Փոխանցում ձախ. Ֆուտբոլիստներ, ովքեր դավաճանել են իրենց կանանց

Փոխանցում ձախ. Ֆուտբոլիստներ, ովքեր դավաճանել են իրենց կանանց

Երկրպագուները գնահատում են ֆուտբոլիստների` իրենց թիմերի նկատմամբ հավատարմությունը և նվիրվածությունը, սակայն հավատարիմ ֆուտբոլիստ լինելը հավատարիմ ամուսնու երաշխիք չէ: «Խաղից դուրս» խորագրում ներկայացնում ենք իրենց կանանց դավաճանած հայտնի ֆուտբոլիստների:

Օլիվյե Ժիրու-Սելիա Քեյ. Կինը՝ Ջենիֆեր

Ժիրուի դավաճանությունը շատ թարմ է ու կապ ունի ֆուտբոլի հետ: Կնոջը՝ Ջենիֆերին դավաճանելով` Օլիվյեն խախտել է ոչ միայն ընտանեկան, այլև ակումբային կանոնակարգը: Բրիտանական դեղին մամուլի ամենավառ ներկայացուցիչը՝ «The Sun»-ը հրապարակել էր այն հյուրանոցի լուսանկարները, որտեղ «Արսենալը» հանգրվանել էր «Քրիստալ Փելասի» հետ խաղից առաջ: Լուսանկարներում երևում է, որ Ժիրուն ժամանակ է անցկացնում մոդել Սելիա Քեյի հետ:

Որպես պատիժ` Արսեն Վենգերը Օլիվյեին ժամանակավոր դուրս թողեց հիմանական կազմից: Ֆուտբոլիստը ստիպված եղավ հանրային ներողություն խնդրել ակումբից ու կնոջից, հետո սկսեց ապացուցել, որ իր և մոդելի մեջ ոչինչ չի եղել: Մոդելն իհարկե պաշտպանեց Օլիվյեի ասածները, թեև լուսանկարները բոլորովին այլ բան էին ցույց տալիս: Օլիվյեն բարդ ժամանակներ ապրեց, բայց Ջենիֆերը կարողացավ ներել ամուսնուն:


Էշլի Քոուլ-Կորալի Ռոբինսոն, Բրուկ Հիլի, Էյմի Ուոլթոն. Նախկին կինը՝ Շերիլ

Սկզբում Էշլիի և Շերիլի ամուսնությունն ամենահաջողվածներից էր համարվում: Կանանց համար ամսագրերը չէին դադարում գրել այդ մասին, հրապարակել զույգի նկարները, սակայն իդեալական միության վերջը շատ արագ եկավ: Շերլին սկսել էր կասկածել ամուսնուն ու երբ ամեն ինչ հաստատվեց, զույգը բաժանվեց: Քոուլն ամուսնության ընթացքում շատ անգամներ է դավաճանել կնոջը. դերասանուհիներ, մոդելներ ու ապա վարսահարդարուհի Էյմի Ուոլթոնի հետ:

Անդրեյ Արշավին-Ալիսա Կազմինա. Նախկին կինը՝ Յուլյա Բարանովսկայա

Դեղին մամուլը Ռուասատանում Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի չափ զարգացած չէ, դրա համար էլ որևէ մեկը ֆուտբոլիստների որս չի սկսում, որ պարզի նրանց դավաճանությունն ու դրանից աղմուկ բարձրացնի: Հնարավոր է նաև, որ ռուս ֆուտբոլիստներն ավելի հավատարիմ են իրենց կանանց: Ամեն դեպքում Արշավինի դավաճանությունը դեռևս միակն է, որ աղմուկ բարձրացրեց ու տարածվեց ոչ միայն մարզական ԶԼՄ-ների էջերում:

Ամեն ինչ սկիզբ առավ անգլիացի լրագրողներից, ովքեր ֆուտբոլիստի դեռևս` «Արսենալում» խաղալու ընթացքում գրում էին, որ վերջինս հանդիպում է մի դերասանուհու հետ: Արշավինի նախկին կինը՝ Յուլյա Բարանովսկայան այդ ժամանակ առաջին անգամ բարձրաձայնեց իրենց բաժանության մասին ու նշեց, որ դավաճանությունը տեղի է ունեցել ոչ թե Լոնդոնում, այլ՝ Պետերբուրգում: Արշավինն այդ ժամանակ վարձավճարով էր հանդես գալիս, իսկ Յուլյան 2 երեխաների հետ Անգլիայում էր ու հղիության 5-րդ ամսում սպասում էր 3-րդ երեխային: Սկզբում ամուսնու նոր հետաքրքրության մասին մոտ ընկերները Յուլիային հայտնեցին, ապա ֆուտբոլիստը հայտարարեց, որ ամուսնալուծվելու ցանկություն ունի:

Ռոյսթոն Դրենտե-Մալենա Գարսիա. Կինը՝ Դեյզի

Ռոյսթոնի ընկերներն ասում են, որ նրա մեջ 2 մարդ է ապրում՝ մեկը լավ, և մյուսը՝ վատ: Վերջին շրջանում երկրորդն ավելի հաճախ է գլուխ բարձրացնում: Իսպանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իր սեռական կյանքի մասին հարցին Դրենտեն, բարձր ծիծաղելով, տվել էր հետևյալ պատասխանը «Դուք նկատի ունեք սեքսը կնո՞ջս հետ»:

Պարզվեց` դա պարզապես կատակ չէր: Հոլանդիայում շատերը նրանից երես թեքեցին, երբ իմացան ամուսնական անհավատարմության մասին: Հիասթափության հիմնական պատճառն այն էր, որ ֆուտբոլիստը Մալենա Գարսիայի հետ Դեյզիին դավաճանում էր այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր երկրորդ երեխային լույս աշխարհ բերել:

Ուեյն Ռունի-Ջենիֆեր Թոմփսոն. Կինը՝ Քոլին

Ուեյնն ու իր կինը՝ Քոլինն արդեն 17 տարի է միասին են: Քոլինը սկզբում Ռունիի ընկերուհին էր, հետո հարսնացուն, ապա՝ կինը: Երբ ծնվեց զույգի առաջնեկը` Կայը, համացանցում սկանդալային լուսանկարներ հայտնվեցին: Պարզվեց, որ Քոլինի հղիության ընդացքում Ռունին հատուկ մերսման սրահներ էր հաճախել ու կնոջը դավաճանել մարմնավաճառ Ջենիֆեր Թոմփսոնի հետ: Ուեյնը ստիպված էր խոստովանել: Քոլինը ներեց, իսկ երբ Ջենիֆերն ինքը մայր դարձավ, ներողություն խնդրեց Քոլինին պատճառած ցավի համար:

Ֆրանկ Ռիբերի-Զահյա Դեհար. Կինը՝ Վահիբա

Ռիբերիի, մարմնավաճառ Զահյայի և երկու այլ ֆուտբոլիստների՝ Գովուի և Բենզեմայի գործը դեռ քննության մեջ է. 2010 թվականին, երբ տեղի է ունեցել դեպքը, աղջիկն անչափահաս է եղել: Հետաքրքիրն այն է, որ կատարվածից տարիներ առաջ Ռիբերին հանուն իր կնոջ՝ ալժիրուհի Վահիբայի, կրոնափոխ է եղել, փոխել է ապրելակերպը: Նրանք երեխաներ էլ ունեն, սակայն սա չի կանգնեցրել Ռիբերիին, ով արդեն զղջացել է:

Թյերի Անրի-Սեդի Հյուլլեթ. Նախկին կինը՝ Քլեյր Մերրի

Թյերի Անրին օրինակելի ամուսին էր համարվում, մինչև տեղափոխվեց «Բարսելոնա»: Քլեյր Մերրին Անրիին` Իսպանիայում հայտնի դարձած վատ վարքի համար դատի տվեց: Դավաճանության հետևում ոճաբան և դիմահարդար Սեդի Հյուլլեթն էր կանգնած, ում հետ Անրին ֆոտոսեսիաներից մեկի ժամանակ էր ծանոթացել: Բաժանությունը ֆուտբոլիստի համար 10 միլիոն արժեցավ: Հյուլլեթի հետ նա երկար չմնաց ու կապվեց մոդել Անդրեա Ռայաչիչի հետ, ով 2012-ին ֆուտբոլիստին որդի պարգևեց:

Ռայան Գիգզ-Իմոջեն Թոմաս, Նատաշա Գիգզ. Կինը՝ Սթեյսի

Գիգզն օրինակ է ֆուտբոլի հանդեպ ունեցած իր հավատարմությամբ ու նվիրվածությամբ, դաշտում ջենթլմենական պահվածքով, սակայն նույնն անձնական կյանքի վերաբերյալ չենք կարող ասել: Իր կնոջը Գիգզը դավաճանել է «Մեծ եղբայր» շոուի հերոսուհու հետ: Երբ ամեն ինչ հայտնվեց մամուլի էջերին, Ռայանը դատարանով արգելեց իր անձնական կյանքի մասին հրապարակումները: Սակայն տեղեկություններն այնուամենայնիվ հասան լրագրողներին, իսկ ֆուտբոլիստի երկրպագուներից շատերը շոկի մեջ հայտնվեցին, երբ հայտնի դարձավ, որ Գիգզն իր կնոջը դավաճանել է նաև եղբոր կնոջ՝ Նատաշայի հետ: Նատաշան կրակի վրա յուղ լցրեց ու չհերքեց, որ երկար տարիներ է, ինչ կապ ունի Ռայանի հետ, ապա սկսեց հանրային քննարկման դնել նրա երկրորդ սիրուհու՝ Իմոջենի հետ կապը: Ամենազարմանալին այն է, որ Սթեյսին կարողացավ ներել ամուսնուն, իսկ ահա եղբայրը խզեց Ռայանի հետ բոլոր հարաբերությունները:

Ջոն Թերրի-Վանեսա Պերոնսել. Կինը՝ Թոնի

Ջոն Թերրին Թոնիի հետ է 2000 թվականից: 2006-ին նրանք երկվորյակների ծնողներ են դարձել, ասկայն «Չելսիի» ավագը, պարզվում է, այնքան էլ կարգապահ չի կյանքում: 2010-ին մեծ սկանդալ բարձրացավ, երբ Թերիին մեղադրեցին խաղընկերոջ՝ Ուեյն Բրիջի կնոջ՝ Վանեսայի հետ կապի մեջ: Վերջինս հղիացել էր Ջոնից ու հեռացրել երեխային: Բրիջը դադարեց շփվել ընկերոջ հետ ու հեռացավ Անգլիայի հավաքականից: Կապելոն Թերիին դուրս չհանեց ազգային հավաքականից, սակայն զրկեց ավագի թևկապից: Ջոնի ամուսնությունը հաջողվեց փրկել: 

Փոլ Թերրի-Լինդսի Քովեն. Նախկին կինը՝ Սառա Կոնչեսկի

Ջոն Թերիի ավա եղբոր՝ Փոլի պատմությունն առանձնանում է բոլորից: Փոլն  աստղ չէ, բայց նրա պատմությունը նման է եղբոր պատմությանն ու մեր անդրադարձների մեջ այս մեկը ողբերգական ավարտ է ունեցել: Փոլն ամուսնացած էր դարպասապահ Փոլ Կանչեսկու քրոջ՝ Սառայի հետ, երկու երեխա ուներ, սակայն նրան ձգեցին զվարճանքները. ֆուտբոլիստը կապվեց «Ռաշդեն էնդ Դայմոնդսի» իր խաղընկեր Դեյլ Ռոբերտսի հարսնացուի հետ: Լինդսին փեսացուին դավաճանեց, երբ պատրաստվում էին հարսանիքին: Դեյլը շատ զգայուն ու խոցելի էր, ու զույգը բաժանվեց: Մի քանի ամիս անց Լինդսը և Դեյլը փորձեցին միանալ, բայց հարսանիքի փոխարեն թաղման արարողություն եղավ: Դարպասապահն ինքնասպան էր եղել սեփական բնականարում:

Գուցե, այս պատմությունն ինչ-որ բան սովորեցնի մյուսներին (այս դեպքում ֆուտբոլիստներին): Եթե ամուսնացել ես, երեխաներ ունես, ապա արկածների համար վճարել է հարկավոր, քանի որ բոլոր գաղտնիքները դեղին մամուլի էջերին են հայտնվում: Պատահում է` որպես վճարման միջոց դառնում է ընտանիքը, ընտանեկան երջանկությունն ու երբեմն էլ մարդկային ճակատագիրը, նույնիսկ կյանքն այնպես, ինչպես Փոլ Թերիի պատմության  դեպքում:

Հետգրություն` լուսանկարներում աջից` ֆուտբոլիստների կանայք են, ձախից` սիրուհիները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում