Հայկական թիմերի աննախադեպ մեկնարկը

Հայկական թիմերի աննախադեպ մեկնարկը

Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին հայկական 4 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը», «Ալաշկերտը» և «Ուլիսը» մեկնարկեցին համապատասխանաբար Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում:

«Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց Սան-Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմին, Բուգուհիի դուբլի շնորհիվ «Շիրակը» 2:0 հաշվով առավելության հասավ բոսնիական «Զրինսկիին», «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնին», իսկ «Ուլիսը» ոչ-ոքի խաղաց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի հետ»:

4 խաղ, 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի. սա հայկական թիմերի ամենահաջող մեկնարկն է Եվրագավաթների խաղարկությունների պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին անգամ հայկական 4 թիմերից և ոչ մեկը չպարտվեց որակավորման առաջին փուլի առաջին խաղերում, ավելին` առաջին անգամ  3 թիմեր հաղթեցին իրենց մրցակիցներին առաջին խաղերում: Գոլերի տարբերությունը նույնպես դրական է՝ 5 խփած և 1 բաց թողած գնդակ: Եվ վերջապես, առաջին անգամ հայկական բոլոր թիմերը պատասխան հանդիպումներից առաջ պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 7-ին, իսկ «Շիրակը», «Ալաշկերտը» և «Ուլիսը»՝ հուլիսի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում