Արսեն Ջուլֆալակյանի հարցազրույցը հաղթանակից հետո (տեսանյութ)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլինպիական խաղերի արծաթեմեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը երեկ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում հաղթեց ամերիկացի Կարլ Դեյկին։

Մեր ըմբիշը հաղթանակից հետո խոսել է գոտեմարտի մասին։

-Սա ինձ համար մեծ փորձ էր։ Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի գորգում հանդիպում ազատոճային ըմբիշի։ Ինձ համար դժվար չէր, բայց անսովոր էր։ Դու չգիտես՝ ինչպես է նա գոտեմարտում, որոշակի պահերի ինչպես է գործում։ Նա ինձ համար անակնկալ էր։ Իհարկե, բարձրակարգ ըմբիշների հետ միշտ պետք է ուշադիր լինել։ Ես մի քանի անգամ հարկ եղածի պես ուշադիր չեղա և միավորներ տվեցի այնպիսի դիրքերից, որոնցից երբեք մրցակցիս միավոր չէի տվել։ Պետք է միշտ շատ-շատ կենտրոնացած լինես։ Սա իրոք լավ փորձ էր։

Իհարկե, երկրորդ փուլի միավորս ամենալավն էր։ Ես համոզված էի, որ իմ մրցակցից կարող եմ երկու, չորս, վեց, անգամ ութ միավոր ստանալ, այլ պայմաններում կարող էի նաև ավելին, բայց նա ազատոճային ըմբիշ է, և ես չուզեցի ռիսկի գնալ, քանի որ ազատոճայիններն ավելի ճկուն են, դրա համար էլ վերևից հարձակումների չէի գնում և գերադասում էի պարտերից աշխատել,-ասել է Արսենը։

Պատասխանելով հարցին, թե գումարի՞ համար է համաձայնել մենամարտին, Արսենը ասել է.

-Ֆինանսական կողմն ինձ համար խնդիր չէր։ Կարող եմ ասել նույնիսկ, որ ես սովորաբար նման գումարի դիմաց չեմ գոտեմարտում։ Իմ գոտեմարտերի գինը շատ ավելի բարձր է, բայց ես համաձայնեցի, քանի որ ինձ համար հետաքրքիր էր ազատոճայինի հետ մրցելը, «Մեդիսոն Սքուեր Գարդենում» ելույթ ունենալը, բայց ոչ գումարը, քանի որ այս գումարն այնպիսին չէր, որոնց համար ես սովորաբար գոտեմարտում եմ։

Արսենը նաև պատմել է, թե էլ ում հետ կուզենար հանդիպել մրցագորգում։

-Ես հետաքրքրված եմ Ջորդան Բարոուզով, և կարող եմ բացատրել՝ ինչու։ Նա շատ արագաշարժ է, և ես սիրում եմ արագ ըմբշամարտ։ Այնպես որ ինձ համար հետաքրքիր կլինի, անգամ ոչ նման մասշտաբներով, բայց գոտեմարտել նրա հետ, և երբ մի օր հանդիպեմ նրան, երևի կառաջարկեմ թեկուզ փորձնական հանդիպում ունենալ գորգում,-ամփոփել է մեր մարզիկը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում