Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին

Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում մեկնարկեց «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը: Հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին մասնակցում է 26 երկրի 300 ըմբիշ:

Մրցաշարի 1-ին օրը հունանռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 5 ըմբիշ: Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը, հասավ եզրափակիչ և 2:0 հաշվով առավելության հասնելով Իլիան Գեորգիևի նկատմամբ՝ հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին:

Facebook-ի իր էջում Արսենը լուսանկարներ է հրապարակել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:

75 կգ քաշային կարգում հաջող ելույթ ունեցավ նաև Կարապետ Չալյանը, ով դարձավ բրոնզե մեդալակիր: Կարապետը նախ 8:0 հաշվով հաղթեց ալբանացի Էնյո Լիմուշային, ապա քառորդ եզրափակչում առավելության հասավ թիմակցի՝ Վարշամ Բորանյանի նկատմամբ (4:0): Չալյանի առաջընթացը կանգնեցրեց բուլղարացի Իլիան Գեորգիևն, ով մեր ըմբիշին հաղթեց 4:1 հաշվով: Իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետը 3:0 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկին:

59 քաշային կարգում 17 ըմբիշների մրցապայքարում ելույթ ունեցած Նարեկ Խաչատրյանը, մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով զիջեց նորվեգացի Տիգ-Անդրե Բերգեին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Գերծանր քաշային կարգում ստուգատեսի հաղթող դարձավ եզրափակչում եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին 10:0 հաշվով պարտության մատնած ռումինացի Ալեքսիուս Ալին:  Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վաչիկ Եզիազարյանը 10 մասնակիցների պայքարում քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության հասավ բուլղարացի Լյուբիմիր Դմիտրովի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 3:12 հաշվով պարտվեց եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին: Վաչիկը 3-րդ տեղի համար պայքարում 0:8 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Արսլան Ալի Նայլին ու բավարարվեց 5-րդ տեղով:

Հավելենք, որ այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցանակներ կխաղարկվեն 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային կարգերում, որոնցում ելույթ կունենան նաև Հայաստանի պատվիրակներ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ) և 2014 թ աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

 

Օգտագործված աղբյուր` ՀԸՖ-ի պաշտոնական կայք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում