«Ռեալում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

«Ռեալում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

16 տարեկան, 5 ամսական, 6 օրական հասակում Մարտին Էդեգորը նշեց նորամուտը Մադրիդի «Ռեալի» կազմում` մասնակցելով Իսպանիայի առաջնության վերջին տուրի` «Խետաֆեի» հետ խաղին (7:3): Նորվեգացի կիսապաշտպանը դարձավ «Արքայական ակումբում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Էդեգորի գրանցած յուրօրինակ ցուցանիշն առիթ է ներկայացնելու «Ռեալի» պատմության մյուս երիտասարդ նորեկներին:

Ալբերտո Ռիվերա (17 տարեկան, 3 ամսական, 25 օրական)

Նախորդ ռեկորդակիր Ալբերտո Ռիվերայի համար հիանալի նորամուտ ստացվեց: 1995 թվականի հունիսին Ռիվերան դուրս եկավ փոխարինամն «Սելթայի» հետ խաղում և դարձավ գոլի հեղինակ: Դրանից հետո Ռիվերան ընդամենը երեք անգամ մասնակցեց «Ռեալի» խաղերին, ինչը նրան չխանգարեց Իսպանիայի չեմպիոն դառնալու հարցում: Ռիվերայի տրանսֆերը «Ռեալը» վարձակալությամբ տվել է «Նումանսիային», Մարսելի «Օլիմպիկին», հետագայում նա հանդես է եկել «Լևանտեում», «Բետիսում», «Սպորտինգում», իսկ 2014 թվականին կարիերան ավարտեց «Էլչեում»:

Ռաուլ Գոնսալես (17 տարեկան, 4 ամսական, 2 օրական)

«Արքայական ակումբի» լեգենդը, կարծում ենք, ներկայացման կարիք չունի: 1994-2010 թվականների ընթացքում Ռաուլը փայլել է «Ռեալի» հարձակման գծում, խփել է 323 գոլ և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Մինչև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը, Ռաուլը 71 գոլով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն էր, սակայն Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց գերազանցել նրա ցուցանիշը: Ռաուլը «Ռեալից» տեղափոխվեց «Շալկե 04», ապա խաղաց քաթարական «Ալ Սադդում», իսկ այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Կոսմոսում»:

Սամուել Էտո՛ո  (17տարեկան, 8 ամսական, 25 օրական)

Չնայած կամերունցի ֆուտբոլիստը Իսպանիայի եռակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի երկակի գավաթակիր է դարձել «Բարսելոնայի» կազմում` կարիերան սկսել է «Ռեալում»: 1998 թվականի դեկտեմբերին Էտո՛ոն մասնակցեց «Ռեալի» հիմնական կազմում իր առաջին հանդիպպմանը: Դրանից հետո Իսպանիայի առաջնությունում նա խաղադաշտում հայտնվեց երկու անգամ ու տեղափոխվեց «Մայլյորկա»: Չորս տարի «Մալյորակայում» անցկացնելուց հետո Սամուելը պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ: Հետո Էտո՛ոն խաղաց «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», որտեղ տեղափոխվել է այս տարվա հունվարին:

Խավի Գարսիա  (17 տարեկան, 9 ամսական, 20 օրական)

Գարսիան «Ռեալում» իր նորամուտը նշել է 2004 թվականին, իսկ 2007 թվականին նրա տրանսֆերը վաճառեցին «Օսասունային»: Նոր ակումբում Խավին հիանալի հանդես եկավ և երկու մրցաշրջան հետո կրկին հայտնվեց «Սանտյագո Բեռնաբեուում» ու «Արքայական ակումբի» կազմում մասնակցեց Իսպանիայի առաջնության ևս 15 խաղի: 2009 թվականին Խավի Գարսիան տեղափոխվեց «Բենֆիկա», 2012-ին` «Մանչեսթեր Սիթի», որի կազմում մասնակցեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 53 հանդիպման: Անցյալ տարվա օգոստոսին էլ Խավին համալրեց «Զենիթի» կազմը:

Խոսե Ռոդրիգես (17 տարեկան, 11 ամսական, 15 օրական)

2012 թվականի դեկտեմբերին 18-ամյակից 15 օր առաջ Խոսեն նշեց նորամուտն Իսպանիայի առաջնությունում` մասնակցելով «Ատլետիկոյի» հետ խաղին (2:0): Երեք օր անց Չեմպիոններ լիգայի շրջանակում «Այաքսի» հետ կայացած խաղում (4:1) փոխարինելով Կակային` նա դարձավ այս մրցաշարում «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Խոսեի ռեկորդը կարող է գերազանցել Մարտին Էդեգորը: Նախորդ մրցաշրջանում հիմնական թիմում Ռոդրիգեսը չմասնակցեց ոչ մի խաղի, իսկ օգոստոսին նրա տրանսֆերը վարձակալեց «Դեպորտիվոն»: Վերջինիս կազմում Խոսեն մասնակցել է Իսպանիայի առաջնության 24 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում