«Նապոլին»` Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Արաբ մեծահարուստների առաջարկով Իտալիայի Սուպերգավաթի խաղը կայացավ դեկտեմբերին, Իտալիայից բավականին հեռու` Քաթարում: 

Դոհայի «Ալ-Սադդ» մարզադաշտում Իտալիայի Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոն «Յուվենտուսը» և գավաթակիր «Նապոլին»: Հանդիպման մեկնարկում թուրինցիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 5-րդ րոպեին աչքի ընկավ Կարլոս Տևեսը: Մասիմիլիանո Ալեգրիի սաների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 68-րդ րոպեն, երբ Գոնսալո Իգուայինը խփեց «Նապոլիի» պատասխան գոլը:

Խաղի հիմնական ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: 106-րդ րոպեին Կարլոս Տևեսը դուբլ ձևակերպեց և կրկին առաջ մղեց «Յուվենտուսին»: Թվում էր` հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի սուլիչից 2 րոպե առաջ` 118-րդ րոպեին կրկին Գոնսալո Իգուայինը վերականգնեց հավասարությունը:

 

Արդյունքում, Իտալիայի սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: 11 մետրանոց հարվածաշարն առավել դիպուկ իրացրեցին «Նապոլիի» ֆուտբոլիստները`  6:5:

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս»-«Նապոլի»` 2:2, հետխաղյա 11 մետրանոց` 5:6

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում