Եվրոպայի Մ-23 առաջնություն. Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը երրորդն է

Եվրոպայի Մ-23 առաջնություն. Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը երրորդն է

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում ավարտվել է ազատ ոճի ըմբշամատի մրցաշարը, որին մասնակցում էր 27 երկրից 135 ըմբիշ:

Առաջնությանն ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև Հայաստանի 7 պատվիրակներ, որոնցից երկուսը դարձան մեդալակիրներ: 61կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Նարեկ Սիրունյանն (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ) շատ մոտ էին բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջեցին մրցակիցներին ու ստիպված եղան բավարարվել 5-րդ տեղով: Առաջնությունում մեր ազատ ոճի ըմբիշների ցույց տված արդյունքերը ըստ քաշային կարգերի այսպիսին են.

57 կգ՝ 8. Արտակ Հովհաննիսյան, 3 միավոր (թիմային հաշվարկային)
61 կգ՝ 1. Վոլոդյա Ֆրանգուլյան, 10 միավոր
65 կգ՝ 5. Նարեկ Սիրունյան, 6 միավոր
70 կգ ՝5. Իշխան Պողոսյան, 6 միավոր
74 կգ՝ 2. Գրիգոր Գրիգորյան, 9 միավոր
86 կգ՝ 9. Վահե Թամրազյան, 2 միավոր
97 կգ՝ 13. Վիկտոր Կազիշվիլի (հաշվակային միավոր են պարգևում մինչև 10-րդ տեղերը գրավողները):

Թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ՝

1.Ռուսաստան 3 (ոսկե), 0 (արծաթե), 3 (բրոնզե)

2.Վրաստան 2, 2, 1

3. Հայաստան 1, 1, 0

4.Բելառուս 1, 0, 1

5.Իտալիա 1, 0, 0

Մարտի 26-ին և 27-ին ստուգատեսում մեդալներ կվիճարկեն կանայք, իսկ մարտի 28-ից պայքարի ոլորտ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները: Այստեղ էլ աշխարհամասի չեմպիոնի կոչման համար մղվելիք մրցապայքարին Հայաստանի 5 պատվիրակ է մասնակցելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում