Ֆուտբոլային տոնը ստացվեց. ԽՍՀՄ-Աշխարհ` 3:3 (լուսանկարներ)

Ֆուտբոլային տոնը ստացվեց. ԽՍՀՄ-Աշխարհ` 3:3 (լուսանկարներ)

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ-ի և Աշխարհի խորհրդանշական հավաքականների հանդիպումը: Խաղից առաջ ֆուտբոլային աստղերը երկրպագուներին տոն էին խոստացել: Խոստումը կատարվեց, և հավաքականները երեքական գոլ խփեցին:

Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին Աշխարհի հավաքականի ֆուտբոլիստները: Համեմատաբար երիտասարդ ֆուտբոլիստների ակտիվությունը տվեց իր արդյունքը. նախ Անջելո դի Լիվիոյի փոխանցումից Իվան Սամորանոն գլխի հարվածով բացեց հաշիվը: Քիչ անց Ժան Պիեր Պապենը խփեց երկրորդ գոլը:

ԽՍՀՄ հավաքականի աստղերը կարողացան նախքան ընդմիջման գնալը հակահարված հասցնել: Վալերի Գազաևը, դիպուկ հարվածով եզրափակելով գեղեցիկ գրոհը, կրճատեց հաշվի տարբերությունը: Գազաևի գոլին հաջորդեցին օրվա հերոս Խորեն Հովհաննիսյանի և Իգոր Բելանովի գոլերը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Իվան Սամորանոն դի Լիվիոյի փոխանցումից վերականգնեց հաշվի հավասարությունը` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Երկրորդ խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գոլի հեղինակ դառնալ, և տոնական հանդիպումը խաղաղ ելք ունեցավ:

ԽՍՀՄ հավաքական – Աշխարհի հավաքական` 3:3
Գոլերը` Սամորանո (դուբլ), Պապեն – Գազաև, Հովհաննիսյան, Բելանով

Հավելենք, որ ավելի ուշ կներկայացնենք հանդիպման ամբողջական ֆոտոշարքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում