«Ռեալը»` Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Մարակեշի «Ստադ դե Մարակեշ» մարզադաշտում կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ` «Ռեալ Մադրիդ»-«Սան Լորենցո» հանդիպումը: Կարլո Անչելոտիի սաները բավականին ակտիվ սկսեցին խաղը, սակայն հաշիվը բացվեց միայն 37-րդ րոպեին. Թոնի Կրոսի` անկյունային հարվածի իրացումից հետո Սերխիո Ռամոսը բոլորից բարձր ցատկեց և գնդակն ուղարկեց Սեբաստյան Տորրիկոյի պաշտպանած դարպասը:

Ռամոսի գոլից հետո «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստներն արժանի պատասխան չտվեցին, Իկեր Կասիլյասի դարպասի մոտ վտանգավոր պահեր չստեղծեցին, և թիմերն ընդմիջման գնացին մադրիդցիների նվազագույն առավելության պայմաններում:

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց, և «Ռեալը» ևս մեկ անգամ գրավեց արգենտինական թիմի դարպասը: 51-րդ րոպեին Իսկոյի հրաշալի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը. Տորրիկոն մի փոքր դիպավ գնդակին, սակայն թիմին վերահաս գոլից փրկել չկարողացավ:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին. 2:0, և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը կհամալրի «Ռեալի» թանգարանը: Նշենք նաև, որ սա «Ռեալի» 22-րդ անընդմեջ հաղթանակն է, ինչը ակումբային ռեկորդ է:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ»-«Սան Լորենցո»` 2:0
Գոլերը` Ռամոս 37՛, Բեյլ 51՛

Հիշեցնենք նաև, որ առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել «Օկլենդ Սիթին»` առավելության հասնելով «Կրուս Ասուլի» նկատմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում