Մսագործը, կծողը, սադրիչը և մյուս «չարագործ ֆուտբոլիստները»

Մսագործը, կծողը, սադրիչը և մյուս «չարագործ ֆուտբոլիստները»

Ամերիկայի գավաթի խաղարկության Ուրուգվայ-Չիլի հանդիպման ժամանակ Գոնսալո Խարայի տգեղ արարքն առիթ է վերհիշելու «չարագործ» ֆուտբոլիստներին:

Լուիս Սուարես

«Ուրուգվայցի պիրանիան» առաջին հերթին կծելու ընդունակության շնորհիվ է ֆուտբոլասեր հասարակության կողմից ընկալվում որպես չարագործ: Լուիսիտոն մեղադրանքների ցուցակը բացեց Ամստերդամի «Այաքսում»՝ 2010թ. Հոլանդիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ կծելով ՊՍՎ-ի կիսապաշտպան Օտման Բակկալին, սակայն նրա ծնոտի ամենահայտնի զոհերը Բրանիսլավ Իվանովիչը, Ջորջիո Կելինին են, որոնց հետ կապված միջադեպը ուրուգվայցու համար ակումբային խաղերից 4 ամսով հեռու մնալու գինն արժեցան:

2011 թվականի հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Սուարեսը ռասիստական վիրավորանքներ է ուղղել Պատրիս Էվրային, թեև հետո վստահեցրել է, որ դրանք վիրավորանք չէին: Անգլիայի ֆուտբոլային միությունը Լուիսին որակազրկեց 8 խաղով և տուգանեց 40.000 ֆունտով: Հավաքականում Լուիսի սևամորթ ընկերներից շատերն են աջակցել նրան` հայտարարելով, որ Էվրան, ամենայն հավանականությամբ, հպարտ չէ իր ծագմամբ, եթե այդպես է արձագանքել դրա մասին հիշատակումներին:  Բացի կծելը և ռասիզմը, Սուարեսն աչքի է ընկնում սիմուլյացիաներով, հայտնի են նաև պաշտպանների հետ նրա կոպիտ խաղերը:

Ռոյ Քին

1994-95 մրցաշրջանում, երբ Քինը սկսեց ելույթ ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում», իր առաջին հայտնի կարմիր քարտը ստացավ պառկած Գարեթ Դաուտգեյթի նկատմամբ կանոնները խախտելու համար: «Կարմիր սատանաների» մեքենայի 90-ականների անխափան շարժիչը, երկար տարիներ ավագը հեղինակություն էր, ինչպես մեր ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից շատերը, սակայն նրանցից ոչ բոլորը կարող էին իրենց ինքնակենսագրականում ներկայացնել, որ ոտքով հարվածելու պատճառով դադարեցրել են ֆուտբոլիստի կարիերան: Այդ դժբախտ խաղացողն Ալֆ-Ինգե Հոլլանդ էր, իսկ դեպքը տեղի է ունեցել 2001-ին, «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիի ժամանակ:

Քինի պատճառով ոչ միայն մրցակցի ֆուտբոլիստները տուժեցին, այլ նաև դաշտից դուրս գտնվող քաղաքացիները՝ նրա երկրպագուները, որոնց ոչ բավարար աջակցության համար նա «ծովախեցգետինների սենդվիչների աջակիցների խումբ» կոչեց: Տուժեցին նաև թիմակիցները, և նույնիսկ գլխավոր մարզիչը: 2002-ին` Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, Ռոյը դուրս մնաց Իռլանդիայի ընտրանու հայտացուցակից, քանի որ ամբողջ թիմի առաջ իր ղեկավար Միք Մաքարտիին ասել էր, որ վերջինիս չէր հարգում ո՛չ որպես մարզչի, ո՛չ էլ որպես մարդու:

Իսկ երեք տարի անց «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային հեռուստաալիքով Քինը հանրային կերպով քննադատվեց թիմակիցների, գլխավոր մարզչի օգնական Կառլուշ Կեյյրուշի և նույնիսկ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ղեկավարության համբերության բաժակը լցվել էր, ու նրանք որոշեցին բաժանվել ավագից: Քինի ուշացած ներողություններն անօգուտ էին, և 2005-ի նոյեմբերի 18-ին պայմանագիրը դադարեցվեց: Շատերը կարծում էին, որ իռլանդացու հեռանալով ավարտվելու էր «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողակ շրջանը, սակայն կյանքը ցույց տվեց` դա միայն գիշերվա մութ պահն էր նոր սերնդի լուսաբացից առաջ:

Անդոնի Գոյկոեչեա

«Մսագործը Բիլբաոյից». 1970-80-ականների իսպանական ֆուտբոլի նշանավոր դեմքերից մեկը: Նրա բանավոր սադրանքները, մրցակիցների աճուկային հատվածին հասցված թաքուն հարվածները, որոնք կարող էին ազդարարել ֆուտբոլիստների կարիերայի ավարտը և ֆուտբոլային մոլագարի այլ հնարքները որպես մրցանակ պարգևատրել են կարմիր քարտերով: 

1983-ի սեպտեմբերի 24-ին «Բարսելոնայի» դեմ խաղում Անդոնին  կոպտորեն, թիկունքից կոտրեց Դիեգո Մարադոնայի ոտնաթաթը, որի պատճառով արգենտինացին բաց թողեց Իսպանիայի առաջնության իր երկրորդ մրցաշրջանի կեսը: Բասկն այդ խաղի մարզակոշիկը մինչև հիմա էլ պահում է որպես հուշանվեր: Մսագործի պատճառով տուժել էր նաև գերմանացի Բերնդ Շուստերը՝ կատալոնացիների մյուս աստղը, որի ծունկն էր Անդոնին վնասել: Դեպքից հետո տաղանդավոր ֆուտբոլիստն այլևս նախկինի պես չխաղաց:

Ուշագրավ է, որ չնայած այս մարդուն կարելի է գտնել ֆուտբոային հանցագործների թոփ-ցուցակում` իր հայրենիքում Անդոնիին հանճարեղ ֆուտբոլիստ են համարում: 

Պեպե

Չնայած «Ռեալում» նրա թիմակից Սերխիո Ռամոսը ռեկորդ սահմանեց իսպանական առաջնությունում կարմիր քարտերի թվով` պորտուգալա-բրազիլական ծագմամբ ֆուտբոլիստն արդեն վաղուց արժանացել է կեղտոտ որակավորմանը: Նախորդ մրցաշրջանում նա թաքնվում էր Կարլո Անչելոտիի հրեշտակային թևերի ներքո, սակայն հայտնի է՝ գայլը գառ չի դառնում:

Պեպեն կանաչ ուղղանկյան ներսում շատ գործեր է կատարել: Նա միտումնավոր հրմշտել է մրցակցին իր իսկ տուգանային հրապարակում, որպեսզի դա ներկայացնի որպես խախտում և 11-մետրանոց նշանակվի, կանգնել է Մեսսիի ձեռքի վրա, վիրավորել է մրցավարներին, տասնյակ անգամներ նվազագույն հեռավությամբ ընկել է՝ հարձակումը խափանելու համար: Նա տեսարան սարքեց, ձեռքերով դեմքը բռնած գետնին ընկավ այն ժամանակ, երբ Սեսկ Ֆաբրեգասը պարզապես թեթև հպումով դիպավ նրան: Նա նույնիսկ վնասելու աստիճան հրեց թիմակցին՝ Արբելոային այն բանի համար, որ վերջինս ցանկանում էր իրեն օգնել բարձրանալ հերթական կեղծարարությունից հետո:

Սակայն Պեպեի չարագործ կերպարը լիովին երևացել է 2009-ի գարնանը, երբ «Խետաֆեի» դեմ խաղում նա բորբոքվեց` Կասկերոյի ընկնելու դրվագը սիմուլյացիա համարելով: Այս խելագարության համար Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Պեպեին որակազրկեց 10 խաղով:

Գոնսալո Խարա

Հավանաբար, չիլիացիները, Ամերիկայի գավաթի խաղարկության` Ուրուգվայի հետ խաղից առաջ իմանալով Էդինսոն Կավանիի ծանր վիճակի մասին, հենց նրան էին ընտրել որպես սադրանքների օբյեկտ: 

Խարան, անխոս, չափն անցավ, իսկ Կավանին դրան ի պատասխան ապտակեց մրցակցին, ինչից հետո վերջինս հարբեցողի պես գենտնին ընկավ: Կրկեսն ավարտվեց Կավանիի կարմիր և Խարայի երկրորդ դեղին քարտով: Սակայն Խարայի պատիժն այսքանով չսահմանափակվեց. նրան որակազրկեցին երեք խաղով, իսկ «Մայնցը» սադրիչին վաճառքի հանեց: Հիմա ակնհայտ է` ով է հիմարի կարգավիճակում մնացել:

Լուիս Մորենո

Ներկայացված ֆուտբոլիստներից միակն է, ով դաշտում միտումնավոր կենդանի է սպանել: 2011 թվականի փետրվարի վերջին Կոլումբիայի առաջնության «Դեպորտիվո Պերեյրա» – «Խունիոր դե Բարրանկիլյա» հանդիպման ժամանակ խոտածածկին բու է հայտնվել: Դժբախտ թռչունը վայրէջք է կատարել դաշտի ամենաաշխույժ հատվածին, խաղը կանգնեցվել է, և «Դեպորի» պանամացի պաշտպան Մորենոն վազել է դեպի ընկած կենդանին, սակայն ոչ օգնելու նպատակով: Ավելորդ գնդակի պես նա ուժեղ հարվածով թռչնին դուրս է հանել դաշտից: Կատարվածի լրջության աստիճանը բարձրացրել է այն հանգամանքը, որ բուն հակառակորդի ակումբի թալիսմանն է համարվում: Ֆուտբոլիստն ակնթարթորեն ենթարկվել է տրիբունաների հարձակմանը: Վերջիններս վանկարկել են՝ հանցագործ: 

Արդյունքում Մորենոյին սկսել էին սպառնալ, մայրն ացունքներն աչքերին խնդրել էր հեռուստատեսությամբ ելույթ ունենալ ու ներողություն խնդրել, իսկ օրենքի տեղական պաշտպանները ցանկացել էին ազատազրկել նրան երեք ամսով: Ֆուտբոլիստը ներողություն էր խնդրել ու հայտարարել. «Ես պարզապես ցանկանում էի նրան օգնել, որ թռչի»:

Արդյունքում Մորենոն տուգանք վճարեց, որակազրկվեց երկու խաղով և ուղղիչ աշխատանք տարավ կենդանաբանական այգում: Պատահածից հետո Կոլումբիայում նրա կարիերան ավարտվել է: Հիմա նա հարազատ Պանամայում է խաղում:

Խուանիտո

Խուան Գոնսալես Գոմեսը, ով ավելի շատ հայտնի է որպես Խուանիտո, «Ռեալի» երկրպագուների կարծիքով ամբողջ ակումբի կերպարն է արտահայտում: Մալագայում ծնված ֆուտբոլիստն անպարտելի մարտիկ էր ու փոթորկուն խառնվածք ուներ: Հիմա էլ նրա մարտական ոգու մասին շատ են խոսում հատկապես այն խաղերից առաջ, երբ «Ռեալը» պետք է սխրագործություն կատարի հաղթելու համար: Սակայն մարտիկի կողքին առկա է չարագործ ֆուտբոլիստի կերպարը:

Խուանիտոն եվրագավաթներում 6 տարվա որակազրկման է ենթարկվել: 1978-ին նա հարձակվել է մրցավարի վրա, որի արդյունքում էլ երկու տարվա «արձակուրդ» է վաստակել, ապա ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերից մեկի ժամանակ թքել է «Ռեալում» իր նախկին խաղընկերոջ՝ Ուլի Շտիլիկեի վրա: Խուանիտոյի խելագարության գագաթնակետը 1986-87 թթ. Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչում է եղել, երբ նա երկու անգամ խաղակոշիկով հարվածել է Լոթար Մաթեուսին: Դրա համար 4 տարով որակազրկել են ֆուտբոլիստին:

Խուանիտոն մահացել է 1992-ին, Տոլեդոյում ավտովթարի պատճառով: Նա «Ռեալի» խաղը դիտելու է գնացել, դեպքը պատահել է վերադարձի ճանապարհին: Այդ ժամանակ սկսնակ մարզիչը 37 տարեկան էր: Հիմա «Սանտյագո Բեռնաբեուում» 7-րդ րոպեին միշտ վանկարում են Խուանիտոյի անունը:

Կլաուդիո Ջենտիլե

Իտալացի հայտնի ֆուտբոլիստի անունը նշանակում է «նուրբ, քնքուշ, փափուկ» և ավելի շատ կհամապատասխաներ «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նրա խաղընկեր Գաետանո Շիրեային, ով կարիերայի ամբողջ ընթացքում կարմիր քարտ չի ստացել:

«Քնքուշ» Կլաուդիոն հայտնի էր որպես իր ժամանակի ամենաագրեսիվ ու կոպիտ պաշտպաններից մեկը: Խաղընկերներ Մարկո Տարդելիի և Ջուզեպե Բերգոմի հետ նա Մունդիալ 1982-ին այսպես կոչված եռյակ էր կազմել՝ «վատ-սարսափելի-ամենակեղտոտ»: Ջանտիլեն ճանաչում գտավ այն բանից հետո, երբ Մարադոնային «նրբորեն հսկեց» խմբային երկրորդ փուլի ժամանակ: Մարադոնան այդ ժամանակ ավելի շատ հարվածներ ստացավ, քան փոխանցումներ խաղընկերներից: Նրա ուժերից վեր էր հավաքականին փրկել պարտությունից, իսկ Կլաուդիոն խաղին կարճ բնութագիր տվեց.  «Ֆուտբոլը բալետ պարողների համար չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում