: Ներկայացնում ենք, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն «Օլդ Թրաֆֆորդում» դիմավորել իրենց նախկին աստղերին:

Պոլ Ինս

Ինսը «Մանչեսթեր Յունայթեդում» 6 մրցաշրջան է անցկացրել, մի փոքր խաղացել է «Ինտերում», իսկ «Օլդ Թրաֆֆորդ»  է վերադարձել «Լիվերպուլի» և «Միլդլսբորոյի» կազմերում: Թեև Պոլն օգնեց «Յունայթեդին» 26 տարվա դադարից հետո տիտղոս նվաճել ու ստացաց Հրամանատար կեղծանունը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը «հոգնեց» նրանից և ուղարկեց Ա սերիա: Որևէ մեկը չէր սպասում, որ Ինսը կվերադառնար «Լիվերպուլի»` սկզբունքային հակառակորդի մարզահագուստով: Նրան առաջին րոպեից մինչև վերջինը սուլեցին: «Միդլսբորոյում» ավելի հեշտ էր, բայց Պոլին հուզել էր երկրպագուների արձագանքը. «Ես վեց տարի արյուն եմ տվել ակումբի համար, իսկ նրանք սուլեցին ինձ: Ես հուսահատված եմ»:

Պետեր Շմեյխել

ԱՊԼ-ի լավագույն դարպասապահներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 7 տարում 5 անգամ Անգլիայի չեմպիոն դարձավ: Նա էլ Ինսի պես տեղափոխվեց թշնամու ճակատ, սակայն այլ ընդունելության արժանացավ: Դանիացին նախ պայմանագիր կնքեց «Ասթոն Վիլայի» հետ, հետո խաղաց «Սպորտինգում» և միայն դրանից հետո ընդունեց «Մանչեսթեր Սիթիի» հրավերը:  «Օլդ Թրաֆֆորդում» կայացած դերբիից առաջ Շմեյխելը վնասվածք ստացավ նախախաղյա մարզման ընթացքում և մնաց պահեստայինների նստարանին: Շատերը կարծում են, որ դարպասապահը կեղծել է իրավիճակը: Այդուհանդերձ, տրիբունաները նրան ուրախությամբ դիմավորեցին, թեպետ առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում Պետերը տոնել էր նախկին թիմի նկատմամբ տոնած հաղթանակը:

Դևիդ Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» վաղեմի երկրպագուները կվստահեցնեն, որ երբևէ որևէ մեկին «Օլդ Թրաֆֆորդում» այնպիսի հիացմունքով չեն ընդունել, ինչպես Բեքհեմին: Նա «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձավ «Միլանի» կազմում: Ալեքս Ֆերգյուսոնի հետ կոնֆլիկտից հետո «Ռեալ» տեղափոխվելով` Բեքհեմը հայտարարեց, որ շարունակելու է երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդին»: Բեքհեմը խաղադաշտ դուրս եկավ խաղի 68-րոպեին, երբ 3:0 հաշվով հաղթում էին «կարմիր սատանաները»: Եզրափակիչ սուլիչից հետո մարզադաշտը ոտնկայս ողջունեց նրան, իսկ լեգենդար անգլիացին խոստովանեց. «Երբ ես լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ենք մրցելու, քիչ էր մնում լաց լինեի»:

Կարլոս Տևես

«Ջերմ ընդունելության հույս ունեմ: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզահագուստով ես միշտ 100% նվիրվածությամբ եմ խաղացել, լավ հարաբերություններ եմ ունեցել երկրպագուների հետ»,-ասել էր Տևեսը «Օլդ Թրաֆֆորդում» կայանալիք խաղից երկու օր առաջ: Միամտություն. արգենտինացուն սուլում էին, կոպեկներ նետում նրա ուղղությամբ: Ի՞նչ էր Տևեսը սպասում, եթե սըր Ալեքսի կամքին հակառակ տեղափոխվեց Մանչեսթեր կապույտ հատված և ապշեց իր տրանսֆերային արժեքից: Այդ խաղում «Սիթին» 3:4 հաշվով պարտվեց, իսկ Տևեսն ասաց, որ նախկինում երբեք չէր հանդիպել երկրպագուների նման վերաբերմունքի:

Կրիշտիանու Ռոնալդու

Ռոնալդուն ոսկե ֆուտբոլիստ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների աչքի առաջ: Պորտուգալացի հասարակ տղայից նա դարձավ երկրագնդի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: «Կարմիր սատանաների» երկրպագուները մինչ օրս յուրահատուկ ջերմությամբ են վերաբերում նրան:

2013 թվականին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում Կրիշտիանուն «Ռեալի» կազմում վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ»: Մադրիդյան թիմը հաղթեց թուրք մրցավար Չակիրի վիճահարույց որոշումների արդյունքում, Ռոնալդուն գոլ խփեց, բայց չտոնեց այն` նախկին ակումբի հանդեպ հարգանքից ելնելով: 

Ռիո Ֆերդինանդ

«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» կազմում «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձած Ռիոն ևս սուլոցների չարժանացավ: 12 տարվա ընթացքում նա «Մանչեսթեր Յունայթեդում» 444 խաղի է մասնակցել, 6 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, 2 անգամ էլ Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ռիոյին առաջարկեց երկրպագուներին հրաժեշտ տալ «Վալենսիայի» հետ նախամրցաշրջանային փուլի խաղում, բայց ֆուտբոլիստը որոշեց, որ դա սահմանափակում է «Օլդ Թրաֆֆորդում» ևս մեկ անգամ խաղալու հնարավորությունը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում