Ու՞ր ես շտապում… Ֆուտբոլի պատմության ամենաարագ հեռացումները

Ու՞ր ես շտապում… Ֆուտբոլի պատմության ամենաարագ հեռացումները

Միայն Սթիվեն Ջերրարդը չէ, որ գիտի` ինչ է նշանակում դուրս գալ խաղադաշտ ու միանգամից հեռացվել: Անգլիայի առաջնության 30-րդ տուրի` «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում գրանցված միջադեպն առիթ է ներկայացնելու ֆուտբոլի պատմության ամենաարագ հեռացումները:

Խոսե Բատիստա, 56 վայրկյան

Զուր է որևէ մեկը մտածում, որ Ուրուգվայի ֆուտբոլի գլխավոր ապստամբը Լուիս Սուարեսն է: Դեռ 80-ականներին այդ հավաքականում մի մարդ էր խաղում, ում արարքների համեմատ Սուարեսի` մրցակիցներին կծելը նուրբ պահվածք է: Պաշտպան Խոսե Բատիստան կոպիտ էր դիմավորում մրցակիցներին: Երբեմն նույնիսկ դաժանորեն: 1986-ի շխարհի առաջնության ժամանակ նրանից 56 վայրկյան պահանջվեց Գորդան Ստրաչանին «կոտրելու» համար: «Այնքան էր ցավում, որ առաջին 10 վայրկյաններին ես մեռնել էի ուզում»,-ինքնակենսագրականում խոստովանել է շոտլանդացին:

Սթիվեն Ջերրարդ, 38 վայրկյան

«Սթիվենը պահեստայիների նստարանից տեսնում էր, որ առաջին խաղակեսում շատ էինխնայում մրցակցին: Դրա համար էլ անհավատալի էներգիայով դուրս եկավ մարտի: Նրան չեմ կարող մեղադրել»,-ասում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Ման. Յունայթեդի» դեմ վերջին խաղից հետո, որտեղ Սթիվեն Ջերրարդը խաղադաշտից հեռացվեց երկրորդ խաղակեսի 38-րդ վայրկյանին: «Լիվերպուլի» լեգենդն ագրեսիվության համար թանկ վճարեց: Նա կանխամտածված կանգնել էր մրցակցի ֆուտբոլիստի` Էրրերայի ոտքին ու պատժվել կարմիր քարտով: «Ես շատ հիասթափեցրի տղաներին: Հիմար արարք էր: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու թիմակիցներիցս»,-այսպիսին է անկեղծ ավագի արձագանքը:

Ջեյսոն Կրոու, 33 վայրկյան

Հիանալի է, երբ ֆուտբոլիստը ձգտում է ինքնաարտահայտվել, սակայն ամեն ինչ իր սահմանն ունի: Չե՞ք հավատում, հարցրեք Ջեյսոն Կրոուին:  «Արսենալի» պաշտպանը երբեք չի մոռանա լոնդոնյան թիմում իր նորամուտը: Լիգայի գավաթի «Բիրմինգհեմի» դեմ խաղում Վենգերը 20-ամյա տղային հնարավորություն տվեց, իսկ նա… Խաղի 33-րդ վայրկյանին քիչ էր մնում կոտրեր Մարտին Օ’Կոննորի ոտքը: Դրա համար նա կարմիր քարտ ստացավ:

Մարկ Սմիթ, 19 վայրկյան

«Կրյու Ալեքսանդրի» դարպասապահը 1994-ին միայն 19 վայրկյան մասնակցեց «Դարլինգթոնի» դեմ խաղին: Նա որևէ մեկին «չսպանեց»: Պարզապես խափանեց մրցակցի վերջին հույսը: Արդյունքում երրորդ դիվիզիոնի ֆուտբոլիստը հայտնվեց անգլիական գրեթե բոլոր ամսագրերի շապիկներին: Ինչ խոսք` դա էլ է հաջողություն:

Քևին Պրեսսման, 13 վայրկյան

Եվս մեկ դարպասապահ: «Շեֆֆիլդ Ուենսդեյի» ֆուտբոլիստը 2000-ին դարձավ իր ապաշնորհ թիմակից պաշտպանների զոհը: «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում նա ստիպված էր դուրս գալ տուգանայինի մատույցներից ու ձեռքով խաղալ: Միջադեպից հետո Քևինն անընդհատ կրկնում էր. «Գնդակը ուսիս դիպավ: Ինձ անարդարացիորեն հեռացրին»:

Ջուզեպպե Լորենցո, 10 վայրկյան

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրովի է սկսում խաղը: Ինչ-որ մեկն ուզում է արագ գոլ խփել, մյուսը` փոխանցում կատարել, իսկ երրորդը նախընտրում է ստվերում մնալ ու չմասնակցել խաղին: 1990-ին Լորենցոն իր տարբերակը գործի դրեց: «Բոլոնիայի» հարձակվողը «Պարմայի» դեմ խաղի 10-րդ վայրկյանին ցույց տվեց, որ վատ բռնցքամարտիկ չէ ու հարվածեց մրցակցի դեմքին:

Դևիդ Պրատտ, 3 վայրկյան

Ահա ևս մեկ տարօրինակ պահվածք խաղի հենց սկզբում: Անգլիական «Չիպենհեմ Թաունի» կիսապաշտպանը միանգամից երկու ոտքերով թռավ մրցակցի վրա ու դրա համար կարմիր քարտ ստացավ:

Լի Թոդդ, 2 վայրկյան

Դաշտից հեռացվելու համար սարսափելի խախտում թույլ տալը կամ դարպասապահների դեպքում ձեռքով խաղալը պարտադիր չէ: Երբեմն մի քանի բառն էլ բավական է: Անգլիական «Կրոսս Ֆարմ Պարկ Սելտիկ» սիրողական թիմի հարձակվող Լի Թոդդը յուրովի արձագանքեց դարպասապահի` խաղն ազդարարող սուլոցին: Պաշտոնապես հայտարարեց. «Ինչու՞ ես այդքան բարձր սուլում, ապուշ»: Մրցավարը շատ պարզ պատասխանեց` կարմիր քարտ ցույց տալով նա ուղարկեց այնտեղ, որտեղ որևէ մեկը նրան չէր անհանգստացնի ձայներով` դատարկ հանդերձարան:

Ուոլտեր Բոյդ, 0 վայրկյան

«Սուոնսիի» հարձակվողը 2000-ին իր թիմի անկյունայինի ժամանակ դուրս եկավ դաշտ: Վազեց դեպի տուգանային հրապարակ ու… Ծնկով հարվածեց «Դարլինգթոնի» պաշտպանին: Քանի որ խաղը պաշտոնապես չէր վերսկսվել` Բոյդը ոչ մի վայրկյան էլ չխաղաց իր առաջ տեսնելով «կարմիր լույսը»:

Քեյթ Գիլլեսպի, 0 վայրկյան

Բրիտանիայում բավական հայտնի կիսապաշտպանը երբեք չի փայլել «սառը գլխով»: Եվ ահա 2007-ին «Շեֆֆիլդ Ուենսդեյ»-«Ռեդինգ» խաղում «արդյունավետ» կերպով փոխարինման դուրս եկավ: Ինչպես Բոյդի դեպքում, հիմա էլ թիմը տուգանային հարված էր իրացնում: Սակայն այս անգամ էլ այն չհասցրեց իրացվել, քանի որ Քեյթը ծնկով հարվածեց Սթիվեն Հանթին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում