10 փաստ, որ պետք է իմանալ «Ռոլան Գարրոսի» մասին

10 փաստ, որ պետք է իմանալ «Ռոլան Գարրոսի» մասին

Այս օրերին Ֆրանսիայում ընթանում է հեղինակավոր «Ռոլան Գարրոս» մրցաշարը, որ վերաբերյալ ամենաուշագրավ փաստերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

1. Փարիզյան այս մրցաշարը, որ երրորդն է «Մեծ սաղավարտում» Ումբլդոնից և ԱՄՆ-ի Բաց առաջնությունից հետո՝ առաջին անգամ անց է կացվել 1891-ին: Առաջին տարիներին կորտերում միայն տղամարդիկ էին մրցում` միայնակ կամ զուգախաղով: 1897-ին առաջին անգամ մրցաշարին մանակցեցին կանայք: Հետաքրքիր է, որ 1902-ից սկսեց զարգանալ միքսը, իսկ կանանց զույգերը հանդես եկան 1907-ից:

2. «US Open»-ից բացի «Մեծ սաղավարտի» բոլոր առաջնություններն ընդհատվել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին: Ճիշտ է՝ տարբեր ժամկետներով: Ավստրալիայի Բաց առաջնությունը չանցկացվեց 1916-ից մինչև 1918 թվականը, իսկ դրանից հետո 1941-ից մինչև 1945-ը: Ուիմբլդոնն ընդատվեց 1915-1918 թթ. և 1940-1945 թթ, «Ռոլան Գարրոսը»՝ 1915-1919 թթ. և 1940-1945թթ, սակայն այստեղ մի «բայց» կա: 1941-ին գերմանական օկուպացիոն տարածքում «Ֆրանսիայի մրցաշար» անցկացվեց, որն ընթացավ «Ռոլան Գարրոսի» կորտերում: Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան արդյունքները չընդունեց 5 տարիների ընթացքում, թեև դրանք անց էին կացվել` բոլոր կանոնները պահպանելով: Միայն 1941-ի տղամարդկանց եզրափակչում 5 սեթի փոխարեն 3-ն էր խաղարկվել:

3. Մինչև 1925թ. մրցաշարին կարող էր մասնակցել միայն այն մարզիկները, ովքեր Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի անդամ էին: Նրանց թվում կարող էին լինել նաև օտարերկրացիներ (առաջին առաջնության հաղթողը բրիտանացի էր՝ Բրիգսը), սակայն առավել հաճախ ֆրանսիացիներն են հաղթել: Այս ամենի պատճառով մինչև 1925 թվականի հաղթողները «Մեծ սաղավարտի» չեմպիոններ չեն համարվում:

4. Ինքը՝ Ռոլան Գարրոսը, ում անունն էլ կրում է առաջնությունը, սիրել է այս մարզաձևը, թեև «Stade Francais» մարզական ակումբի անդամ էր, որի կազմում ռեգբի էր խաղում: Այդ ակումբը 10-20-ականներին Բուլոնյան անտառի տարածքում էր գտնվում, և երբ հարց առաջ եկավ թենիսի նոր կենտրոնի կառուցման համար, ակումբն իր հողատարածքից 3 հեկտար տրամադրեց: Միակ պայմանն այն էր, որ այն պետք է ակումբի ամենահայտնի անդամի անունը կրեր: Ռոլան Գարրոսը հայտնի է որպես առաջին մարդը, ով թռիչք է կատարել Միջերկրական ծովի վրայով (Ֆրանսիայի հարավից մինչև Թունիս), իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ օդաչու էր, կործանել է հակառակորդի 4 ինքնաթիռ, փախել է գերմանական գերությունից և մահացել 1918-ի հոկտեմբերի 5-ին` պատերազմի ավարտից մեկ ամիս առաջ:

5. Եթե կանանց տրվող գլխավոր մրցանակը կրում է ամենահայտնի թենիսիստուհիներից Սյուզան Լենգլենի անունը, որի պատվին անվանակոչվել է նաև «Ռոլան Գարրոսի» կարևորությամբ երկրորդ կորտը, ապա տղամարդկանց մրցանակը «Հրացանակիրների գավաթ» անունն է կրում: Խոսքն Ալեքսանդր Դյումայի հրացանակիրների մասին չէ, թեև այդ քառկակին հենց նրանց պատվին են այդպես կոչել: Անրի Կոշե, Ռենե Լակոստ, Ժան Բորոտրա և Ժակ Բրյունյոն՝ ահա ֆրանսիական թենիսի 4 լեգենդները, ովքեր ծնվել են 19-րդ դարի վերջերին 20-ի սկզբներին: Բրյունյոնն առաջին հերթին զուգախաղի հիանալի անդամ էր, Բորոտրան և Կոշեն ունիվերսալ էին, իսկ Լակոստը նախընտրում էր միայնակ խաղալ, թեև զուգախաղում էլ երկու անգամ Փարիզում և մեկ անգամ Ուիմբլդոնում չեմպիոն է դարձել: 

Հրացանակիրների համատեղ գլխավոր հաղթանակը 1927-ին էր` Դևիսի Գավաթի եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ, որը մրցանակը նվաճում էր 7 տարի անընդմեջ (1920-26): Նման իրավիճակի ստեղծմանն օգնոււմ էր «Challenge Round» կանոնը, որի համաձայն գործող չեմպիոնը տարեկան միայն մեկ հանդիպում էր անցկացնում և ամեն անգամ դա տանն էր անում: Լակոստն այդ ժամանակ 2 խաղ միայնակ հաղթեց, Կոշեն որոշիչ միավորներ բերեց, ու Ֆրանսիան առաջին անգամ չեմպիոն դարձավ: Հենց դա էլ պատճառ դարձավ «Ռոլան Գարրոսի» կորտի կառուցման և Դևիսի գավաթի եզրափակիչն արժանապտվորեն ընդունելու համար: Ֆրանսիան տիտղոսն իրեն պահեց մինչև 1933 թվականը, քանի դեռ եզրափակչում չէր պարտվել Մեծ Բրիտանիային: Լակոստն այդ ժամանակ թիմի ավագն էր, 34-ամյա Բորոտրան միայնակ չէր խաղում, իսկ 31-ամյա Կոշեն չկարողացավ հաղթել Ֆրեդ Պերրիին, ով իրենից 7,5 տարով փոքր էր: Դևիսի հաջորդ գավաթը Ֆրանսիան նվաճեց 1991-ին:

6. Եթե 1920-ականներին «Ռոլան Գարրոս» մարզադաշտն ընդարձակ էր, ապա հիմա այն ամենափոքրն է «Մեծ սաղավարտի» կորտերի շարքում: Ժամանակին խնդիրներ են առաջացել այն մեծացնելու հարցը լուծելիս. կանաչ տարածքից այն կողմ հնարավոր չէր անցնել, քանի որ հակառակ կողմում տեղացի բնակիչներն էին ու այգիների, կանաչ տարածքների պաշտպանության ասոցիացիան: 2013-ին դատարանն արգելեց համալրի աշխատանքները շարունակել, սակայն նույն տարվա հոկտեմբերին հաջողվեց ձեռք բերել թույլատվություն: Նախատեսվում է, որ 2017-ին հիմնական աշխատանքներն ավարտված կլինեն, և մասնավորապես, կենտրոնական կորտերում շարժական տանիք կկառուցվի:

7. «Ռոլան Գարրոսում» միշտ վառ երևակայությամբ են մոտեցել հեռուստատեսային ցուցադրություններին: Ամենահետաքրքիր պահը կախված տեսախցիկն է, որ պարբերաբար անցնում է երկու արենաների՝ Շատրեի և Լենգլենի միջով:

8. «Ռոլան Գարրոսը» «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որ կիրակի է սկսվում: Այն հանգստյան օրով է մեկնարկում արդեն գրեթե 10 տարի: Երկար տարիներ այս հանգամանքը նրան թենիսի ամենաերկար մրցաշարն էր դարձնում, քանի դեռ անցյալ տարի «US Open»-ի կազմակերպիչներն անընդհատ անձրևների պատճառով ստիպված որոշեցին տղամարդկանց եզրափակիչը միանգամից երկուշաբթի չնշանակել:

9. Տղամարդկանց մրցաշարում տիտղոսների քանակի և դրանց նվաճման հաջորդականության ռեկորդը Ռաֆայել Նադալին է պատկանում: Երկու հաջողություններն էլ նա խլել է Բյորն Բորգից: Շվեդը մրցաշարում հաղթել էր 6 անգամ (4-ն անընդմեջ), իսկ գրունտի արքան` 9, որոնց թվում 5-ն անընդմեջ: Մինչև հիմա Ռաֆան մեկ անգամ է պարտվել` 2009-ին Ռոբին Սյոդերլինգին: Կանանց մրցաշարում 7 տիտղոսով առաջատարը Քրիս Էվերտն է, իսկ հաղթանակների հաջորդականության ռեկորդը Մոնիկա Սելեշինն է՝ 3: 2007-ին Սելեշի հաջողությունը կրկնեց Ժյուսթին Էնենը, սակայն նրան շրջանցել չկարողացավ:

10. «Ռոլան Գարրոսի» ամենաերկար հանդիպումը 6 ժամ և 33 րոպե է տևել: Դա տեղի է ունեցել 2004-ին, երբ Ֆաբրիս Սանտորոն առաջին տուրում հաղթեց Առնո Կլեմենին` 6:4, 6:3, 6:7 (5:7), 3:6, 16:14 հաշվով: Խաղը 2 օրում անցկացվեց ու ամենաերկարն էր Բաց առաջնության պատմության մեջ, մինչև որ Ջոն Իսները և Նիկոլ Մայուն պայքարեցին 11 ժամ` Ուիմբլդոն 2010-ի առաջին տուրում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում