Ովքե՞ր են ոգեշնչում «Բավարիայի» ֆուտբոլիստներին

Ովքե՞ր են ոգեշնչում «Բավարիայի» ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների զուգընկերուհիներին ներկայացնելուց հետո հերթը հասել է Մյունխենի «Բավարիային»:

Կատրին Գիլչ` Մանուել Նոյերի կինը

Իր ապագա կնոջ հետ դարպասապահը ծանոթացել է Գերմանիայի հավաքականի կազմում ընկերական ելույթների ժամանակ: Այդ շրջանում Կատրինը մոդելային բիզնեսում է աշխատել և ազգային ընտրանու համար հատուկ ֆոտոշարք է պատրաստել: Գերմանիայում ժամանակին լուրեր էին պտտվում` իբրև հենց Կատրինն է եղել պատճառը, որ Նոյերը «Շալկե 04»-ից տեղափոխվի Մյունխեն «Բավարիա»: 

Գինա-Լիզա Լոֆինկ` Ժերոմ Բոատենգի ընկերուհին

Բոատենգը սարսափեցնում է «Բավարիայի» մրցակիցների հարձակվողներին, իսկ Լոֆինկը` այն մարդկանց, ովքեր դիտում են իր մասնակցությամբ նկարհանված ֆիլմերը: Պատճառը դերասանական վատ խաղը չէ, պարզապես Գինա-Լիզան հաճախ է նկարահանվում սարսափ-ֆիլմերում: Նա հեռուստատեսության ոլորտում է 11 տարեկանից, հասցրել է գործունեություն ծավալել նաև նորաձևության աշխարհում և նույնիսկ ալբոմ է թողարկել:

Կլաուդիա Լամ` Ֆիլիպ Լամի կինը

Մինչև ամուսնանալը Ֆիլիպն ու Կլաուդիան միասին ապրել են 10 տարի: Սկզբում նրանք ընկերներ էին, հետո ռոմանտիկ սիրավեպ սկսեցին, իսկ հետո սկսեցին միասին ապրել Լամի մյունխենյան բնակարանում: 2010 թվականի Մունդիալից անմիջապես հետո նրանք պսակադրվեցին Աինգե քաղաքում: Արարողությանը ներկա էր նաև քաղաքապետը:

Լիզա Մյուլլեր` Թոմաս Մյուլլերի կինը

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմասն ու Լիզա Մյուլլերը միասին են 2007-ից: Ծանոթությունից 2 տարի անց նրանք պսակադրվել են, իսկ այժմ երբեմն հարցազրույցներ են միասին տալիս: Լիզան, ով մոդելային աշխարհից է, Մյուլլերի մոտ սեր է արթնացրել ձիասպորտի նկատմամբ և գերմանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, ուղիղ ազդեցություն է ունեցել ֆուտբոլիստի՝ «Բավարիայում» ունեցած առաջընթացի վրա:

Անն-Կատրին Մրյոմել` Մարիո Գյոտցեի ընկերուհին

Անն-Կատրին Բրյոմելը դեռահասության տարիքից է հայտնի հանրությանը, երբ պարում ու գրկախառնվում էր «Tokio Hotel» խմբի կիթառահարի հետ: Հետագայում նա մուտք գործեց մոդելային բիզնես, սկսեց ֆորտեպիանո նվագել ու ձայնագրել իր երաժշտությունը: Գյոտցեն ու Բրյոմելն արդեն 3 տարի է միասին են ու առաջընթաց ունեն իրենց կյանքում: 

Սառա Բրանդներ` Բաստիան Շվայնշտայգերի նախկին ընկերուհին

Շվայնշտայգերը Սառայի հետ ծանոթացել է խանութում և սկզբում չի իմացել` ինչպես մոտենալ աղջկան: «Նա այնքան բարձրահասակ է: Պարզապես չգիտեի` ինչպես հետը խոսեմ և գրավեմ ուշադրությունը»,-հետագայում պատմել է ֆուտբոլիստը: Զույգն անընդհատ բաժանվում ու միանում էր, սակայն վերջերս Բաստիանն այրեց բոլոր կամուրջներն ու նոր սիրավեպ սկսեց:

Անա Իվանովիչ` Բաստիան Շվայնշտայգերի ընկերուհին

Աշնանը լրագրողները հաճախ էին նկատում Անայի և Բաստիանի զբոսանքները, իսկ հիմա արդեն խոսվում է նրանց գաղտնի պսակադրության մասին: Այնպես որ, մարզաշխարհում ևս մեկ զույգ ավելացավ: Սերբ թենիսիտուհին վերջին շրջանում լուրջ հաջողությունների չի հասել: Վերջին լուրջ հաջողությունը 2008-ին էր «Մեծ Սաղավարտի» փարիզյան մրցաշարի եզրափակչում: Գուցե Բաստիանի հետ կապը հետ բերի Անայի հաջողության ճանապարհը:

Վահիբա Ռիբերի` Ֆրանկ Ռիբերիի կինը

«Բավարիայի» կիսապաշտպանը այնպիսի մարդու գտավ, ում համար փոխեց անգամ կրոնը: Վահիբան ազգությամբ ալժիրցի է, Ֆրանկն էլ իսլամ է ընդունել.

«Ես հավատացյալ մարդ եմ, բայց անկեղծ կասեմ` եթե չհանդիպեի աշխարհի լավագույն աղջկան. մուսուլման չէի դառնա: Վահիբայի երջանկության համար պատրաստ եմ ամեն ինչի»,-հայտարարել է ֆուտբոլիստը: Կնոջ հետ Ֆրանկը 3 երեխայի է մեծացնում՝ Սեյֆ-ալ-Իսլաման, Հիզյուն և Շահինեզան:

Բերնադյեն Ռոբեն` Արյեն Ռոբենի կինը

Կնոջ հետ Արյենը դպրոցում է ծանոթացել, իսկ 2007-ին ամուսնացել է հարազատ Գրոնինգենում: Զույգն այժմ դաստիարակում է երեք երեխաներին՝ Լուկային, Լիննին և Կայային: Ռոբենի կինն աշխատում է ներկա լինել ամուսնու բոլոր խաղերին, իսկ վերջինս գոլերը նվիրում է կնոջը:

«Ինձ համար ընտանիքը մեծ նշանակություն ունի: Տանը լինելուս ժամանակ ես մոռանում եմ աշխատանքի մասին, ամբողջությամբ կտրվում եմ ֆուտբոլից: Տանը ես ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը չեմ, այլ ամուսին եմ և հայր: Ինձ համար նրանցից կարևոր բան չկա»,-ասում է հոլանդացին:

Աննա Լևանդովսկի` Ռոբերտ Լևանդովսկու կինը

Ռոբերտ Լևանդովսկին մարզիկների ընտանիքից է ու պատահական չէ, որ «Բավարիայի» ֆուտբոլիստն իր կյանքի կեսին մարզաշխարհից է գտել: Աննան կարատեի սև գոտի է ու նաև հասցրել է աշխարհի չեմպիոն դառնալ այդ մարզաձևում, դե իսկ Ռոբերտը Բունդեսլիգայում փայլում: Լեհաստանում նրանց «իրենց Բեքհեմներ» են անվանում` լավ նորաձև լինելու, կարողության, մեդիայի առաջ բաց լինելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում