Չկա տիտղոս, նշանակում է` կլինի նոր մարզիչ

Չկա տիտղոս, նշանակում է` կլինի նոր մարզիչ

Այն, որ «Ռեալի» նախագահական խորհրդի համար առանձնակի դժվարություն չի ներկայացնում մարզիչների աշխատանքի ընդունելը, իսկ կարճ ժամանակ անց «Ցտեսություն» ասելը, ֆուտբոլասերները բազմիցս համոզվել են:

Երբ երկու տարի առաջ Կարլո Անչելոտին նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, երկմտողները շատ էին` արդյո՞ք նա մադրիդյան գրանդի համար համապատասխան մարզիչ է: Համեստ դոն Կարլոն կարճ ժամանակում կարողացավ ոչ միայն Ժոզե Մոուրինյուի տարօրինակ աշխատանքի հետևանքով առաջացած կեղտերը վերացնել, դառնալ իր ֆուտբոլիստները հայրը, ընկերը կամ եղբայրը, այլև հաղթեց Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Մադրիդ բերեց այդքան սպասված Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը, հաղթեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունում: 2014-15թթ. մրցաշրջանի մեկնարկում «Ռեալը» փայլում էր, տպավորիչ հաղթանակները հաջորդում էին մեկը մյուսին: Այդ շրջանում քննադատությունների սիրահար իսպանական լրատվամիջոցները գովաբանում էին Անչելոտիին, Ֆլորենտինո Պերեսն ավելի քան համոզված էր` իտալացի մասնագետին նոր պայմանագիր է առաջարկելու

«Մենք հաճույքով կերկարաձգենք Անչելոտիի պայմանագիրը: Ես համոզված եմ` այդ հարցում խնդիրներ չեն առաջանա, բայց քննարկումները կլինեն մրցաշրջանի ավարտին: Մենք զբաղվում ենք պայմանագրերի երկարաձգմամբ մրցաշրջանի ավարտին կամ մեկնարկից առաջ»,-այս համոզիչ արտահայտությունը Ֆլորենտինո Պերեսն արել է ոչ վաղ անցյալում` 2014 թվականի դեկտեմբերին:

Արդեն այսօր Պերեսը և «Ռեալի» նախագահական խորհրդի մյուս ներկայացուցիչներն այլ կարծիք ունեն: Կարելի է հասկանալ, որ առանց տիտղոսների մրցաշրջանն ավելի քան տխուր է. «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչից, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից, Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը զիջեց «Բարսելոնային»: Բայց կարելի է նաև հասկանալ, որ թիմի ձախողումների միակ մեղավորն Անչելոտին չէ. առաջատարների վնասվածքները, ոչ համարժեք փոխարինողները, Ռոնալդուի տևական դեպրեսիան, գուցե նաև ֆուտբոլիստների համար նոր մոտիվացիայի բացակայությունն իրենց խոսքն ասացին, բայց Պերեսին սա, կարծես, չի հետաքրքրում:

Ֆլորենտինո Պերեսը մեկ անգամ չէ, որ իր գործողություններով, տրանսֆերային գործարքներով ապացուցել է` «Ռեալն» ավելի շատ դիտարկում է որպես բիզնես նախագիծ, եկամուտի աղբյուր, հայտնի ընկերությունների համար գրավիչ գործընկեր, քան ֆուտբոլային թիմ, իսկ մարզչական նվիրվածությունն ու աշխատանքը, եթե չեմ բերում տիտղոս, գրոշի արժեք չունեն: Անգամ այսօրվա ասուլիսի ընթացքում Պերեսը նման շեշտադրում կատարեց` «Ռեալին» նոր տիտղոսներ են հարկավոր, նոր բարձունքներ, թիմը պետք է նոր շրջափուլ մտնի: Այս նպատակները, իհարկե, հիանալի են, բայց մի՞գուցե ձախողված մրցաշրջանից (ու նաև նախկին ձախողումներից) խուսափելու համար «Ռեալին» ոչ թե անընդհատ մարզչական փոփոխություններ են անհրաժեշտ, այլ ղեկավարության: Այս հարցի շուրջ մտածելու փոխարեն, պարոն Պերեսը, հավանաբար, մտածում է թիմ հրավիրել նոր աստղերի, ովքեր կդառնան հեղինակավոր ընկերությունների գովազդային արշավների հերոսները ու կհարստացնեն «Ռեալը», կհարստացնեն ու կհարստացնեն:

Ուշագրավ է նաև, որ Պերեսին բոլորովին չի հետաքրքրում ֆուտբոլիստների կարծիքը, հակառակ դեպքում նա չէր հայտարարի. «Ինձ չի անհանգստացնում այն, որ ֆուտբոլիստներն աջակցում են Անչելոտիին»:

Կրիշտիանու Ռոնալդուն, Խամես Ռոդրիգեսը, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Թոնի Կրոսը, գրեթե բոլոր ֆուտբոլիստները, ինքը` Անչելոտին, և, ամենայն հավանականությամբ, նաև «Ռեալի» երկրպագուները հույս ունեիին, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ու «Ռեալին» մոուրինյուական քաոսից դուրս բերած հերոսը մեկ հնարավորություն էլ կստանա, բայց ո՛չ: Եկավ «Adios, don Carlo»-ի պահը:

Անցյալ տարի մայիսի 25-ին Կարլո Անչելոտին տոնում էր Չեմպիոնների լիգայի հաղթանակը և երգում էր, այսօր պետք է ընդունի «Ռեալի» նախագահական խորհդի որոշումը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում