Կարեն Աղամալյան. Տղաները ռինգում արեցին այն, ինչն իրենց ուժերի սահմաններում էր

Կարեն Աղամալյան. Տղաները ռինգում արեցին այն, ինչն իրենց ուժերի սահմաններում էր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ով Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում մեր թիմի ղեկավարն էր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց մրցաշարը: Կարեն Աղամալյանն ասաց, որ գոհ է տղաների կատարած աշխատանքից.

«Առաջին Եվրոպական խաղերին նախապատրաստվել ենք մեկ փուլով: 16 բռնցքամարտիկ է մասնակցել հավաքին, Բաքու մեկնող 6 բռնցքամարտիկներին օգնել են հիմնականում երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկները, քանի որ մեծահասակները զբաղված էին այլ մրցաշարերի նախապատրաստվելով»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Մարզիչն ընդգծեց, որ տղաների մոտ վստահություն էր տեսնում, գիտեր` ռինգում մեր մարզիկները ցույց կտան իրենց լավագույն որակները.

«Չեմ կարող միանշանակ գնահատական տալ Բաքվի խաղերին: Գոհ եմ բոլոր տղաներից, ովքեր մեկնել են Բաքու, քանի որ նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են պայքարել` չնայած երբ մեր բռնցքամարտիկն էր ռինգ մտնում, մթնոլորտն այդքան էլ լավ չէր լինում»:

Կարեն Աղամալյանի հավաստմամբ` Բաքու մեկնած թիմում ակնհայտ առաջատարներ չկային, ուստի շատ մեդալներ չեն ակնկալել.

«Թիմում չկար աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, բայց ես շնորհակալ եմ տղաներից, որ ռինգում արեցին, այն ինչն իրենց ուժերի սահմաններում էր: Կարող եմ ասել, որ մեզանից խլեցին Նարեկ Աբգարյանի բրոնզե մեդալը, իսկ Արամ Ավագյանի և Սամվել Բարսեղյանի մենամարտերի մրցավարությունը բավականին հակասական էր. նրանք չեն պարտվել, ուղղակի բռնցքամարտը շատ սուբյեկտիվ է: Հիմա համակարգիչն է ընտրում` որ մրցավարների արդյունքը գրանցի: Մեզ միշտ պարտություն են տվել Ինդոնեզիայի, Թունիսի մրցավարները: Չնայած Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի մրցավարները առավելությունը տվել էին մեր մարզիկներին` համակարգիչն ընտրեց առաջին երկու երկրների մրցավարների արդյունքները»:

Վերջում Կարեն Աղամալյանը նշեց, որ այժմ մեծահասակները պատրաստվում են օգոստոսի 6-15-ը Սոֆիայիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ հոկտեմբերի սկզբին տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Երիտասարդական հավաքականը այս ամսի 6-ին 6 հոգով (4 տղա 2 աղջիկ) մեկնելու է Սերբիա` մասնակցելու միջազգային մրցաշարի.

«Այնտեղ մեկնելու ենք երկրորդ կազմի բռնցքամարտիկներով, իսկ հիմնական կազմի տղաները արդեն սեպտեմբերին Գերմանիայում կմասնակցեն միջազգային մրցաշարի և պարզ կլինի Լեհաստանում Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մեկնող թիմի կազմը»:

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում