Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի լավագույնները

Լուիս Ադրիանոն, Լեո Մեսսին, Ֆրանչեսկո Տոտտին, Մադրիդի «Ռեալը» ռեկորդներ սահմանեցին, Բրել Էմբոլոն բարձրաձայնեց իր տաղանդի մասին…

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլն արդեն անցյալում է, 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են, և ճիշտ ժամանակն է անցած փուլին հայացք գցելու համար:

Լավագույն ֆուտբոլիստը` Լուիս Ադրիանո («Շախտյոր»): Լուիս Ադրիանոն մինչ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկն էլ Եվրոպայում հարգված ֆուտբոլիստ էր, սակայն մրցաշարի խմբային փուլում նա կարողացավ դասվել ռեկորդակիրների շարքին: ԲԱՏԷ-ի հետ արտագնա խաղում 27-ամյա ֆուտբոլիստը 5 գոլ խփեց և դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայի 1 խաղում 5 գոլ խփել (առաջինը նման արդյունքի հասել է Լիոնել Մեսսին): Բելառուսական թիմի հետ պատասխան խաղում Ադրիանոն հեթ-տրիկ ձևակերպեց` ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցնելով 9-ի և կրկնելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն խմբային փուլի արդյունավետության ռեկորդ էր սահմանել` խփելով 9 գոլ: Դե ինչ, 1/8 եզրափակիչ փուլի` «Բավարիայի» հետ խաղում «Շախտյորում» կա մեկն, ում վրա կարելի է հույս դնել:

Նոր տաղանդը` Բրել Էմբոլո («Բազել»): Կամերունական ծագմամբ Շվեյցարիայի քաղաքացիություն ստացած ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում երիտասարդական Չեմպիոնների լիգայի աստղերից էր, իսկ այս աշնանը բարձրաձայնեց իր մասին մրցաշարի գլխավոր խաղարկությունում: 17 տարեկան հասակում Էմբոլոն նա փոխարինման դուրս եկավ «Ռեալի» հետ խաղում, ապա մեկնարկային կազմում մասնակցեց «Լիվերպուլի» հետ տնային խաղին, իսկ «Լուդոգորեցի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ և օգնեց «Բազելին» 4:0 հաշվով հաղթանակ տոնել: Բայց ամենաուշագրավն այն է, որ այդ խաղի հաջորդ օրը Բրելը սովորականի պես գնաց դպրոց. «Ինձ զգուշացրել էին, որ դպրոցում լինեմ ճիշտ ժամանակին: Պայմանավորվածությունը պետք էր պահպանել»,-պատմում է երիտասարդ ֆուտբոլիստը:

Աստղային վետերանը` Ֆրանչեսկո Տոտտի («Ռոմա»): Տոտտին «Ռոմայի» կազմում գոլեր էր խփում, երբ Էմբոլոն չէր ծնվել (1997 թվականին), և դեռ չի հոգնել: «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում «գայլերի» առաջատարը գոլ խփեց և գերազանցեց Ռայան Գիգզի սահմանած ռեկորդը: Վերջինս Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն էր: Օրեր անց` 38 տարեկան և 59 օրական հասակում Տոտտին գերազանցեց իր իսկ ռեկորդը` գրավելով արդեն ԲԿՄԱ-ի դարպասը: «Ես արդեն ասել եմ, որ 38 տարեկան եմ, բայց տարիքս չեմ զգում»,-խաղից հետո հայտարարեց լեգենդար իտալացին:

Լավագույն թիմը` «Ռեալ»: Չեմպիոնների լիգայում «Ռեալը» բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, սակայն մադրիդցիները դրանցից չեն հոգնել: Ընթացիկ խաղարկության խմբային փուլում «Ռեալը» միայն հաղթանակ է տոնել` դառնալով առաջին թիմը, որին հաջողվել է երկու անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել 100 տոկոսանոց ցուցանիշով. առաջին անգամ նման հաջողության մադրիդցիները հասել էին 2011-12թթ. խաղաշրջանում: Բացի այդ, Կարլո Անչելոտիի թիմը, խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, մոտակա մրցակցին գերազանցեց 11 միավորով:

Թիվը` 75, Լիոնել Մեսսի: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շրջանցեց «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին և դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն: Ռաուլը խփել էր 71 գոլ, Մեսսին այս խմբային փուլում խփած գոլերի քանակը հասցրեց 75-ի և սահմանեց նոր ռեկորդ: Ռաուլին գերազանցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն պորտուգալացու ակտիվում կա 72 գոլ:

Լավագույն խոսք` «Մենք փոքրիկ սպորտային հրաշք գործեցինք»: Այսպես «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը բնութագրեց «Օլիմպիակոսի» հետ դրամատիկ խաղում տոնած հաղթանակը (3:2), որն արդյունքում վճռորոշ եղավ, և թուրինյան թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Լավագույն խաղը` «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա»` 3:2: Խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» եզրին էր հայտնվել, «Ռոման» պայքարը շարունակելու լավ հնարավորություն ուներ, սակայն ԲԿՄԱ-ին հաջողվեց ոչ-ոքի կորզել հռոմեացիաների հետ խաղում, իսկ «Մանչեսթեր Սիթին», «Բավարիայի» հետ խաղի ավարտից 5 րոպե առաջ 1:2 հաշվով պարտվելով, կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ տոնել: Խաղի վերջնամասում Սերխիո Ագուերոն հաղթանակ պարգևեց իր թիմին, իսկ հաջորդ տուրում` «Ռոմայի» հետ արտագնա խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «քաղաքաբնակները» դուրս եկան 1/8 եզրափակիչ:

Լավագույն գոլը` խմբային փուլի լավագույն գոլերը կարող եք դիտել և քվեարկել այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում