«Ռոմայի» 7 լեգենդները

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան դառնում է Հռոմի իսկական լեգենդը, իսկ «Champions Matchday» ամսագիրը պատմում է 7 այլ մարդկանց մասին, ովքեր վառ հետք են թողել ակումբի պատմության մեջ: Ամսագրի հրապարակումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հիմնադրման լեգենդար պահից մինչև Հանրապետության առաջացումը` մ.թ.ա. 509-ը, Հռոմը 7 թագավոր է կառավարել: «l’Ottavo Re di Roma. Հռոմի 7-րդ թագավոր» անվանմամբ շատերին են դիմել, և ոչ միայն ֆուտբոլի բնագավառում: Այս տիտղոսի վերջին թեկնածուն «Ռոմայի» 50-ամյա ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան է, ով ընդամենը մեկ մրցաշրջանում դարձավ ակումբի երկրպագուների սիրելին: 2013 թվականին «Լիլից» տեղափոխվելով «Ռոմա»` նա շատ արագ կարողացավ իր անունը գրել ակումբի պատմության մեջ: Գարսիայի ղեկավարությամբ «Ռոման» Իտալիայի առաջնության մեկնարկային 10 խաղում 10 հաղթանակ տոնեց: Այդ ընթացքում առաջին անգամ 2.5 տարվա մեջ «գայլերը» հռոմեական դերբիում պարտության մատնեցին «Լացիոյին»: «Մենք ամեն ինչ մեր շուրջ հետ բերեցինք»,-հայտարարեց Գարսիան` ակնարկելով, որ Հավերժ քաղաքում կարգուկանոն է հաստատվել:

Գարսիայի թիմը շատ դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց, սակայն նույնիսկ ռեկորդները (1 մրցաշրջանում 85 միավոր և 21 հանդիպում առանց գնդակ բաց թողնելու) չբավարարեցին, որ «Ռոման» չեմպիոն դառնա. ոսկին հերթական անգամ բաժին հասավ «Յուվենտուսին»: Այդուհանդերձ ձեռքբերում կարելի էր համարել նաև այն, որ 2010-11թթ. մրցաշրջանից հետո առաջին անգամ «Ռոման» Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն ստացավ: Եվ քանի դեռ Գարսիան փորձում է Հռոմի 7-րդ թագավորը դառնալ, մենք արժանին ենք մատուցում նախորդներին…

Ամադեո Ամադեի

Ծնունդով Ֆրասկատիից Ամադեոն «l’Ottavo Re di Roma» կոչումը ստացավ այն բանից հետո, երբ «Ռոմային» օգնեց 1942 թվականին առաջին անգամ հաղթել Իտալիայի առաջնությունում: Ամադեիի ավելի հայտնի կոչումը «il Fornaretto»-ն (Փոքրիկ հացթուխ) է, քանի որ նա շարունակում էր ընտանեկան գործով զբաղվել նույնիսկ 1937 թվականի մայիսի 2-ին, 15 տարեկան հասակում Իտալիայի առաջնությունում նորամուտը նշելուց հետո: Երիտասարդը մեկ շաբաթ անց խփեց իր առաջին գնդակը և այդ ժամանակ դարձավ իտալական ակումբում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Իմ արագությունը հաջողության բանալին էր: Երբ վազում էի, որևէ մեկն ինձ կանգնեցնել չէր կարողանում»,-հիշում էր Ամադեին: Իտալիայի հավաքականում նա 13 խաղ է անցկացրել ու 115 գնդակ խփել «Ռոմայի» համար նախքան «Ինտեր» տեղափոխվելը: Ամադեոն կարիերան ավարտեց «Նապոլիում»: ««Ռոման» ինձ պահելու համար գումար չուներ, սակայն «Ինտերի» և «Նապոլիի» հետ պայմանագրերս թույլ էին տալիս չխաղալ հռոմեական թիմի դեմ: Նրանք ինձ չէին կարող խնդրել հարվածել սեփական մորս»,-պատմում էր նա:

Ամադեոն այս տարի 92 տարեկանում հեռացավ կյանքից: «Նա թիմի իրական խորհրդանիշն էր, նրան սիրում էին երկրպագուների շատ սերունդներ»,-ասվեց «Ռոմայի ցավակցական հայտարարության մեջ: 

 

Նիլս Լիդհոլմ

«Միլանի» և Շվեդիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի գլխավորությամբ 1983-ին 41 տարվա մեջ առաջին անգամ «Ռոման» նվաճեց սկուդետոն: Բարոն մականունը ստացած Լիդհոլմը լեգենդար թիմ կառուցեց, որը մեկ անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունում, 3 անգամ Իտալիայի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև 1983-84թթ. մրցաշրջանում պայքարեց Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»: «Միլանում» անցկացրած 12 տարիների ընթացքում Լիդհոլմն Իտալիայի առաջնությունում ոչ մի դեղին քարտ չստացավ: Նա Իտալիայում առաջին մարզիչներից էր, ով հիմնվեց պաշտպանության գծի և գնդակի տեղաշարժը վերահսկելու վրա. «Պահիր գնդակն ամբողջ 90 րոպե և մրցակիցդ ոչ մի կերպ չի խփի»,-ասում էր Լիդհոլմը: 

Բրունո Կոնտի

Իտալական ֆուտբոլում Լիդհոլմի գործունեությունից հաջողությամբ օգտվեց Կոնտին: «Ես Լիդհոլմին պարտք եմ ամեն ինչի համար: Առաջին խաղս նրա ղեկավարությամբ եմ անցկացրել, և նա ինձ ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է կատարում ջանասիրաբար կատարված աշխատանքը, ինքնակառավարումն ու իրերը ճիշտ դիրքից դիտելու կարողությունը»,-ասում էր 1982 թվականի աշխարհի չեմպիոնը: Փոքրիկ Նետտունոյում ծնված ֆուտբոլիստը տեխնիկապես այնքան ուժեղ էր, որ 1982 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Պելեն հայտարարեց. «Նա բրազիլական ձևով բրազիլացիներից լավ է խաղում»: 7-րդ համարի տակ հանդես գալով` Կոնտին «Ռոմայի» համար 37 գնդակ է խփել Իտալիայի առաջնության 304 խաղերում: Կենդանի լեգենդի ակտիվում Իտալիայի առաջնության 1983-ի ոսկի կա և 5 ազգային գավաթ: ««Ռոման» իմ ամբողջ կյանքն է: Այս ակումբը քննարկել պետք չէ, այն պարզապես սիրել է պետք»,-ասել է Կոնտին, ով հիմա աշխատում է ակումբի երիտասարդների հետ:

Ֆալկաո

Եթե Կոնտին իր ստեղծագործական սրամտությամբ դարձավ «Ռոմայի» 80-ականների մեծագույն դեմքերից մեկը, ապա բրազիլացի կիսապաշտպան Ֆալկաոն նրա գլխավոր դիրիժորն է: «Նա պաշտպանողական ոճի լավագույն ֆուտբոլիստն է, ում ես տեսել եմ»,-խոստովանել է Լիդհոլմը: Հարավամերիկացին «Ռոմայի» ֆուտբոլիստը դարձավ 1980 թվականին, ու աստիճանաբար նվաճեց իր մասին քիչ բան իմացող երկրպագուների սերը: Իր տաղանդի, տակտիկական լավ մտածողության և 5-րդ համարի հզոր հարվածի շնորհիվ «Ռոմայում» նա կարողացավ 5 մրցաշրջանի ընթացքում 22 գնդակ խփել (107 խաղում): Ֆալկաոն իրապես կարող է կոչվել Հռոմի թագավոր: 

Ֆաբիո Կապելլո

«Ռոմայի» երկրպագուներին շատ տխրեցրեց մարզչի` «Յուվենտուսը» ղեկավարելու որոշումը, քանի որ թուրինյան ակումբը, որի կազմում Կապելլոն խաղացել էր 1970-ականներին, թիմի հիմնական մրցակիցն էր: Բայց, այդուհանդերձ, Ռուսաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը մեծ ավանդ ունի 2000-01թթ. մրցաշրջանում նվաճած ոսկի մեդալների գործում: Ամեն ինչ դրան նախորդած մրցաշրջանից սկսվեց, երբ «Ռոման» Իտալիայյի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց, իսկ տիտղոսը բաժին հասավ «Լացիոյին»: «Հիշում եմ` խաղ եղավ, երբ փոփոխություն էի ցանկանում կատարել, բայց իմ տրամադրության տակ միայն երիտասարդ ֆուտբոլիստներ էին, ովքեր անպատրաստ էին»,-հիշում է Կապելլոն: Հաջորդ ամռանը նա ակումբի նախագահ Ֆրանկո Սենսիին համոզեց փորձառու ֆուտբոլիստների գնել. Գաբրիել Բատիստուտային, Էմերսոնին և Վալտեր Սամուելին: Կապելոյի փոփոխությունները միանգամից հասան նպատակին: ««Յուվենտուսում» և «Միլանում» հիանալի կազմակերպվածություն կար: «Ռոմայում» ամեն բան այլ էր: Շատ տանջվեցի, մինչև թիմը դադարեց սահմանափակվել ռեսուրսների պատճառով»,-ասում էր Կապելոն: 

Դանելե Դե Ռոսսի

Դե Ռոսսին ծնվել ու մեծացել է Հռոմում, դաստիարակվել է ակումբի ակադեմիայում և երբեք չի դավաճանել այն: «Միակ բանը, որի համար զղջում եմ այն է, որ «Ռոմայի» կազմում կարող եմ միայն մեկ կարիերա անցկացնել»,-մի անգամ ասել է նա: Առաջին թիմի կազմում Դե Ռոսսին նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի` «Անդերլեխտի» դեմ 2001 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ նա ընդամենը 18 տարեկան էր: Դե Ռոսսին այնքան արագ «բացվեց» ակումբում, որ դարձավ ավագի ապագա թեկնածուներից մեկն այն դեպքում, երբ ոչ բոլորին էին արժանացնում նման պատվի: Հռոմում կարծում են, որ կիսապաշտպանը «կխլի» թևկապը Տոտտիից, երբ վերջինս ավարտի կարիերան, սակայն Չեսկոն չի շտապում հեռանալ: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին և թվերին` «Ռոմայի» կենդանի լեգենդներից մեկն Իտալիայի առաջնությունում 300-ից ավելի խաղ է անցկացրել, 2 անգամ հաղթել է Իտալիայի գավաթի խաղարկությունում, իսկ 2006-ին Իտալիայի հավքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն:

Ֆրանչեսկո Տոտտի

2011-ին Տոտտին A սերիայում խփած գնդակների թվով շրջանցեց Ռոբերտո Բաջոյին, երբ դուբլ ձևակերպեց «Բարիի» դեմ խաղում և ցուցադրեց «Հռոմի թագավորը չի մահացել» գրությամբ շապիկը: Այժմ Տոտտին հռոմեական ակումբում արդեն 23-րդ մրցաշրջանն է անցկացնում: Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակում նա հետ է մնում միայն Սիլվիո Պիոլայից (274 գնդակ): 37 տարեկանում Տոտտին Գարսիայի թիմի շարժիչ ուժն է, և վերջինս նրան մեծ հնարավորություններ է տալիս հարձակվողի դիրքում: Տոտտին շարունակում է կատարելագործվել հարձակման գծի դիրիժորի դիրքում և հմտորեն կազմակերպում է հռոմեացիների խաղը: Տոտտին միակն է, ում համար «Հռոմի արքա» բնորոշումը մի տեսակ փոքր է թվում: Իտալացու նախկին թիմակից Յոն-Արնե Ռիսեն նրան լավագույնս է բնութագրել. «Տոտտին Հռոմի աստվածն է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում