Անչելոտի. Ինձ ոչ ոք չի ասել, որ ազատելու է աշխատանքից

Անչելոտի. Ինձ ոչ ոք չի ասել, որ ազատելու է աշխատանքից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է վերջին օրերին մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` մրցաշրջանի ավարտից հետո ազատվելու է աշխատանքից: Այս մասին իտալացի մասնագետը խոսել է Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի` «Խետաֆեի» հետ խաղի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

-Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ես շարունակում եմ մնալ «Ռեալի» մարզիչը: «Խետաֆեի» հետ խաղից հետո ավելի մանրամասն կզրուցենք: Միշտ էլ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել, իսկ վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել: Եթե անգամ ես ազատվեմ աշխատանքից, մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Ես կհիշեմ «Ռեալում» անցկացրած երկու հիանալի մրցաշրջանները,-Անչելոտիի խոսքերը մեջբերված են «AS»-ից:

Ավելի վաղ շրջանառվող լուրեր համաձայն` «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը տիտղոսներ չի նվաճել և պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ հրավիրել: Հավանական թեկնածուների թվում են Ռաֆայել Բենիտեսը և Յուրգեն Կլոպը:

 

«Ռեալ»-«Խետաֆե» հանդիպումը կայանալու է մայիսի 23-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում