Մարսելո. Այժմ «Բարսելոնայի» մասին չենք մտածում

Մարսելո. Այժմ «Բարսելոնայի» մասին չենք մտածում

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղից (1:1) հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և ասել է, որ դեռ վաղ է մտածել «Բարսելոնայի» հետ խաղի մասին, որը կայանալու է մարտի 22-ին:

-Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել առաջնությունում: Նախքան այս խաղը 3 անընդմեջ հաղթանակ էինք տոնել, բայց «Վիլյառեալը» շատ լավ թիմ է, որը բարդացրեց մեր կյանքը: Մեզ մոտ չստացվեց առաջին խաղակեսը, իսկ երկրորդի ընթացքում փորձեցինք շտկել իրավիճակը: «Վիլյառեալն» արժանի էր այս ոչ-ոքիին:

Յուրաքանչյուր հանդիպում էլ շատ կարևոր է: Այժմ պետք է պատրաստվենք Բիլբաոյում կայանալիք խաղին: Դրա համար ունենք մեկ ամբողջ շաբաթ: Ինչ վերաբերվում է փոխարինումներին, ապա մարզիչը դա անում է թիմն ուժեղացնելու համար: Երկրպագուների դժգոհությունը հասկանալի է, քանի որ մենք չկարողացանք հաղթել:

Նախքան «Բարսելոնայի» հետ հանդիպումը դեռ խաղեր ունենք: Դեռ հայտնի չէ, թե մրցակցի նկատմամբ ինչ առավելություն ունենալով` կժամանենք «Կամպ Նոու»: Մենք յուրաքանչյուր խաղի առանձին ենք պատրաստվելու և այժմ «Բարսելոնայի» մասին չենք մտածում,-Մարսելոյի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այժմ ունի 61 միավոր  գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնայի» ակտիվում կա 59 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում