Կայացել են հրաձգության և ձյուդոյի ֆեդերացիաների հաշվետվությունների լսումները

2014թ. մարզական միջոցառումներին ուղղված պետական բյուջեի ֆինանսական հատկացումների, հավաքական թիմերի պատրաստման օրացուցային պլանի, կենտրոնացված ուսումնամարզական գործընթացի կազմակերպման, մանկապատանեկան մրցումների անցկացման վերաբերյալ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել Հայաստանի հրաձգության և ձյուդոյի ֆեդերացիաները:

Նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ` լսումներին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 2014 թվականին կազմակերպել ու անցկացրել է ուսումնամարզական հավաք, գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնություն, գնդակային հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության մրցաշար, Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշար:

2014 թվականին Չինաստանի Նանկին քաղաքում անցկացված ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերին հրացան մարզաձևում Հրաչիկ Բաբայանը գրավել է 2-րդ մրցանակային տեղն՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ ատրճանակ մարզաձևում Զավեն Իգիթյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի հավաքական թիմն Իսպանիայի Գրանադա քաղաքում մասնակցել է հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությանը, որտեղ նվաճել է 3 անհատական և 2 թիմային մեդալ: 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպայի խաղերին հրաձգության հավաքականից մասնակցելու է 2 մարզիկ՝ հրացան և ատրճանակ մարզաձևերում:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունում ներկայացված էր 2014 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների անցկացրած ուսումնամարզական հավաքների, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն: 2014 թվականին մեծահասակների հավաքական թիմն անցկացրել է 11 ուսումնամարզական հավաք (9-ն՝ արտերկրում, 2-ը՝ Հայաստանում), երիտասարդների հավաքական թիմը՝ 4 ուսումնամարզական հավաք (3-ն՝ արտերկրում, 1-ը՝ Հայաստանում), իսկ պատանիների հավաքական թիմը նույնպես՝ 4 ուսումնամարզական հավաք (2-ն՝ արտերկրում, 2-ը՝ Հայաստանում): 2014 թվականին մեծահասակների հավաքական թիմը նվաճել է 14 մեդալ, երիտասարդների հավաքական թիմը՝ 10 մեդալ, իսկ պատանիների հավաքական թիմը՝ 12 մեդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում