«Marca». Ռամոսը որոշել է հեռանալ «Ռեալից» և չի փոխելու որոշումը

«Marca». Ռամոսը որոշել է հեռանալ «Ռեալից»  և չի փոխելու որոշումը

«Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից և մտադիր չի փոխել այդ որոշումը: Այս մասին հավաստիացնում է իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականը:

Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, 29-ամյա իսպանացին ցանկանում է նոր մարտահրավեր ընդունել, իսկ աշխատավարձի չափը նրա համար էական նշանակություն չունի: Ռամոսը կարծում է, որ «Ռեալի» ղեկավարությունն ազդել է իր իմիջի վրա, իրեն ներկայացրել է որպես ժլատ ֆուտբոլիստի` լուրեր տարածելով, որ ակումբից ավելի բարձր աշխատավարձ է պահանջում: Այս ամենի հետևանքով Ռամոսի և նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները կտրուկ վատացել են:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Ռամոսը «Ռեալի» ղեկավարությունից տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, իսկ Պերեսը այդ տարբերակին կողմ չէ: Ռամոսի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում առաջնահերթ նշվում է «Մանչեսթեր Յունայթեդի» անունը:

Հավելենք` օրեր առաջ Ռամոսի մայրը կարծիք էր արտահայտել, որ Սերխիոն ցանկանում է մնալ Մադրիդում, իսկ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվում է թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում