Էդգար Մանուչարյան. Հայաստանի առաջնությունում այլևս չեմ խաղա

Էդգար Մանուչարյան. Հայաստանի առաջնությունում այլևս չեմ խաղա

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հարցազրույց է տվել «Eurofootball.ru»-ին, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Ինչպե՞ս է Ձեզ մոտ ֆուտբոլի նկատմամբ սեր առաջացել:

-Փոքր ժամանակ, ինչպես բոլոր տղաները, ես էլ սիրում էի բակում գնդակ գլորել: Հետո դա վերածվեց ավելի լուրջ զբաղմունքի, սկսեցի ֆուտբոլի հաճախել «Փյունիկի» դպրոց: Եթե անկեղծ` մեր ընտանիքում ոչ ոք հետաքրքրված չի եղել ֆուտբոլով: Ծնողներս միշտ ցանկացել են, որ զբաղվեմ այն գործով, որն ինձ դուր է գալիս: Ընտրությունս կանգ առաջ ֆուտբոլի վրա:

-Մեկնաբանեք Ամստերդամի «Այաքս» տեղափոխությունը: Ինչպե՞ս արձագանքեցին հարազատները:

-Իհարկե, դա իմ կարիերայում շատ մեծ քայլ էր: Ես կարող էի չմեկնել Հոլանդիա և մնալ ընտանիքիս հետ, բայց արդեն այդ ժամանակ հասկանում էի` լավ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է զոհողությունների դիմել: Ծնողներս շատ ուրախ էին, բայց միևնույն ժամանակ նրանց համար բարդ էր:

-Ինչպե՞ս հարմարվեցիք Հոլանդիային:

-Առաջին երկու տարիներին ապրում էի հայրիկիս ընկերոջ տանը: Ընդհանուր առմամբ, բարդ չէր: Ես արագ հարմարվեցի Ամստերդամի կյանքին, հոլանդական առաջնությանը: Շատ օգնեց անգլերենի իմացությունը, հեշտ էր մարզչի, թիմակիցներիս հետ շփվելը: Ես չէի մտածում դժվարությունների մասին, պարզապես մարզվում էի և ֆուտբոլ խաղում:

-«Այաքսում» Դուք որոշ ժամանակ մարզվել եք Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Կարո՞ղ եք մի քանի խոսք ասել այդ շրջանի մասին:

-Նրա ղեկավարությամբ շատ քիչ եմ աշխատել, բայց հենց նա է ինձ նկատել «Այաքսի» երկրորդ թիմում և բերել առաջին թիմ: Նրան դուր էր գալիս մարզումների և խաղի նկատմամբ իմ մոտեցումը: Կումանն ինձ ընդգրկեց «Բարսելոնայի» հետ ընկերական խաղի մեկնարկային կազմում: Այդ խաղում, ցավոք, վնասվածք ստացա Պույոլի հետ բախման արդյունքում: Ստիպված երկար ժամանակ ապաքինվում էի, իսկ երբ վերադարձա, Կումանն արդեն «Այաքսում» չէր աշխատում:

-Պույոլից վիրավորվա՞ծ եք, որ նրա հետ բախումից լուրջ վնասվածք ստացաք:

-Ոչ, քանի որ հասկանում եմ` միտումնավոր չէր, խաղային դրվագ էր: Ֆուտբոլում հաճախ ստիպված ես լինում նման պայքարի դիմել:

-Ձեր կարծիքով բացի վնասվածքից ի՞նչը խանգարեց ամրապնդվել «Այաքսի» հիմնական կազմում:

-Այդ ժամանակ Հոլանդիայում երիտասարդ ֆուտբոլիստներին առաջին թիմում իրենց դրսևորելու համար քիչ էին հնարավորություններ տալիս: Հիմա է, որ բոլոր առաջնություններում շատ են երիտասարդ խաղացողները: Բայց երբ «Այաքսի» հետ պայմանագիր էի կնքում, ինձ խոստացան, որ հիմնական կազմում կխաղամ, ինձ հետ հույսեր էին կապում: Գլխավոր պատճառն այդուհանդերձ վնասվածքն էր: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հոգեբանորեն հեշտ չէ հաղթահարել դա: Գուցե այլ ֆուտբոլիստներ այդքան վնասվածքներից հետո ավարտեին իրենց կարիերան, բայց ոչ ես:

-«Այաքսից» «Փյունիկ» տեղափոխությունից առաջ այլ առաջարկներ ունեի՞ք:

-Այո, հոլանդական ակումբներից առաջարկներ կային, բայց ես որոշեցի Հայաստան վերադառնալ: Միայն հիմա եմ հասկանում, որ դա կարիերայիս ամենամեծ սխալն էր: Չնայած կարոտել էի հայրենիքս, ծնողներիս, բայց անգամ դա չէր իմ տեղափոխության գլխավոր պատճառը: Ես մշտական խաղաժամանակ էի ցանկանում, որը «Փյունիկում» ստացա: Դրանից հետո տեղափոխվեցի «Ուրալ»:

-«Ուրալում» ամեն ինչից գո՞հ եք:

-Այո, իհարկե: Այժմ մենք լավ թիմ ունենք, փորձառու մարզիչ և պատրաստակամ նախագահ Գրիգորի Իվանով: Այնպես որ, անհանգստանալու պատճառներ չկան:

-Ո՞վ էր ձեր մանկության կուռքը:

-Իհարկե, բրազիլացի Ռոնալդոն: Եթե անկեղծ` շատ էի հետևում նրա խաղին, փորձում էի կրկնօրինակել նրան: Ցանկանում եմ նաև նշել Ռոմարիոյին, նրա գոլերը հրաշալի էին: Ռոմարիոն խելացի ֆուտբոլիստ էր, գրագետ կարդում էր խաղը, կարողանում էր «բացվել» և սառնասրտորեն եզրափակել գրոհները:

-Մանկության տարիներին ո՞ր թիմին էիք երկրպագում:

-Փոքր ժամանակ երկրպագում էի «Մանչեսթեր Յունայթեդին», երբ խաղում էր Դևիդ Բեքհեմը: Հետո երկար ժամանակ համակրում էի «Միլանին», իսկ վերջին 5-6 տարվա ընթացքում հիանում եմ «Բարսելոնայի» խաղով:

-Եթե հնարավորություն ունենայիք այժմյան ֆուտբոլիստներից որևէ մեկին հրավիրել «Ուրալ», ու՞մ կհրավիրեիք:

-Ընտրությունս միանշանակ է` Մեսսի: Եթե երկրպագեի «Ռեալին», կասեի Ռոնալդու:

-Ո՞վ է ավելի լավ ֆուտբոլիստ. Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն:

-Չի կարելի համեմատել այս ֆուտբոլիստներին: Երկուսն էլ լավագույն են: Ռոնալդուն աշխատասեր է: Այն, ինչ նա այժմ ցուցադրում է, տքնաջան աշխատանքի արդյունք է, ինչի համար նրան շատ եմ հարգում: Մեսսին ամեն ինչ Աստծուց է ստացել:

-Ձեր կարիերայի ո՞ր խաղն է ամենահիշարժանը:

-Հավանաբար այն խաղը, երբ ես «Այաքսի» հիմնական կազմում առաջին գոլս խփեցի` ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Ցանկանում եմ նաև նշել «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը: Իսպանացիներն ուժեղ մեկնարկային կազմ էին ընտրել, բացակայում էր միայն Ռոնալդինյոն: Ինչպես նաև Չեմպիոնների լիգայում առաջին` «Արսենալի» հետ խաղը, երբ ես փոխարինման դուրս եկա: Շատ հուզիչ էր 18 տարեկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, այն էլ նման թիմի դեմ: 

-Չեմպիոնների լիգայում կրկին խաղալու հույս ունե՞ք

-Իհարկե, ես հավատում եմ, բայց չգիտեմ` ինչ կլինի որոշ ժամանակ հետո: Երբեք չպետք է ասել երբեք: Կարծում եմ` անգամ «Ուրալի» կազմում կարող եմ խաղալ Չեմպիոնների լիգայում: Ամեն ինչ հնարավոր է: Նայեք «Կրասնոդարին». 5 տարի առաջ ոչ ոք չէր լսել այդ թիմի մասին, իսկ այժմ նրանք ապահովել են բրոնզե մեդալները և պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Դրանում մեծ ներդրում ունի ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին:

-Եթե «Ուրալն» այս մրցաշրջանում դուր մնա ՌՊԼ-ից, կմտածե՞ք ակումբը փոխելու մասին:

-Դուրս մնալը, իհարկե, կազդի իմ ապագայի վրա, բայց դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ: Որոշում կայացնելու համար պետք է ակումբի նախագահի հետ խոսել նպատակների մասին:

-Եվրոպայից, Ռուսաստանից կամ Հայաստանից առաջարկներ ունե՞ք:

-Հայաստանում ես այլևս չեմ խաղա: Այնպես չէ, որ չեմ հարգում մեր առաջնությունը, պարզապես այնտեղ ամեն ինչ հաղթել եմ: Դարձել եմ լավագույն ռմբարկու, լավագույն ֆուտբոլիստ, հաղթել եմ գավաթի խաղարկությունում, դարձել եմ երկրի չեմպիոն: Այնտեղ վերադառնալու իմաստ չկա, ինչ-որ նոր բան եմ ցանկանում: Սպասենք մրցաշրջանի ավարտին, իսկ հետո կտեսնենք: Այս թեմայով դեռ վաղ է որևէ բան ասելը:

-Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Դավիդ Յուրչենկոն կարող է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Նա էլ ասել է, որ դեմ չէ: Ի՞նչ եք մտածում այս առիթով:

-Անձամբ ծանոթ չեմ Դավիդի հետ, բայց կարծում եմ` նա օգտակար կլինի Հայաստանի հավաքականի համար:  Բացի այդ, Ռոման Բերեզովսկին այն տարիքում է, որ, հավանաբար, հաջորդ մրցաշրջանում ավարտի կարիերան:

-Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը չորս խաղում մեկ միավոր է վաստակել` չնայած երկու խաղում հաղթելու հնարավորություն ուներ: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է խնդիրը և հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեղավորություն ունի՞:

-Կարծում եմ` Շալանդը մեղավոր չէ: Այդ խաղերում թիմն է պարտվել, ոչ թե կոնկրետ մեկ հոգի: Շալանդը լավ մասնագետ է: Հարցազրույցներից մեկում նա ասել է` եթե խաղերն ավարտվեին 70-րդ րոպեին, մենք կվաստակեինք 12 միավոր:

-Իսկ ինչու՞ է թիմը վատ խաղում հենց վերջնամասում:

-Կարծում եմ` ոչ թե կենտրոնացվածության խնդիր է, այլ խաղադաշտում մեր գործողությունների: Մենք ֆուտբոլ չէինք խաղում, առանց գնդակ շատ էինք աշխատում, իսկ երբ առանց գնդակ երկար վազում ես, հոգնում ես: Այստեղից էլ ձախողված վերջնամասեր էին ստացվում: Անկեղծ` չեմ հիշում` երբ է Հայաստանի հավաքականն այդքան երկար առանց գնդակ խաղացել: Ըստ իս, Շալանդի միակ մեղավորությունը սխալ փոխարինումներն էին: Օրինակ` Ալբանիայի հետ վերջին խաղում պետք էր փոխարինել Համբարձումյանին, ով արդեն դեղին քարտ ուներ: Մենք հանդիպումը կավարտեինք հավասար կազմերով, և չեմ կասկածում` միավոր կվաստակեինք:  Այժմ Հայաստանի հավաքականը խաղում է «խփիր, վազիր» մարտավարությամբ: Պաշտպանները գնդակ են ստանում և չգիտեն` ում փոխանցեն: Հավաքականում բավականին որակյալ ֆուտբոլիստներ են, ուստի պետք է խաղը կառուցել փոխանցումների հիման վրա, ոչ թե պարզապես գնդակն առաջ ուղարկել:

-Ստացվում է` Մինասյանի օրոք հավաքականն ավելի լավ էր խաղում, քան Շալանդի:

-Այո, կարելի է այդպես ասել: Մինասյանի օրոք ավելի թիմային ֆուտբոլ էինք խաղում:

-Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ունի՞:

-Կարծում եմ` հնարավորություն կա: Կարևորը մնացած խաղերում հաղթելն է: Այժմ շատ լավ շրջան է` երեք տնային հանդիպում, որոնցում պետք է վաստակենք 9 միավոր: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում Սարգիս Հովսեփյանի` հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն (ժամանակավոր պաշտոնակատար): 

-Լավ: Բոլորովին վերջերս միասին էինք խաղում հավաքականում: Այժմ խոր հետևություններ պետք չէ անել, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Տա Աստված, մարզչական կարիերայում նրա մոտ ամեն ինչ ստացվի: Ամեն ինչ միայն նրանից է կախված:

-Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու՞մ եք նախապատվությունը տալիս: «Յուվենտուսն» ինչ-որ հնարավորություններ ունի՞:

-Կարծում եմ` «Բարսելոնան» կհաղթի, բայց պետք չէ հաշվի չառնել «Յուվենտուսին»: Կիսաեզրափակչում նրանք հաղթահարեցին «Ռեալի» արգելքը, և շատերի համար դա անակնկալ էր: Եզրափակիչը մեկ հանդիպում է, և այն կարող է ավարտվել թիմերից յուրաքանչյուրի հաղթանակով: Բոլորն էլ գիտեն` ինչպես են պաշտպանվում իտալական թիմերը: Եթե կարողանան դիմակայել Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակին, ամեն ինչ հնարավոր կլինի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում