Աբիդալը` որպես պայքարողի և հաղթողի օրինակ

35 տարեկանում Էրիկ Աբիդալը հայտարարեց իրադարձություններով լի 15 տարվա կարիերայի ավարտի մասին: Այդ ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղացել է «Մոնակոյում», «Լիլում», «Լիոնում», «Բարսելոնայում» և «Օլիմպիակոսում»:

«Ֆուտբոլային կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ անձնական պատճառներից ելնելով: Ժամանակն է կյանքի մի նոր գլուխ սկսելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Օլիմպիակոսին» վերջին ամիսների աջակցության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ, բոլոր բժիշկներին, ովքեր հոգ են տարել իմ մասին դեռ մանկուց: Իհարկե, ես շնորհակալ եմ բոլոր ակումբներին, որտեղ անմոռանալի պահեր եմ ապրել»,-հայտարարեց Աբիդալը հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ:

Էրիկ Աբիդալը Ֆրանսիայի հավաքականում 67 խաղի է մասնակցել, հասել 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ: Հաջողություններ է գրանցել «Լիոնի» կազմում` 3 անգամ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, և «Բարսելոնայում»: Իսպանիայում Աբիդալը չեմպիոնական 4 տիտղոս է նվաճել, 2 ազգային գավաթ: 2009-ին և 2011-ին նա կատալոնացիների հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունում չեմպիոն է դարձել: Ճիշտ է` եվրագավաթի 2009 թվականի եզրափակիչն առանց նրա ընթացավ: Աբիդալը որակազրկման պատճառով չկարողացավ դաշտ դուրս գալ: 2010-11թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ  Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով տոնած հաղթանակը յուրահատուկ էր Աբիդալի համար, քանի որ ընդամենը 2 ամիս առաջ նա ենթարկվել էր երիկամի վիրահատության:

«Ֆուտբոլն իր վերելքներն ու վայրէջքներն ունի: Վայրէջքների ընթացքում պետք է վճռական լինել ու պահպանել հավատը: Ֆուտբոլն ինձ համար միշտ էլ հիվանդության մասին մոռանալու տարբերակ է եղել: Իմ նպատակը դաշտ վերադառնալն էր: Այդ վերադարձն ավելի զգացմունքային պահ էր, քան մրցաշարերում հաղթելու պահերը»,-ասում էր Աբիդալը:

2012-ին Աբիդալին լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկեցին, իսկ հաջորդ տարի նա վերադարձավ դաշտ,  հետո լքեց «Բարսելոնան», որի կազմում խաղացել էր 6 տարի: Աբիդալը վերադարձավ «Մոնակո»` կարիերայի առաջին ակումբ: Այնտեղ նա մեկ մրցաշրջան անցկացրեց ու տեղափոխվեց Հունաստան` դառնալով «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ:

Մոտ ապագայի ծրագրեր Աբիդալը դեռ չի կազմել. «Բարսելոնայից» առաջարկ ունեմ երիտասարդական ակադեմիայում աշխատելու համար: Մինչև այսօր ես պայմանագիր ունեի «Օլիմպիակոսի» հետ ու նրանցից ևս առաջարկ ունեմ: Առաջիկա մի քանի շաբաթն ուզում եմ նվիրել ընտանիքիս հետ հանգստին: Դրանից հետո ապագայի վերաբերիալ որոշում կընդունեմ»,-ասաց արդեն նախկին ֆուտբոլիստը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ:

Օրինակելի պաշտպանի մասին խոսում են նրա ընկերները, մարզիչներն ու թիմակիցները:

«Օլիմպիակոսի» մարտավարական հարցերի խորհրդատու Կրիստիան Կարամբե. «Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ մենք շատ էմոցիաներ տեսանք: Ես հպարտ եմ Էրիկ Աբիդալի հետ այստեղ լինելու համար, նա հանճարեղ ֆուտբոլիստ և մարդ է: Մեր ֆուտբոլիստներից որոշները եկել են, որպեսզի աջակցեն նրան նման որոշումից հետո: Մենք հասկանում ենք քո քայլը: Դու մեզ կյանքի իսկական դաս տվեցիր: Դու մեր ընտանիքի անդամն ես ու «Օլիմպիակոսի» դռները միշտ բաց կլինեն քո առաջ: Քեզ ամենայն բարիք եմ մաղթում կյանքիդ նոր գլխում»:

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվես. «Նա ամենաբարի սիրտն ունի: Նա երբեք իր մասին չի մտածում, միշտ միայն ուրիշների մասին է մտածում»:

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետա. «Մենք բոլորս ցանկանում էինք, որ նա վերսկսի կարիերան, սակայն Աբիդալը բոլորից շատ էր հավատում իր վերադարձին: Որոշ բաներ դուրս են սպորտի սահմաններից: Սա այդ դեպքերից է»:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլա. «Մարդիկ Աբիդալին սիրում են, որովհետև ճշմարտություն են տեսնում նրա խոսքերում, ձգտումների ու աշխատանքի մեջ: Մարդիկ գնահատում են դա, դրա համար էլ սիրում են նրան: Նա շատ լուրջ փորձություն է անցել ու դրանով մեզ բոլորիս համար օրինակ է դարձել: Աբիդալը չի կարողանում հանձնվել: Նման հասկացողություն նրա համար գոյություն չունի: Նա հիանալի մարդ է: Ֆուտբոլիստները նրա հանդեպ միայն ջերմ զգացմունքներ են տածում»:

Բժիշկ Խուան Կառլոս Գարսիյա-Վալդեկասաս. «Աբիդալի դաշտ վերադարձն իսկական հրաշք է: Վիրահատության ընթացքում փորձել ենք պահպանել նրա կյանքը և նույնիսկ չենք էլ մտածել, որ նա կկարողանա վերականգնվել ու վերսկսել կարիերան: Աբիդալը լավատես մարդ է: Նա երբեք ոչնչից չի դժգոհում»:

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլ. «Եթե ինձ խնդրեին առանձնացնել կարիերայիս ամենավառ պահը, ես կհիշեի Աբիդալի հետ «Ուեմբլիում» Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացնելու պահը: Նա երկար բացակայեց, բայց կարողացավ յուրահատուկ պահեր ապրել: Շատ բարդ է ասել, թե նա ինչ է մեզ տվել ու ինչ նշանակություն ունի մեզ համար::

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգաս. «Նա խաղում էր ասես ոչ մի դադար չի եղել: Նա օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին»:

Առաջին մարզիչ Ժան-Պոլ Լոտշ (Աբիդալի հետ աշխատել է 7 տարի). «Աբիդալն իր տեխնիկայով ու արագությամբ մեր թիմի կեսն էր: Միշտ անհանգստանում էի նրա ոտքերի համար, քանի որ շատ բարակ էին թվում: Անկախ եղանակից` նա միշտ առաջինն էր դուրս գալիս մարզման, իսկ դրանից հետո նա ստիպված էր շրջել հանդերձարանում»:

Պրոֆեսիոնալ կարիերայում Աբիդալի առաջին մարզիչ Կլոդ Պյուելը. «Մոնակոյում ընկեր ունեի, ով շատ էր ցանկանում, որ Աբիդալին կանչեմ դիտարկելու: Նա այնքան համառ էր, որ ես ինչ-ոչ մեկն ուղարկեցի տեսնելու տղային: Նրանք «Նիցայի» հետ խաղում էին Ֆրանսիայի գավաթի շրջանակում («Լիոն-Դյուշերի» կազմում, որն Աբիդալի օգնությամբ լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:0 հաշվով): Որոշեցի ընդունել նրան: Հետո միասին աշխատեցինք «Լիլի» կազմում»:

Պոլ Լե Գուեն Աբիդալի` մարզիչը «Լիոնում». «Նրան մարզելը շատ հեշտ էր. նա քեզ կես խոսքից էր հասկանում, կարող էր միշտ աջակցել: Դա գնահատելի արժեք է: Վիրահատությունից հետո տեսել եմ նրա սպիներն ու հասկանում եմ, որքան լուրջ է ամեն ինչ եղել: Անհավատալի էր նրան մի քանի օր անց տեսնել դաշտում»:

Էրիկ Աբիդալ. «Հիմա հասկանում եմ, թե որտեղ է կյանքի համար իսկապես կարևոր երևույթների ու ոչ այնքան կարևորների սահմանը: Ես վաճառել եմ ավտոմեքենաներս, քանի որ դրանք անիմաստ էին: Եթե ֆուտբոլ ես խաղում, ապա կարող ես գնել ինչ ուզում ես, սակայն երբ քեզ հետ անհաջողություն է տեղի ունենում, դու հասկանում ես` իրեղեն արժեքները ոչինչ չարժեն: Հիմա ես գումար կներդնեմ հիվանդանոցներում, կօգնեմ երեխաներին ու միջոցներ կտրամադրեմ բարի գործերի համար…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում