Խեդիրայի հրաժեշտի հարցազրույցը. «Իմ մաղթանքը` «Բարսելոնային» թողեք առանց տիտղոսների»

Խեդիրայի հրաժեշտի հարցազրույցը. «Իմ մաղթանքը` «Բարսելոնային» թողեք առանց տիտղոսների»

Գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակում վերջին հարցազրույցն է տվել «Marca» պարբերականին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Վալդեբեբասում իր վերջին մարզման մասին. «Տարօրինակ զգացողություն ունեմ, չէ՞ որ այստեղ հինգ հիանալի տարի եմ անցկացրել: Շատ տխուր եմ հեռանալու պատճառով, բայց ես պետք է ասեմ` «Հաջողություն»»:

Այս մրցաշրջանի մասին. «Այս տարին, անխոս, շատ բարդ էր: Ինձ համար հեշտ չէր Աշխարհի առաջնությունից հետո խաղալը, վնասվածքները խանգարում էին մարզումներին: Ես ծնկի վնասվածք ունեցա, բայց կարողացա ռեկորդային ժամանակում ապաքինվել. 4-5 ամիս հետո արդեն կարող էի խաղալ: Առողջական խնդիրներ ունենալը նորմալ է, չէ՞ որ Չեմպիոնների լիգան և Աշխարհի առաջնությունը շատ ուժ խլեցին: Ամեն դեպքում այս տարի շատ վնասվածքներ ունեցա, դրա համար մրցաշրջանն անհաջող ստացվեց: Սակայն եթե անկեղծ խոսենք, ակումբում խաղաժամանակի բացակայությունը պայմանավոված չէր վնասվածքներով: Խնդիրը դա չէր»:

Վերջին երկու ամսվա մասին. «Այո՛, աջ ոտքի ոչ մեծ վնասվածք եմ ունեցել, բայց դրա պատճառով չէ, որ չեմ խաղացել: Ես միշտ զգացել եմ մարզչի աջակցությունը, բայց ժամանակի հետ հասկացել եմ` նրա ծրագրերի մեջ չեմ մտնում: Անչելոտին ինձ չի ընդգրկել Լա Լիգայի խաղերի հայտացուցակում: Հնարավորություն ունեի մասնակցելու Չեմպիոնների լիգայի` «Ատլետիկոյի» հետ խաղին, բայց պահեստայինների նստարանին 90 րոպե անցկացրեցի: Դրանից հետո կրկին չընդգրկվեցի հայտացուցակներում»:

Իր մասին. «Ցանկանում եմ ասել, որ ես մինչև վերջ պրոֆեսիոնալ եմ մնացել: Անչելոտին բազմիցս նշել է մարզումների ժամանակ իմ ընդունակությունները, բայց խաղադաշտ դուրս չի բերել: Բացի մարզչի և ակումբի դիրքորոշումն ընդունելուց այլ տարբերակ չունեմ»:

Խոսակցությունների մասին. «Այո՛, ես հասկացել եմ, որ մարզչի ծրագրերում տեղ չունեմ, բայց դրա տակ նկատի չունեմ ակումբի ղեկավարության կողմից պաշտոնական հայտարարություն: Ո՛չ Խոսե Անխել Սանչեսը, ո՛չ Ֆլորենտինո Պերեսը ինձ ոչինչ չեն ասել: Ես միայն զգացել եմ և փաստեր եմ արձանագրել, որ այլևս չեմ խաղալու, բայց այդ մասին ինձ ոչ ոք ոչինչ չի ասել»:

Պայմանագրի երկարաձգման մասին. «Մի քանի հանդիպում է եղել, որոնցից վերջինը կայացել է հոկտեմբերին: Անկեղծ կարող եմ ասել, որ արդեն այդ ժամանակ վստահ չէի, որ պետք է 4 տարով երկարաձգել պայմանագիրը: «Ռեալում» պետք է թոփ-մակարդակի ֆուտբոլիստներ խաղան, իսկ ես կասկածում էի` կարող եմ համապատասխանել այդ մակարդակին: Դեկտեմբերին որոշեցի` կարիերաս այլ ընթացք կունենա, նոր մարտահրավեր կընդունեմ: Իմ որոշումը ֆինանսական հարցի հետ առնչություն չունի: Ակումբի կողմից ստացածս վերջին առաջարկն իսկապես գրավիչ էր, բայց ես այն չեմ ընդունել»:

Հաջորդած խնդիրների մասին. «Այո՛, պայմանագիրը երկարաձգել հրաժարվելուց հետո ակումբի ղեկավարությունն ինձ չհասկացավ: Ղեկավարությունը մտածեց, թե ես արդեն համաձայնություն եմ ձեռք բերել այլ թիմի հետ և ցանկացավ` ես հեռանամ ակումբից: Բայց դա այդպես չէր: Մինչև 2015 թվականի մայիսի 22-ը ես ոչ մեկի հետ պայմանագիր չեմ կնքել: Ես միշտ անկեղծ եմ եղել, պատմում եմ այնպես, ինչպես է եղել: Երբ Խաբի Ալոնսոն հեռացավ, ես այդ ժամանակ էլ ասացի, որ այլ թիմի հետ պայմանագիր չունեմ, և այդ ժամանակ ամեն ինչ լավ ընթացավ: Մնալով թիմում` սկսեցի պատրաստվել նոր մրցաշրջանին»:

Պրոֆեսիոնալիզմի մասին. «Ինձ հաճելի չէ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարվա ընթացքում: Ես այսպես չէի ցանկանում հեռանալ: Ցավալի է, որ ինձ ոչ պրոֆեսիոնալ են համարում, չէ՞ որ միշտ ակումբի շահերը վեր եմ դասել անձնական շահերից, միշտ անկեղծ եմ եղել»:

Ակումբի վերաբերմունքի մասին. ««Ռեալում» ինձ երջանիկ էի զգում: Ինձ միշտ աջակցել է Մոուրինյուն, աջակցել են Անչելոտին, թիմակիցներս: Ես մաքուր խղճով եմ հեռանում և իմ կողմնակիցների նկատմամբ ունեցած մեծ հարգանքով: Լրատվամիջոցների և երկրպագուների քննադատությունը նորմալ երևույթ է: Այդպիսին է ֆուտբոլը»:

Լավ պահերի մասին. «Բազում հրաշալի հիշողություններ են մնացել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ խաղալ «Սանտյագո Բեռնաբեուի» նման մեծագույն մարզադաշտում: Ես հաղթել եմ այն ամենը, ինչ կարող էի: Ավելին չէի կարող խնդրել»:

«Ռեալի» լավագույն շրջանի մասին. «Հնարավոր չէ մեկ բան ընտրել: «Արքայական ակումբում» իմ ամբողջ կարիերան անհավանական էր: Լա լիգայում չեմպիոնությունը, «Կամպ Նոուում» խփածս գոլը, Դեսիման… Մադրիդում անցկացրածս 5 տարիները լի էին ուրախությամբ»:

«Ռեալի» ֆուտբոլիստ լինելու մասին. «Միշտ ասում են, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, բայց պետք է ապրել Մադրիդում այս արտահայտության իմաստը հասկանալու համար: Սա մեծագույն թիմ է, բայց այստեղ հաճախ ես ենթարկվում ճնշումների»:

Ճնշումների դեմ պայքարի մասին. «Հեշտ չէ, բայց ինձ դուր է գալիս ճնշումը, դուր է գալիս լավագույնների կողքին լինելը: Եթե դուք չեք համապատասխանում մակարդակին, սուր քննադատության եք արժանանում: «Ռեալում» իմ կարիերայի ընթացքում հասկացել եմ, որ պետք չէ ամեն ասվածի ուշադրություն դարձնել: Հաճախ ինձ մեղադրել են պարտությունների մեջ, բայց ես ուշադրություն չեմ դարձրել ԶԼՄ-ների քննադատությանը»:

Խաղադաշտում ֆունկցիաների մասին. «Այո՛, սա «Ռեալ Մադրիդն» է: Այստեղ ցանկանում են տեսնել լավագույն տեխնիկայով ֆուտբոլիստների, ֆուտբոլը պետք է նմանվի շոուի, բայց մարզչին միշտ հավասարակշռվածություն է պետք, և ես դա տվել եմ: Սամի Խեդիրան ֆուտբոլիստ է, ով վազել է, պայքարել է յուրաքանչյուր գնդակի համար 90 րոպեի ընթացքում, արել է այն, ինչ ասել է մարզիչը»:

Մոուրինյուի և Անչելոտիի մասին. «Ուրախ եմ, որ աշխատել եմ Մոուրինյուի հետ: Ես միշտ նրան շնորհակալ կլինեմ, քանի որ նա միշտ հավատացել է ինձ: Մոուրիյուն մեծագույն մարզիչ է, բայց Անչելոտին նրան չի զիջում: Երբեք չեմ մոռանա, թե Չեմպիոնների լիգայի եզրափակչում նա ինձ վրա ինչ պարտականություն դրեց. վստահության այլ լավագույն դրսևորում չէր կարող լինել»:

Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու մասին. «Չէի սպասում, որ կլինեմ մեկնարկային կազմում: Երբ իմացա մեկնարկային կազմը, շնորհակալություն հայտնեցի մարզչին: Նա գիտեր, որ ես 100% պատրաստ չէի, բայց ամեն դեպքում վստահեց ինձ: Դա ամբողջ կյանքիս ընթացքում կհիշեմ: Անչելոտին մեծ մարզիչ է, հիանալի մասնագետ: Երբ ես վնասվածք ունեի, նա միշտ հետաքրքրվում էր իմ առողջությամբ»:

Ծնկի վնասվածքից ապաքինման մասին. «Բժիշկներն ասում էին, որ ես լիովին չեմ ապաքինվել վնասվածքից: Չնայած դրան` որոշեցի մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակչին և գլուխ հանեցի առաջադրանքից: Երեք ամիս հիվանդանոցում եմ անցկացրել և չեմ տեսել թիմակիցներիս, ընտանիքիս: Նրանց ասել էի, որ կյանքիս այդ շրջանի յուրաքանչյուր վայրկյանը ցանկանում են օգտագործել ապաքինվելու համար և աշխատում էի օրը 24 ժամ: Հոգեբանորեն ավելի ուժեղ դարձա: Այդ ամիսներն ինձ համար շատ բարդ էին, բայց ես գիտեի` ինչպիսի օրգանիզմ ունեմ և հավատում էի` կապաքինվեմ: Բայց պետք է նաև խոստովանեմ, որ Աշխարհի առաջնությունից հետո այլևս ուժ չունեի»:

Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթի և Աշխարհի առաջնությունում չեմպիոնության մասին. «Չեմպիոնների լիգայում հաղթանակն ինչ-որ անհավանական բան էր: Մենք հասանք այն նպատակին, որը երկար տարիներ դրված էր թիմի առաջ: Բրազիլիայում էլ շատ դրական զգացողություններ ունեցա, միայն Բրազիլիայի նկատմամբ 7:1 հաշվով տոնած հաղթանակն ամեն ինչ արժեր»:

Աշխարհի առաջնության եզրափակչի մասին. «Դա իմ կարիերայի ամենադժվար ընտրությունն էր: Ուժեղ ցավ էի զգում և հիշում էի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դիեգո Կոստային, ով փոխարինվեց խաղի հենց սկզբում: Երկար մտորելուց հետո որոշեցի անկեղծ լինել մարզչական անձնակազմի և հավաքականի հետ: Իհարկե, կարելի էր լռել և խաղադաշտ դուրս գալ, իսկ հետո ասել, որ մասնակցել եմ Աշխարհի առաջնության եզրափակչին, բայց ես անկեղծ եղա: Մոտեցա Յոահիմ Լյովին և ասացի, որ պատրաստ չեմ: Բարդ որոշում էր, բայց չեմ զղջում»:

«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի խաղաոճերի մասին. «Խաղաոճերը տարբերվում են: Հավաքականում ավելի բազմաֆունկցիոնալ եմ, բայց դա նորմալ է: «Ռեալում» հիանալի հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ կան. իմաստ չունի, որ ես միանամ գրոհներին: Չգիտեմ` որտեղ եմ ավելի լավ հանդես գալիս, բայց հարմարվում եմ մարզիչների պահանջներին»:

Ընկերների մասին. «Շատ Մադրիդիստների հետ ընկերական հարաբերություններ ունեմ: Նրանց կկարոտեմ: Ընկերներիցս ոմանք արդեն հեռացել են թիմից, բայց մնացել են մյուսները, որոնց հրաժեշտ տալն էլ բարդ է: Ինձ դուր էր գալիս Մադրիդի կյանքը, շատ գեղեցիկ քաղաք է: Ուրախ եմ, որ ապրել եմ Իսպանիայում, հրաշալի մարդկանցով երկիր է: Կարողացա շուտ հարմարվել տեղի մտածողությանը, իսպանացիներն ինձ դուր են գալիս»:

Այն մասին, թե ում է ավելի շատ կարոտելու. «Երբ ես նոր էի տեղափոխվել «Ռեալ», իմ լավագույն ընկերը Մեսութ Օզիլն էր: Մենք միշտ միասին էինք, նա աջակցում էր ինձ: Նրա հեռանալուց հետո «Ռեալը» մեծագույն խաղացողի կորցրեց, իսկ ես` ընկերոջ: Բայց դա ինձ օգնեց ավելի արագ հարմարվել նոր իրավիճակին և ավելի լավ խոսել իսպաներեն: Լավ հարաբերություններ ունեմ Նաչոյի, Մորատայի հետ, բայց կան այլ ֆուտբոլիստներ, որոնց ևս կարող եմ ինձ ընկեր համարել: Կարոտելու եմ Իկեր Կասիլյասին, նա լեգենդ է: Սերխիո Ռամոսին, ով ինձ համար միշտ եղել է թիմի առաջատար և օրինակ: Լուկա Մոդրիչին, ով հրաշալի ֆուտբոլիստ և մարդ է: Այժմ նա վնասվածք ունի, բայց ես հույս ունեմ` Լուկան արագ կապաքինվի: Կկարոտեմ Կրիշտիանու Ռոնալդուին, ով միշտ փորձում է կատարելագործվել»:

Կարլո Անչելոտիի հավանական հեռանալու մասին. «Չեմ հասկանում` ինչու նա պետք է հեռանա: Թիմը սիրում է աշխատել նրա գլխավորությամբ: Նա ակումբում հսկայական աշխատանք է կատարել: Ես ցանկանում եմ, որ նա մնա «Ռեալում»»:

Հրաժեշտ… «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս և երկրպագուներին: Մադրիդում անցկացրած կարիերան միշտ կմնա իմ սրտում: Հպարտ եմ, որ հինգ տարի «սերուցքայինների» մարզաշապիկն եմ կրել: Ապագայի համար իմ ամենամեծ մաղթանքը` «Բարսելոնային» թողեք առանց տիտղոսների: Ցավում եմ, որ մրցաշրջանն ավարտվեց, իսկ երկրպագուներից շատերը հիասթափվեցին, բայց դրանում իմ մեղավորությունն այդքան էլ մեծ չէ. նաև դա էի ցանկանում ասել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում