Իր հոբելյանական խաղում Կասիլյասը յուրօրինակ ցուցանիշ է սահմանել

«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը մադրիդյան ակումբի պատմության երրորդ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է 700 հանդիպման:

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ` «Սան Լորենցոյի» հետ հանդիպումը Կասիլյասը համար 700-րդն էր «Ռեալի» կազմում: «Ռեալի» 112-ամյա պատմության ընթացքում Կասիլյասից բացի նման ցուցանիշ գրանցել են Ռաուլը և Սանչիսը: Նման հաջողության Կասիլյասը հասել է` մասնակցելով 7 մրցաշարի. Լա լիգայում նա մասնակցել է 491 խաղի, Չեմպիոնների լիգայում` 146, Իսպանիայի գավաթի խաղարկությունում` 40, Իսպանիայի Սուպերգավաթում` 13, Աշխարհի ակումբային առաջնությունում` 5, Եվրոպայի Սուպերգավաթում` 3, Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում` 2:

1999 թվականի սեպտեմբերի 12-ին Իկեր Կասիլյասը նշեց նորամուտը «Ռեալում». այս ընթացքում նա 448 հաղթանակ է տոնել, 112 անգամ ոչ-ոքի խաղացել և 130 խաղում պարտվել: 700 հանդիպումներից 696-ի դեպքում Իկերը եղել է մեկնարկային կազմում և միայն 4 անգամ է դուրս եկել փոխարինման:

Բացի այդ, «AS» պարբերականը հաղորդում է, որ Իկեր Կասիլյասը յուրօրինակ ցուցանիշ է սահմանել: Նա առաջին ավագն է, ում հաջողվել է հաղթել 8 մրցաշարում` Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Եվրոպայի Սուպերգավաթում, Իսպանիայի Սուպերգավաթում, Աշխարհի ակումբային առաջնությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում