Արսեն Ջուլֆալակյանը` ընդդեմ «Ամերիկյան հույսի»

Ի տարբերություն ֆուտբոլի, թենիսի, բռնցքամարտի` ըմբշամարտը չի համարվում կոմերցիոն մարզաձև: Ըմբիշները միլիոնանոց գովազդային պայմանագրեր չեն ստորագրում, հազվադեպ են դառնում ինչ-որ ընկերության գովազդային դեմք, սակայն ԱՄՆ-ում անգամ ըմբշամարտն է դառնում շոու: Օվկիանոսից այն կողմ կարողանում են այս «համեստ» սպորտաձևը դարձնել դիտարժան շոու:

Դեկտեմբերի 21-ին Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» լեգենդար մարզապալատում «Grapple in the Garden» ըմբշամարտի գոտեմարտերի շրջանակներում ԱՄՆ օլիմպիական հույս Կայլ Դեյկը կհանդիպի Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն մեր հայրենակից Արսեն Ջուլֆալակյանի հետ: Գոտեմարտերի հովանավորը «MusclePharm» ընկերությունն է:

Կայլ Դեյկը 23 տարեկան է: Մինչև 2008 թվականը հանդես է եկել հունահռոմեական ոճում՝ 60 կգ քաշային կարգում դառնալով ԱՄՆ-ի չեմպիոն, այնուհետև անհաջող է հանդես եկել աշխարհի առաջնությունում` զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: Հետագայում Դեյկը փոխել է ոճը և սկսել է հանդես գալ ազատ ոճում՝ 74 կգ քաշային կարգում: Դեյկը` որպես ազատ ոճային ըմբիշ, 4 անգամ հաղթել է Ամերիկայում անցկացվող և հեղինակավոր համարվող ուսանողական խաղերում: Նա ԱՄՆ հավաքականում հանդիսանում է օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարաուզի գլխավոր մրցակիցը:

Արսեն Ջուլֆալակյանը 27 տարեկան է: Ավարտել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Երիտասարդների աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Ըմբշամարտը Արսենի գեներում է. հայրը Սեուլի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է, ով այժմ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է:

Հունահռոմեական ըմբշամարտի կանոններով կայանալիք գոտեմարտից առաջ Sport Times.am-ը զրուցել է Լևոն Ջուլֆալակյանի հետ: Ավագ Ջուլֆալակյանն ասաց, որ ուսումնասիրել է Դեյկի մասնակցությամբ գոտեմարտերը, լավ ծանոթ է նրա հնարավորություններին:

«Արսենի համար հետաքրքիր հակառակորդ կլինի: Շատ շարժունակ, պայքարող, կռվող ըմբիշ է, սակայն գործ ունի Արսենի հետ, ով այսօր ամբողջ աշխարհում լավագույններից մեկն է իր քաշային կարգում: Ճիշտ գոտեմարտելու դեպքում Արսենը չպետք է ոչ մի հնարավորություն թողնի Դեյկին»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը շեշտեց, որ գոտեմարտը ԱՄՆ-ում է անցնելու և, բնականաբար, Դեյկին աջակցելու են բազմաթիվ երկրպագուներ, սակայն Արսենը սովոր է այդ ամենին:

«Չեմ կարծում, թե մրցավարական կողմապահություն լինի: Ինչ վերաբերում է Դեյկի հաղթաթղթին, ապա կարող եմ ասել` եթե Արսենը ճիշտ և գրագետ գոտեմարտ վարի՝ Դեյկին չթողնելով թաքուն ձևով օգտագործել ազատ ոճին բնորոշ հնարքներ, ապա ամեն ինչ լավ կլինի»,-նշեց Լևոն Ջուլֆալակյանը:

Արսենի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վստահ է իր սանի հաղթանակին: 

«Միակ մտավախությունն այն է, որ չլինեն մրցավարական որոշակի կողմապահություններ, քանի որ Արսենի մրցակիցը ԱՄՆ-ից է, գոտեմարտն էլ տեղի ունենում ԱՄՆ-ում: Մնացած առումներով վստահ ենք Արսենի հնարավորություններին` թե՛ մարզչական կազմով, և թե՛ ես` որպես նրա անձնական մարզիչ: Շատ ուրախ եմ, որ առաջին հայ մարզիկը՝ հանձին Արսենի, հանդես է գալու այդ հեղինակավոր մարզապալատում, որտեղ ժամանակին պայքարել են Մայք Թայսոնը, Մոհամեդ Ալին և այլք»,-եզրափակեց աշխարհի չեմպիոնի անձնական մարզիչը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ևս Sport Times.am-ի հետ զրուցեց ասաց, որ չի կասկածում` Արսենը հաղթելու է:

«Չեմ հիշում որևէ գոտեմարտ, երբ Արսենին հաղթած լինեն հեշտությամբ: Միշտ էլ նրան հաղթելուց հետո մրցագորգից դուրս են եկել գրեթե ծնկաչոք: Արսենը վերջին 10 տարիներին թե՛ իր մարզումներով, թե՛ ելույթներով վստահեցրել է բոլորին` ոչ մի կասկած չի կարող լինել: Վստահ եմ Արսենի ուժերին և հավատում եմ նրա հաղթանակին` ոչ միայն այս գոտեմարտում, այլ ընդհանրապես»,- ասաց նա:

Արմեն Բաբալարյանն անկեղծացավ, որ չի դիտել Դեյկի մասնկացությամբ գոտեմարտերը, սակայն ընդգծեց. «Հաշվի առնելով այն, որ Դեյկն ազատ ոճային ըմբիշ է` նրա համար դժվար կլինի դիմակայել Արսենի գրոհներին»:

 

Երևանի ժամանակով 20:00-ին «Մեդիսոն Սքուեր Գարդենում» «Ամերիկյան հույսը» հանդիպելու է հայկական ըմբշամարտի ամուր սյուներից մեկին: Խաղը Արսենի կանոններով է ընթանալու. արդյո՞ք Դեյկը պատրաստ է դրանց և արդյո՞ք Արսենին չի ճնշի ամերիկյան մթնոլորտը:

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում