Սամվել Սևյան. Ես սիրում եմ փոքր նպատակներ ունենալ և առաջ շարժվել

Այս տարվա սեպտեմբերից Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ գրոսմայստերն ամերիկաբնակ 13-ամյա Սամվել Սեւյանն է, ով նաեւ հայկական շախմատի պատմության մեջ ամենապատանի գրոսմայստերն է: Սամվելն իր նվաճումներից ուրախանում է, բայց զգոնությունը եւ պատասխանատվությունը չի կորցնում` ասելով. «Շատ են այն շախմատիստները, ովքեր երիտասարդ տարիքում լավ են խաղում, սակայն հետո զիջում են իրենց դիրքերը»:

Ստորև ներկայացված է պատանի գրոսմայստերի` «Շախմատային Հայաստան»-ին տված հարցազրույցը:

-Սամվե՛լ, քեզ շնորհավորում եմ գրոսմայստեր դառնալու կապակցությամբ: Դու քո հաջողությամբ գերազանցեցիր անգամ Ռոբերտ Ֆիշերին, ով գրոսմայստեր էր դարձել 15 տարեկանում: Այս ամենը ի՞նչ զգացումներ է առաջացնում քեզ մոտ:

-Ես ինձ շատ լավ եմ զգում, բայց այնպես չէ, որ խաղալիս ես մտածում եմ իմ վարկանիշի կամ թվերի մասին: Խաղատախտակի առջեւ ես կենտրոնանում եմ միմիայն իմ լավ խաղի վրա: Բացի այդ ոմանք 13-14 տարեկան հասակում են գրոսմայստեր դառնում, սակայն հետո չեն հասնում ամենակարեւոր կետին, բարձր տեղեր չեն նվաճում:

-Քեզ ո՞վ է սովորեցրել շախմատ խաղալ, ինչպե՞ս ես սկսել շախմատ պարապել:

-Ես հինգ տարեկան էի, երբ հայրս ինձ սովորեցրեց խաղալ: Միանգամից սիրահարվեցի շախմատին: Հինգ տարեկանից արդեն փոքր մրցաշարերի էի մասնակցում: Հայրիկից հետո առաջին լուրջ մարզիչս եղել է Անդրանիկ Մատիկոզյանը:

– Սամվե’լ, դու օրը քանի՞ ժամ եւ ինչպե՞ս ես շախմատ պարապում:

– Օրական կարող եմ վեց ժամ շախմատ պարապել` աշխատում եմ սկզբնախաղի, միջնախաղի եւ վերջնախաղի վրա, վերլուծություններ եմ անում, պարտիաներ նայում, խնդիրներ լուծում:

– Կհիշե՞ս քո լավագույն պարտիան:

-Երեւի կնշեմ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Յարոսլավ Ժերեբուխի հետ խաղացածս պարտիան:

– Իսկ ո՞րն է եղել քեզ համար ամենակարեւոր մրցաշարդ:

– Աշխարհի մինչեւ 12 տարեկանների առաջնությունը, որում ես ոսկի նվաճեցի: Դժվար մրցաշար էր ինձ համար, մինչեւ վերջին պարտիան էլ պարզ չէր, թե որ տեղն եմ գրավել: Նախավերջին պարտիան պետք է շահեի, վերջինը չպետք է տանուլ տայի…

– Սամվե’լ, դու ինչպե՞ս որոշեցիր, որ շախմատով շարունակելու ես լրջորեն զբաղվել:

-Ես միշտ էլ մտածել եմ, թե ուրիշ ինչ գործով կարող եմ զբաղվել, սակայն շախմատն ինձ համար ամենակարեւորն է: Դրա համար էլ որոշել եմ` հաստատ շախմատով եմ շարունակելու:

– Իսկ ունե՞ս հետաքրքրություններ, որոնք շախմատի չափ ես սիրում:

-Շախմատի չափ` այո, բայց շախմատից շատ` ոչ (ժպտում է` Ժ.Պ.): Սիրում եմ հեռուստացույց նայել, մարզվել, վազել, լողալ, տարբեր սպորտաձեւերով եմ հետաքրքրվում:

– Սամվել, արդեն հայտնի է, որ հունվարին մասնակցելու ես Վեյկ ան Զեեում անցկացվելիք Տատա Սթիլ խոշոր մրցաշարին: Ինչպե՞ս ես պատրաստվում այդ մրցապայքարին, ովքե՞ր են ուղեկցելու քեզ այնտեղ:

– Նայում եմ բոլոր մասնակիցների պարտիաները, պատրաստվում եմ, շատ եմ ուզում լավ հանդես գալ: Քանի որ մրցաշարը երկար է լինելու` պետք է աշխատեմ պահել ֆիզիկական վիճակս:

– Այլ մոտակա ծրագրեր կա՞ն:

– Դե, Վեյկ ան Զեեից առաջ ոչինչ չկա…

-Սամվե’լ, իսկ հասցնո՞ւմ ես դպրոցական պարապմունքներդ, շփվո՞ւմ ես դասարանցիներիդ հետ:

-Դպրոցի հարցը բարդ է, քանի որ այնտեղ չեն թողնում տասը օրից ավել բացակայել, իսկ ես հաճախ եմ մրցաշարեր ունենում: Տանն եմ սովորում դասերս, փորձում եմ հասցնել: Դասարանցիների հետ քիչ եմ տեսնվում, եթե շփվում ենք, ապա հիմնականում համացանցով: Բայց ես ավելի շատ սիրում եմ շախմատից տեղյակ երեխաների հետ շփվել:

– Սամվե՛լ, կա՞ ինչ-որ շախմատիստի խաղաոճ, որ որդեգրել ես քեզ համար:

-Սիրում եմ Կասպարովի խաղաոճը, բայց այնպես չէ, որ միշտ նրա պես եմ խաղում:

– Սամվե’լ, ի՞նչ նպատակներ ունես:

-Ես սիրում եմ փոքր նպատակներ ունենալ եւ առաջ շարժվել, մեծ նպատակների մասին չեմ մտածում: Այսօր ուզում եմ բարձրացնել իմ վարկանիշը, ուժեղացնել խաղս: – Իսկ կա՞ կոնկրետ մի բան, ինչի վրա պետք է աշխատես:

– Ինչպե՞ս ես վերաբերվում պարտություններին: Հե՞շտ ես տանում:

-Ոչ, շատ եմ ազդվում պարտություններից, միանգամից սկսում եմ ինձ վատ զգալ: Բայց հաջորդ պարտիան աշխատում եմ այնպես խաղալ, կարծես նախորդ պարտությունս չի եղել, եւ իբր ես նոր մրցաշար եմ սկսում:

– Լարված մրցաշարերից հետո ինչպե՞ս ես հանգստանում:

-Շախմատ եմ խաղում ինձ համար…

– Սամվե’լ, ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում, ո՞րն է ամենասիրածդ տեղը, պատրաստվո՞ւմ ես մոտակա ժամանակներում Հայաստան գալ:

-Հայաստանում հաճախ չեմ լինում: Վերջին անգամ եղել եմ 2010 թվականի ամռանը: Ամենասիրածս տեղը Հանրապետության Հրապարակն է` իր շատրվաններով: Սիրում եմ այդտեղ զբոսնել:

 

 

Հարցազրույցը վարեց Ժաննա Պողոսյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում