Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Երևանի N 194 դպրոցի աշակերտների հետ (լուսանկարներ)

Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Երևանի N 194 դպրոցի աշակերտների հետ (լուսանկարներ)

Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնած հայտնի մարզիկների` դպրոցներ այցերի շրջանակում այսօր աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն (2012, 2013, 2014), 2012 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, hունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այցելեց Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան N 194 հիմնական դպրոց:

Չնայած աշակերտներից շատերը գարնանային արձակուրդում էին` դպրոց էին եկել Արթուրի հետ հանդիպելու համար: Աշխարհի չեմպիոնը նախ այցելեց դպրոցի թանգարան:

Արթուր Ալեքսանյանն աշակերտներին պատմեց իր անցած մարզական ուղու մասին, ապա պատասխանեց հետաքրքրասերների բազմաբնույթ հարցերին: Աշխարհի չեմպիոնն ասաց, որ պետք է ամբողջովին նվիրվել սպորտին, այլապես դժվար կլինի բարձունքների հասնել:

«Յոթ տարեկանից սկսել եմ զբաղվել ըմբշամարտով, քանի որ հայրս ու հորեղբայրս ըմբիշներ էին: Առաջին մրցմանն ինը տարեկանում եմ մասնակցել և պարտվել եմ»,- ժպիտով վերհիշեց Արթուրը:

Մարզիկը անկեղծացավ`  ըմբշամարտի պատճառով շատ բացակայություններ է ունեցել. «Դպրոցում սիրելի առարկաս մաթեմատիկան էր, բայց հաճախ եմ բացակայել դասերից. սպորտն էր պահանջում»:

Հանդիպման ավարտից հետո Արթուրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անչափ հաճելի է երեխաների հետ շփումը.

«Շատ ուրախ եմ: Տպավորությունները շատ լավն են, միշտ պատրաստ եմ երեխաների հետ հանդիպել ու զրուցել: Ամենակարևորը, որ նրանք ոգևորված էին, և ես կարողացել եմ որոշ չափով օգտակար լինել: Գյումրիում այսպիսի հանդիպումներ եղել են այն դպրոցում, որտեղ ես եմ սովորել»,-եզրափակեց մարզիկը:

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում